Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանն առաջարկեց հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը հանել ոչ աշխատանքային օրերի ցանկից. խրախճանքի 10-օրյակը թանկ է նստում բյուջեի վրա

Ապրիլ 15,2021 14:16

Այսօր կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը:

Ըստ պարոն Քերոբյանի, նախագիծն ուղղված է Հայաստանի ուժեղ տնտեսության կայացմանը, եւ ներկայիս կարգավորումները Հայաստանի տնտեսությունից ջնջում են տասն օր եւ խրախճանքի տասնօրյակ է հայտարարվում: Էկոնոմիկայի նախարարը հաշվարկել ու պարզել էր, որ այս օրենքի ընդունմամբ մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով, կամ 1,5 տոկոսով. «Պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի, բիզնեսը չեն կարող թույլ տալ նման շռայլություն եւ պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխել: Ցանկացած հայ պետք է մտածի ամեն օր ավելի շատ տնտեսական արժեք ստեղծելու մասին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց խուճապի չմատնվել. «Այս թեման սկսվում է քննարկվել դեկտեմբերի երկրորդ կեսին, այս թեմայով հինգ-վեց տարի քննարկումներ լինում են, հիմա մենք առաջարկում ենք այսօրվանից այս թեման քննարկենք եւ հասկանանք, թե այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձեւավորել: Այն նուրբ եւ կարեւոր հարց է եւ ոչ միայն տնտեսական խնդիրների հետ է կապված, այլ նաեւ առողջապահական խնդիրների հետ, քանի որ պետք է ուսումնասիրել, թե մարդիկ իրականում հանգստանում են, թե ձեռք են բերում նորանոր առողջապահական խնդիրներ»:

Ըստ Վահան Քերոբյանի, միակ երկիրն ենք, որ նման երկար Նոր տարի ունենք, Բելառուսը,Վրաստանը մեկ-երկու օր են հանգստանում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը արձագանքեց, որ դեմ է այս տեսքով նախագծի ընդունմանը, քանի որ սա նաեւ Աշխատանքային օրենսգրքով հանգստի օրերի քանակը նվազեցնում է. «Այն, որ հանգստյան օրերը գերազանցում են մի շարք երկրների, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, աշխարհի գրեթե բոլոր երկրներում դրանք փոխարինում են լրացուցիչ օրերով, եթե ոչ, աշխատանքային օրը համընկնում է շաբաթ եւ կիրակի օրերին»: Սոցապնախարարի խոսքով, այդ յոթ օրվա ոչ աշխատանքային օրերից երկուսը շաբաթ-կիրակի են:

«Այնպիսի տպավորություն է, որ ոչ աշխատանքային օրերին համախառն ներքին արդյունք չենք թողարկում: Հունվարի ներքին տուրիզմը մեծ բում է ապրում, իսկ այս դեպքում գրեթե վերանալու է այն»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Վահան Քերոբյանը նշեց. «Մի կողմից ճիշտ եք, բայց մյուս կողմից բազմաթիվ ռեստորաններ, խանութներ են փակ, այնպես որ, կանգնած է: Սա այն նախագծերից է, որտեղ մենք փորձել ենք մաքսիմալ թվերով հիմնավորել եւ կարող ենք պաշտպանել: Այսօրվա Հայաստանում մեծ պրոբլեմ է այն, որ աշխատողներն օրինական արձակուրդային օրերը չեն իրացնում, եւ մենք այստեղ պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ արձակուրդային օրերը, որոնք ունեն, ամբողջությամբ հասանելի լինեն իրենց»։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կարող է այլ ծայրահեղության գալ եւ ասել, թե եկեք շաբաթը վեց աշխատանքին օր դարձնենք, որ ավելի շատ համախառն ներքին արդյունք ապահովենք. «Դուք ասացիք, որ պատրաստ եք պաշտպանել ձեր ներկայացրած թվերը, մենք էլ պատրաստ ենք պաշտպանել մեր փաստարկները, որ փաստ չէ, որ 87 միլիարդով կավելանա: Կարեւորը ուղղությունն է, քան թվաբանությունը»:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ուսումնասիրել բոլոր շերտերը եւ գալ ընդհանուր եզրակացության:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930