«Արտերկիր մեկնելիս պահանջվում է բացասական պատասխանով կորոնավիրուսի թեստ։ Արտերկրից ՀՀ վերադառնալիս հարցնում եմ՝ պե՞տք է թեստավորվել։ Ասում են, որ ոչ։ Գալիս ես ՀՀ, իջնում օդանավակայան, մի տասը բուժաշխատող միանգամից, կներեք, հարձակվում են վրադ, ինչպես նախկինում տաքսիստներն էին հարձակվում։ Տպավորություն է, որ հոգեբուժարան են տանելու»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ասաց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա պատմեց, որ վայրէջքից հետո պարտադրում են թեստավորվել, ընդ որում՝ ՀՀ-ից գնալիս թեստավորվում ես 10 000 դրամով, իսկ վերադառնալիս՝ 20 000-ով։ «Հարցնում ես, թե ինչու է այդպես, պատասխան չունեն, հիմնավորում՝ եւս։ Բայց եկողը կարող է գումար չունի։ Պարտադրում են մնալ օդանավակայանում այնքան, մինչեւ գումարը բերվի։ Թեստը հանձնելուց հետո նստում ես տաքսի, մտնում խանութ, վարակում բոլորին, իսկ հաջորդ օրը ուղարկվում է պատասխանը։ Ի՞նչ է սա, ի՞նչ ենք անում, ինչո՞ւ չենք պահանջում, որ մեր երկիր մտնող քաղաքացին թեստավորված գա»,-հարցրեց Սերգեյ Բագրատյանը։
Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ ՀՀ ժամանելիս պետք է ներկայացնել թեստավորման բացասական պատասխան․ «Սա կանոն է։ Այն երկրները, որոնք ընդունում են նույն կանոնը, պահանջում են թեստավորում։ Այո, գների հետ կապված որոշ դժգոհություններ են եղել, բայց աշխատանք է արվել, եւ այսօր օդանավակայանում հավասար գին է գործում թեստավորման համար։ Այո, սա քաղաքացիների համար խոչընդոտներ է ստեղծում, բայց այն հնարավորություն է տալիս հիվանդ քաղաքացուն չմեկնելու եւ վարակը չտարածելու, մյուս կողմից՝ մեկնելու ճամփորդության, բուժման կամ այլ հարցերով։ Քաղաքացին մինչեւ թեստի պատասխանն իմանալը պետք է մեկուսանա 24 ժամ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ