Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ մենք բոլորս մի նավում ենք, այո՛, բայց մենք ծովի ալեկոծությունը կհաղթահարենք, իսկ Դուք անգամ լողալ չգիտեք»

Ապրիլ 15,2021 15:04

Շուշիում զոհված Իլյա Հակոբյանի քրոջ` Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեծարգո բառն օգտագործել Ձեզ դիմելիս՝ ավելորդ կլինի, որովհետեւ Դուք դրան այդպես էլ արժանի չեղաք…

Ուրեմն Արցախն ապագա՞ ունի… ո՞ր Արցախի եւ ի՞նչ ապագայի մասին է խոսքը, կլուսավորե՞ք…

Արցախն առանց արցախցիների՞…  թե՝ արցախցիները թուրքերի հետ՝ առանց Արցախի…

Դուք ամեն օր քարկոծում եք նախկիններին, աշխարհի չարագույն մեղքերի մեջ մեղադրում նրանց…

երեսուն տարի նրանք թալանել են երկիրը, իսկ Դու՞ք…  Դուք ի՞նչ եք արել այս երեք տարիների ընթացքում…

Դուք երկիրը վերածել եք Սոդոմ եւ Գոմորի, սեփական ժողովրդիդ, քո Ժողովրդին, այո՛, հենց քո Ժողովրդին, բաժանել սեւերի եւ սպիտակների, արցախցիների եւ հայաստանցիների, եւ, սիրո ու հանդուրժողականության կեղծ քողի ներքո, ատելություն եւ թշնամություն սերմանել նրանց միջեւ…

Դուք խեղաթյուրեցիք մեր պատմությունն ու մշակույթը, ազգայինն օտարից տարորոշելու մեր ունակությունն ու գիտակցությունը, ոչնչացրիք արժեհամակարգը, մեզ պոկեցիք մեր արմատներից եւ ստիպեցիք հողը ճանկռոտելով հողը պինդ գրկել…

Ձեր ազգակործան քաղաքականությամբ Դուք մեզնից խլեցիք մեր Հայրենիքը, մեր Տղաներին, մեր ապրելու եւ սիրելու իրավունքը:

Հազարավոր տան ճրագներ մարեցին, այգաբացը գիշերվա խավարից մթնեց, Եռաբլուրը մեծացավ, երկիրը փոքրացավ, Տղերքը չեկան, հաղթանակի ծաղիկներն այդպես էլ ուշացան, խաղաղությունը որբացավ, մենք որբացանք…

երկիրը սեւ հագավ մեր որբությունից… երկիրը դարձավ որբի եւ ողբի Հայրենիք… Ձեր պատճառով…  Ձեր ապիկարության, ռազմական գործից անտեղյակության, Ձեր չունեցած ուժերը գերագնահատելու, Ձեզ բոլորից վերադասելու պատճառով, որովհետեւ…  որովհետեւ զինվորականի համազգեստը պետք է կրել պատվով, բարձր պատասխանատվության զգացումով, խոր գիտակցությամբ…

Ձեր թիմը Ձեզ նավապետ է կարգել, այնինչ նավի ղեկը բռնել անգամ չգիտեք…  Ասում են՝ մենք բոլորս մի նավում ենք, այո՛, բայց մենք ծովի ալեկոծությունը կհաղթահարենք, իսկ Դուք անգամ լողալ չգիտեք…

Դուք կախվել եք փրփուրներից եւ աջ ու ձախ մեղավորներ եք փնտրում, այնինչ տան ավերածության միակ մեղավորը տան գլխավորն է:

Պատերազմում մեր պարտության, հազարավոր զոհերի, կորցրած Հայրենիքի գլխավոր պատասխանատուն եւ մեղավորը Դուք եք: Սխալներն ընդունելն էլ է արժանապատվության խնդիր:

Դուք պարտվել եք…

Դուք պարտվել եք Ձեր բերած հեղափոխությանը, պարտվել եք ձեր քարոզած սիրուն եւ հանդուրժողականությանը, արցախցիներին ատելու Ձեր թուլությանը:

Դուք պարտված սիրո պարտված սիրելի վարչապետն եք…

Դուք պարտված հանդուրժողականության չհանդուրժող վարչապետն եք…

Դուք պարտված ժողովրդավարության պարտված ժողվարչապետն եք…

Դուք պարտվեցիք Տղերքին, նրանց սիրուն, նրանց բազկի զորությանը, պայքարի ոգուն…

և վերջապես՝ Դուք պարտված երկրի պարտված վարչապետն եք…  և հենց դրա համար Ձեզ հոտնկայս եւ ջերմ ծափահարեցին…

Հենց դրա համար, պարտվա՛ծ վարչապետ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930