Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու համար ՀՀ կառավարությունը 7,5 մլրդ դրամ կհատկացնի 

Ապրիլ 15,2021 14:04

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապրիլ ամսվա համար տրամադրելու նպատակով: Ըստ այդմ առաջարկվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի պահուստաֆոնդից հատկացնել 7,548,000 հազար դրամ՝ 111 000 շահառուներին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուներին, 68,000 դրամ դրամական օգնություն ցույց տալու համար։ Հաշվարկներում հաշվի է առնվել մարտ ամսվա վճարման ցուցակներ ընդգրկված շահառուների թիվը՝ 101,442 (77420 շահառուի վճարվել է դիմումի հիման վրա, իսկ 24022 շահառուի՝ Արցախի կողմից, որպես հաշմանդամություն ունեցող կամ 63 և ավելի տարեկան կենսաթոշակառուներ)։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ որոշման համաձայն 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր Արցախի քաղաքացու տրվում է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց: Նախարարի խոսքով՝  մինչև այժմ արցախցիներին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 մլրդ դրամ: «Եւս 22 մլրդ դրամի աջակցության որոշում արդեն ունենք, որից մեկը այս հատկացումն է: Այսինքն ընդհանուր կառավարության հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ: Այս ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի արցախցիներ ստացել են այս աջակցությունը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ  այս աջակցությունից օգտվելու համար լրացուցիչ դիմելու կարիք չկա, եթե մարտին ստացել են աջակցությունը, հետագա ամիսներին ավտոմատ կփոխանցվի:

Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ քաղաքացիների մի փոքր խումբ է մնացել, որոնք աջակցության ծրագրերից դուրս են մնացել, և այդ առումով կարգավորում կարվի, որպեսզի նրանք նույնպես դառնան ծրագրի շահառու: Ի պատասխան վարչապետի հարցին, նախարարը նշել է, որ շահառուները՝ անկախ ստացած կենսաթոշակից կամ աշխատավարձից, ստանում են լրացուցիչ 68 հազար դրամ:

Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է կրճատել ոչ աշխատանքային և տոնական օրերը

Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ այդմ՝ առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը  և  7-ը սահմանել աշխատանքային օրեր: Հիմնավորման համաձայն՝ ներկայում  ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։ Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում  ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ գնահատման արդյունքներով՝ 5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում այլ հավասար պայմաններում համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով, համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է ամեն տարի այս թեմայով քննարկումներ են եղել. «Ուզում եմ արձանագրել, որ այս թեման շատ վաղուց հասունացած և քննարկվող թեմա է մի տարբերությամբ, որ ամեն անգամ այն սկսվում է քննարկվել դեկտեմբերի երկրորդ կեսին: Հիմա մենք առաջարկում ենք ոչ դեկտեմբերին, ոչ էլ նույնիսկ նոյեմբերին կամ հոկտեմբերին, այլ այսօրվանից այս թեման քննարկենք, որպեսզի հասկանանք, թե կոնկրետ այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձևավորել, որովհետև շատ նուրբ հարց է, բայց նաև՝ կարևոր»:

Վարչապետն առաջարկել է օրինագծին հավանություն տալ, սակայն շարունակել քննարկումը դրա վերաբերյալ: «Օրենքի նախագիծը պետք է շրջանառվի, ընթերցումներ անցնի Ազգային ժողովում: Մինչ այդ էլ, բնականաբար, բարձրաձայնում ենք թեման հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար, հասկանալու համար, թե ի վերջո ինչ ընկալումներ կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ օրենքի նախագիծը կարող է դեռ շատ փոփոխությունների ենթարկվել և ի վերջո կարող է չընդունվել:

Նախագծի վերաբերյալ մի շարք առարկություններ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, մասնավորապես նշելով, որ  5 ոչ աշխատանքային օրերի կրճատումը նվազեցնում է աշխատողների հանգստյան օրերի քանակը տարվա կտրվածքով։ Նախարարը առաջարկել է աշխատանքային դարձնել միայն հունվարի 4,5,7-ը։

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Եկեք չհավակնենք, որ այսօր բոլոր հարցերի պատասխանները տալու ենք: Պայմանավորվենք, որ հանգիստ, հանդարտ պայմաններում հարցը մտցնում ենք օրակարգ և բոլոր փաստերը, փաստարկները ստուգում ենք, վերստուգում ենք, բոլոր հաշվարկները անում ենք, բոլոր կարծիքները լսում ենք, և ըստ այդմ կայացնում ենք մի որոշում, որը պիտի մեր նպատակադրումներին առավելագույնս ծառայի»:

Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն

Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով առաջարկվում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն: Ըստ այդմ՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև նախարարությանը ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիր։ Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։

ՀՀ մարզերում կձևավորվեն երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային նորարարական կենտրոններ

Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, նախորդ տարի վեց կենտրոններ մասնակցել են դրամաշնորհային մրցույթի և շահել են դրամաշնորհներ նշված ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար: «Հայտնի պատճառներով այդ ծրագրերը չեն իրականացվել՝ COVID-ի, այնուհետև՝ պատերազմի: Ծրագրերի բովանդակությունը հետևյալն է՝ 6 կենտրոններ դիմել են, որոնցից մեկը LOFT-ն է: Հիմա առաջարկվում է հետևյալը՝ Վանաձորում Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրվում է LOFT կենտրոնին, իսկ մնացած մարզային հինգ կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրերը, որոնք շահել են նախորդ տարի: Ընդհանուր գումարը մոտ 110 մլն դրամ է կազմում»,-ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ հանրապետության մարզերում կամ մարզերի մեծամասնությունում չկան երիտասարդների համար այդպիսի կենտրոններ: «Հատկապես մարզերում պետք է ստեղծել նման կենտրոններ: Առանց կառավարության միջամտության, օրինակ՝ Երևանում, նաև Գյումրիում, այդպիսի կենտրոններ ձևավորվել են ժամանակի ընթացքում: Դա երկար է տևել: Եվ մենք որոշեցինք խթանել այդպիսի կենտրոնների ձևավորմանը նաև մարզերում:  

Ընդ որում, պետք է արձանագրել, որ, այսպես ասած, երիտասարդական կենտրոնների ավանդական մոդելը, որի մասին մենք պատկերացում ունենք, այս նպատակին չի ծառայում: Որոշ մարզային քաղաքներում կան անհատներ, որոնք իրենք նախաձեռնել են նման միջավայրերի ձևավորումը, և շատ հաջող փորձ ունենք: Արդյունքում մենք որոշեցինք դրամաշնորհային ծրագիր իրականացնել, այսինքն՝ առաջարկ անել, ովքեր ունեն նման նախաձեռնություն, նման մտահղացում, ներկայացնեն ձևավորված մրցութային հանձնաժողով: Եվ մարդիկ ներկայացրեցին իրենց առաջարկները, որի արդյունքում ունենք շահողներ: Վերջիններիս մենք ուղղակի աջակցում ենք, որպեսզի այդ կենտրոնները ստեղծեն: Այս կենտրոններն իրենցից ներկայացնելու են երիտասարդների միջավայր: Օրինակ՝ Երևանում հենց նույն LOFT-ը այնպիսի կենտրոն է, որ դժվար է ժամանակակից տերմինաբանությամբ ձևակերպել, թե ինչ է՝ սրճարան է, ակումբ է, գրադարան է: Այսինքն՝ մի միջավայր, որտեղ, այնուամենայնիվ, կարևորը բովանդակությունն է, շփումն է, քննարկումներն են և այսպես շարունակ: Եվ մենք նախորդ տարի մրցույթը հայտարարել էինք, շահողները կային, ուղղակի պատերազմի բերումով արդեն բուն ֆինանսական հատկացումները հետաձգվեցին: Մենք հիմա որոշեցինք վերադառնալ այս ծրագրին: Ըստ այդմ, հիմա գումարները կհատկացվեն և նախագծերը կիրականացվեն»,– ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ծրագիրը լավ արդյունքներ կունենա. «Պետք է իրականացման ընթացքին հետևել անպայման, որպեսզի հիմքում դրված բովանդակությունը ճշգրիտ իրականացվի: Եվ ես հույս ունեմ, որ սրա արդյունքում, այսպես ասած, երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի: Մենք այս ծրագիրը կփորձենք շարունակել՝ նաև հնարավորինս լայն տարածում տալու համար, որովհետև սա, առաջին հերթին, զարգացման ծրագիր է»:

Վարչապետը նշել է նաև, որ պետք է  շարունակել ընդունել առաջարկներ մարզերից, մարզային կենտրոններից, քաղաքներից այսպիսի նախագծեր իրականացնելու համար. «Այս պահին չստանձնենք որևէ ֆինանսական պարտավորություն, բայց ամեն դեպքում բովանդակային առաջարկներ շարունակենք ընդունել, և եթե լինեն հետաքրքիր ծրագրեր, կարծում եմ, մենք կգտնենք ձևն այդ ծրագրերի իրագործմանն աջակցելու»:

Իրանում կստեղծվի ՀՀ առևտրական կցորդի հաստիք. քննարկումներ են ընթանում առևտրական ներկայացուցիչների և կցորդների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ

Կառավարությունն ընդունել է «Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին» որոշում: Իրանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել ՀՀ տնտեսական շահերն առևտրին և տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր ոլորտներում, դյուրացնել հայկական և իրանական տնտեսավարող սուբյեկտների կողմից առևտրատնտեսական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը, ինչպես նաև օժանդակել երկու երկրների միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը: Առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կտա նաև առավել օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ Իրանի տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ նմանատիպ տեղեկություններ հաղորդել ԻԻՀ շահագրգիռ մարմիններին: Առևտրական կցորդի հիմնական պարտականություններից է նաև տեղում կազմակերպվող գործարար համաժողովներին մասնակցությունը և Հայաստանի գործարար միջավայրի ներկայացումը, Հայաստանում ներդրումային գործունեությամբ հետաքրքրվող ԻԻՀ ձեռնարկատերերին և ընկերություններին համապատասխան տեղեկատվության տրամադրումը և այլն: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀՀ-ի առևտրաշրջանառությունն ԻԻՀ-ի հետ 2020 թվականին կազմել է 400,2 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է 84,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 315,4 մլն ԱՄՆ դոլար։ Ներկայումս երկուստեք քննարկվում է Հայաստանում համատեղ ընկերություններ կամ իրանական ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու հետ կապված հարցերը։ Այդ գործընթացներում կարևորվում է նաև տրանսպորտային խոչընդոտների վերացումը և ֆինանսական փոխանցումների դյուրացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը։ Ըստ հիմնավորման՝քննարկումներ են ընթանում առևտրական ներկայացուցիչների և կցորդների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։

Վիրավորում ստացած զինծառայողները փոխհատուցում կստանան նաև ծննդյան վկայականի տվյալներով. երկարացվել է նաև միջոցառումից օգտվելու համար սահմանված ժամկետը

Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ  է կատարել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման և  աջակցության տրամադրման կարգում: Որոշման ընդունումը պայմանավորված է բազմաթիվ դիմումներով (նաև առաջարկությունների և բողոքների) բարձրացված հարցերին լուծումներ տալու անհրաժեշտությամբ: Միջոցառման գործող կարգով տրամադրվող սոցիալական աջակցությունից օգտվելու համար դիմող զինծառայողը պետք է ներկայացնի անձնագիրը կամ նույնականացման քարտը, ինչը խնդիրներ է առաջացնում շահառու հանդիսացող այն զինծառայողների համար, ովքեր չունեն անձնագիր կամ նույնականացման քարտ: Խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձնագիր կամ նույնականացման քարտ չունեցող զինծառայողներին հնարավորություն տալ աջակցություն ստանալու համար դիմել՝ ներկայացնելով ծննդյան վկայականի տվյալները: Առաջարկվում է նաև միջոցառումից օգտվելու համար սահմանված ժամկետը երկարացնել 1 ամսով՝ ապրիլի 15-ի փոխարեն սահմանելով մայիսի 15-ը, ինչով էլ պայմանավորված  նշանակված և մահվան պատճառով չվճարված գումարի համար դիմելու ժամկետը մայիսի 15-ի փոխարեն առաջարկվել է սահմանել հունիսի 15-ը:

Հաստատվել են մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 2021/2022 ուստարում կիրականացվի ընդունելություն նաև նոր մի շարք կրթական ծրագրերով

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Բուհերի մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում կիրականացվի ընդունելություն նոր՝ «Գեոմատիկա» և «Ագրարային ճարտարագիտություն»  մասնագիտություններով, «Ճշգրիտ գյուղատնտեսություն»,  «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն» և այլն կրթական ծրագրերով: 2021-2022 ուստարվա  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն` ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է՝ ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:      Ընդհանուր առմամբ 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով  ընդունելությանը կհատկացվի 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Ըստ բուհերի ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել համապատասխան մասնագիտությունների գծով աշխատաշուկայում առկա պահանջարկը:

Ապրիլի 24-ին կիրականացվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ

Գործադիրն ընդունել է որոշում՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների հավուր պատշաճ իրականացնելու համար: Ապրիլի 24-ին կիրականացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք և կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Մասնավորապես՝ ապրիլի 23-ին՝ ժամը 22:30-ին՝ ջահերով երթի ավարտից հետո, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի հրավիրյալ մենակատարների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հնչելու է Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը Գերմանիայից հրավիրված դիրիժոր Ալ. Իռադյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Հիշատակի միջոցառումները կամփոփվեն ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ՝ Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի կատարմամբ:

 Միջազգային համագործակցություն

 Հավանություն է տրվել 2018 թ. մայիսի 28-ին Երևան քաղաքում ստորագրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Զարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի վավերացումը էական նշանակություն կունենա հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնման ու զարգացման համար, այն թույլ կտա ընդլայնելու Ֆրանսիայի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակն ու Հայաստանում ներդրումային ծրագրերում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ավելի ակտիվ մասնակցությունը։

Գործադիրի հավանությանն է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության» համաձայնագրի թիվ տասնհինգ փոփոխության ստորագրման առաջարկությունը: ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 15 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 8,200,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման աջակցության ծրագրերին։ Նախատեսվում է նաև երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։ Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 91,800,980.41 ԱՄՆ դոլար:

Այլ որոշումներ. նախադպրոցական ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

Գործադիրը հաստատել է ՀՀ նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառականության ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կկազմակերպվի 2 փուլով։ Ըստ փուլերի մարզային ընդգրկվածությունը կազմվել է հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը: Համակարգի ներդրմանը նախորդելու է նախապատրաստական փուլ, որն իրականացվելու է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից: Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների, 2018թ.-ին, ընդհանուր առմամբ, մինչև 6 տարեկան 10 երեխայից գրեթե 7-ը (68.5 տոկոս) չի հաճախել նախադպրոցական հաստատություն: Նախադպրոցական հաստատություն չհաճախող երեխաների մեջ մեծ թիվ են կազմում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաները։ Գործող հաստատությունների ճնշող մեծամասնությունը ներառական չէ։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում փոփոխություն իրականացնելու  և ցանկը համալրելու նպատակով: Ըստ այդմ` առաջարկվում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու նպատակով հայտ պատրաստել «Գյումրիի դարբնության ավանդույթը» թեմայով:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930