«Ինձ համար ոչ միայն հասկանալի չէ, այլ մերժելի է այն ամենը, ինչն անում է այս քաղաքական թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնարկ տվեց նախընտրական քարոզարշավին: Ինքը փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել բոլոր այն հարցերը, որոնք բնականաբար քարոզարշավի ժամանակ տալու էին իրեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացումից հետո Փաշինյանը պատասխանեց պատգամավորների հարցերին պատերազմի որոշ դրվագների, պարտության պատճառների հետ կապված:
Ըստ տիկին Զոհրաբյանի, իրեն հարցնելու էին՝ եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը ասել էր, որ մեր ռեսուրսները բավարար չեն, մենք ունենալու ենք բանակցային շատ ավելի վատ իրավիճակ, պատերազմը պետք է կանգնեցնել, ինչո՞ւ չեք կանգնեցրել: Իրեն թվաց, թե կանխեց բոլոր այդ հարցերը, այն հարցերը, որոնք ուղղակիորեն խնդրահարույց են լինելու քարոզարշավի ժամանակ: Ինքը իր այդ հայտարարություններով իրեն դրեց փակուղու մեջ»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը նկատի ուներ այն, որ «Ազատություն» ռ/կ-ի դեկտեմբերի 16-ի եթերում լրագրողի հարցին 3-4 անգամ, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը ձեզ զեկուցել է, Փաշինյանը չի հերքում, նույնիսկ հաստատում է, որ նման բան եղել է. «Ասում է՝ այո, բայց այդ հայտարարությունից հետո եղավ այսպես… դե գիտեք, եղել են այլ զարգացումներ: Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ինչ ձայնագրություն էր հրապարակվի, լինելու է մոնտաժված»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Պարոն Փաշինյան, եթե Օնիկ Գասպարյանը ստել է եւ ԱԽ նիստում նման հայտարարություն չի արել, ապա ավելի վաղ, երբ հայտարարեց, որ պատերազմի 4-րդ օրը ես ասել եմ, ինչո՞ւ լռեցիք ու ինչո՞ւ այն ժամանակ Օնիկ Գասպարյանը չենթարկվեց պատասխանատվության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ