«Ես հետեւում եմ ԳՇ պետի զեկույցի հետ կապված հեռակա բանավեճին եւ հարց է առաջանում՝ եթե առաջին օրը չի ասել Օնիկ Գասպարյանը, որ պետք է պատերազմը օր առաջ դադարեցվի, ապա ե՞րբ է ասել: Գուցե առաջին օրը չի ասել, երկրորդ օրն է ասել, օրվա երկրորդ կեսին է ասել, օրվա վերջում է ասել: Մենք այս հարցի պատասխանը պետք է ունենանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նրա խոսքով՝ այդքան էլ էական չի, թե Անվտանգության խորհրդի նիստում ինչ են խոսել, պետք է բանականությամբ առաջ շարժվել. «Մենք գիտեինք չէ՞, որ մենք պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլ ՆԱՏՕ-ի գերպրոֆեսիոնալ բանակի հետ, Թուրքիայի հետ: Որեւէ մեկի մտքով անցնում է, որ մենք կարող ենք ՆԱՏՕ-ի բանակին հաղթե՞լ: Մենք այդքան լավատե՞ս էինք, ինչի՞ վրա էր մեր հույսը: Նույնիսկ եթե այդ ահազանգը չէր հնչեցվել պատերազմի դադարի մասին, պետք էր այդ մասին մտածել: Մենք տեսանք, որ քառօրյա պատերազմի ժամանակ քաղաքական իշխանությունը, որին մենք բոլորս քննադատել ենք, ես համարել եմ հող հանձնող, ամեն դեպքում հասկացավ պահի լրջությունը եւ ամեն գնով կանգնեցրեց պատերազմը՝ Լելե Թեփեի կորստով: Մենք այդ ժամանակ ասում էինք՝ ինչպե՞ս կարելի էր այդ կարեւոր բարձունքը թողնել, ինչո՞ւ չենք վերադարձրել: Հիմա, երբ հետ ենք նայում իրադարձություններին, գուցե ճիշտը դա էր: Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ մենք մեր ռիսկերը չենք հաշվել: Սա ինձ համար ամենակարեւոր հարցն է»:
Դիտարկմանը, որ Փաշինյանը ԱԺ-ում պատգամավորներին հարցրել էր հողերը տալու մասին, բոլորը դեմ էին՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Մենք պետության ղեկավար ենք ընտրում, որ հետո մե՞նք ասենք, թե ինչ պիտի անի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ