Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ապրիլի 15-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Անդրադառնալով 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ ԱՀ արտգործնախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը։ Քննարկվել են հետպատերազմական ճգնաժամի հաղթահարմանն առնչվող հարցեր։
Դավիթ Բաբայանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ միաժամանակ մատնանշելով պաշտոնական Բաքվի բացահայտ անհարգալից վերաբերմունքը միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների նկատմամբ։
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման համատեքստում երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման կարևորությունը։ ԱԳ նախարարը նշել է, որ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի ենթակայության տակ, և հավելել, որ անվտանգությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման փաստը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են։
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։
ԱՀ ԱԳՆ