Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին քննադատում էին, որ դու եկել ես ՀԱԿ-ի մանդատով, պիտի մանդատդ դնեիր, գնայիր, դրե՞ց». Թագուհի Թովմասյանը հիշեցնում է Փաշինյանի անցյալը

Ապրիլ 15,2021 17:11

Երեկ ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Գոռ Գեւորգյանին ասաց. «Ես հարկ չեմ համարում ձեր հարցերին պատասխանել։ Դուք առհասարակ այդտեղ նստելու եւ հարց տալու իրավունք չունեիք․․․մի հատ հիշեք՝ որտեղի՞ց ու ոնց եք եկել»։

Այսօր «Իմ քայլից» դուրս եկած մեկ այլ պատգամավորի՝ Թագուհի Թովմասյանին հարցրեցինք՝ այդ հարցերի պատասխանը կարո՞ղ եք տալ՝ ով եք, որտեղից եք եկել, ում շնորհիվ եք եկել խորհրդարան: Նա պատասխանեց. «Նախ, հարցին չպատասխանելու ագրեսիան ավելի շատ ուղղված էր ավելի շատ «Իմ քայլի» պատգամավորներին, որովհետեւ ներսում կա մտավախություն, որ հնարավոր է ինչ-որ մեկն էլ է որոշել դուրս գալ խմբակցությունից եւ հիմա խնդիր կա ապացուցելու՝ այ եթե դու դուրս գաս ու նստես Գոռ Գեւորգյանի կողքին, քեզ սպասում է այս ապագան: Իսկ ինչ վերաբերում է, թե ով է Գոռ Գեւորգյանը, ես հիշում եմ, որ վարչապետը մասնակցում էր Գոռ Գեւորգյանի գրքի շնորհանդեսին, այդ գրքից նվեր ստացավ, չգիտեմ՝ հասցրե՞ց կարդալ, թե՞ ոչ, բայց Գոռ Գեւորգյանը պատմական գիտությունների դոցենտ է, ֆինանսների նախարարի նախկին օգնականը: Եթե իրենք չգիտեին ով է, ինչպե՞ս էին ներառում իրենց ցուցակ ու այդ ցուցակը ներկայացնում՝ որպես ներկայանալի»:

Թագուհի Թովմասյան

Լրագրողները հիշեցրին, որ երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ պատգամավոր ՀԱԿ-ի ցուցակով, որոշ ժամանակ անց նա եւս մեկուսացավ խմբակցությունից, բայց մնաց պատգամավոր, որեւէ մեկը նրան չասաց՝ ձեր հարցերին չենք պատասխանում, դուք ո՞վ եք, նա մոռացե՞լ է իր անցյալը՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Շատ դիպուկ նկատեցիք, այո, Նիկոլ Փաշինյանն էլ է դուրս եկել ՀԱԿ խմբակցությունից: Իրեն այն ժամանակ քննադատում էին, որ դու եկել ես ՀԱԿ-ի մանդատով, պիտի մանդատդ դնեիր, գնայիր, դրե՞ց»:

Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ ինքը, Գոռ Գեւորգյանը, Սոֆյա Հովսեփյանը այս իրավիճակին վերջ դնելու համար օրենսդրական նախաձեռնություն են մշակել՝ «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու եւ ամրագրելու, որ կառավարության անդամը պարտավոր է մոտենալ ամբիոնին եւ պատասխանել պատգամավորի բանավոր հարցերին եւ եթե չունի պատասխան, պիտի մոտենա ամբիոնին ու հիմնավորի, թե ինչու չունի պատասխան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930