Ապրիլի 15-ին կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:
Օրակարգում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր:
ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հիմնավորումները:
Նախարարի տեղակալը նշել է, որ, հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն Արցախում և Արցախի Հանրապետության զինված ուժերի անձնակազմը համալրելու անհրաժեշտությունը, նախագծով առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը նախատեսող 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, նույն հոդվածի 4-րդ մասում և պահեստազորի խմբերը և պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը նախատեսող 57-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում կատարել փոփոխություններ:
Կարդացեք նաև
Կամո Քոչարյանն ընդգծել է, որ նախագծի փոփոխություններն ու լրացումները քննարկվել և համաձայնեցվել են համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ:
Հաջորդիվ 3 կողմ ձայների դրական եզրակացությամբ հանձնաժողովը նախագիծը ներկայացրել է ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը:
Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և պատգամավորներ:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին