«Զարմացա, որ երեկ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից հայտարարեց, որ ինքը կանխատեսել էր պատերազմը, սակայն պետական ինստիտուտները այլ կանխատեսում են արել, եւ, բնականաբար, դա թուլացրել է զգոնությունը, մենք էլ պատրաստ չէինք եղածին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «2020թ․ հունվարից ասում եմ, որ աշնանը սպասվում է ռազմական գործողություն՝ ՀՀ-ի եւ Արցախի դեմ։ Գուշակ չեմ, ուղղակի կանխատեսում եմ վերլուծությունների հիման վրա։ Երեք օր էի սխալվել՝ ասելով հոկտեմբեր։ Որտեղի՞ց այս ամենը։ Ասեմ։ Բացի այն, որ Ադրբեջանը ռազմական պատրաստություն էր տեսնում, որ բանակցությունները մտել էին փակուղի, դիվանագիտական կորպուսում տարեսկզբից հետաքրքիր գործընթաց էր գնում։ ԵՄ գրեթե բոլոր երկրների ԱԳՆ-էր էին այցելում տվյալ երկրի Ադրբեջանի դեսպանատան աշխատողները՝ մեկ թղթապանակով, որում գրված էր, թե իբր ՀՀ-ն ռազմական գործողություններ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ եւ հարվածելու է գազամուղին, նավթամուղին։ Սա եղել է հունվարից եւ գրեթե ամեն ամիս։ Ես սա իմանում եմ իմ ընկերական շրջապատում։ Մի՞թե այն ավելի մեծ է, քան ՀՀ դիվանագիտական կորպուսը կամ հակահետախուզությունը»,-հարցադրում արեց Տարոն Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ հուլիսյան դեպքերից հետո նույն թղթապանակը մտնում էր ԵՄ երկրների ԱԳ նախարարություններ՝ նախազգուշացումներով, որ՝ «տեսաք, մենք ասում էինք, որ ՀՀ-ն գործողություններ է նախատեսում»։
Տարոն Սիմոնյանը հարցադրում արեց՝ ինչո՞վ էր զբաղված ԱԱԾ-ն այս ընթացքում․ «Գուցե սատանաներ փնտրելով կամ ընդդիմադիր պատգամավորների հեռախոսազանգերը լսելո՞վ, այդ թվում՝ իմը։ Դրա համար երբ զանգ է գալիս, եւ զգում եմ, որ հետեւում մարդ կա, ասում եմ՝ բարեւ ձեզ, հարգելի պարոն մայոր թոզդուման քարուքանդյան կամ քարուքանդ թոզդումանյան, նոր սկսում եմ հեռախոսազրույցը․․․փոխանակ այս պետական ռեսուրսն ուղղորդեինք պետական նպատակին, ուղղորդում էինք չգիտեմ ինչին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ