Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոմանդոսի անքննելի կամքը հայրական «ապտակ էր»»

Ապրիլ 15,2021 13:43

Որքան կորուստը ցավ տվեց, այնքան էլ մխիթարության լույս վառեց զոհված Զինվորի մոր հոգում: Լեգենդար հրամանատարի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան բոթը, զավեշտալի է հնչում, բայց մխիթարող էր որդեկորույս մոր համար. «Կոմանդոսը շտապեց Եռաբլուր, բալիս տիրություն կանի, մենակ չի թողնի…»:

Մի լույս էլ մարեց, մի փարոս էլ խավարեց. ամենահարուստ զորականը՝ համաժողովրդական սեր ու հարգանք վայելող Կոմանդոսը, բռնեց հավերժի ճամփան: Չառարկեցինք Երկնավորի որոշումը, լուռ հառաչեցինք՝ կորստի ցավին չդիմացավ…:

Մենք դիմանում ենք, բայց վա՜յ են դիմանալուն: Որքան դիմացանք, այդքան էլ բթացանք ու կուրացանք. չսովորեցինք պատմության դասերը, անկարող եղանք հերոսներին կենդանության օրոք արժանին մատուցել:

Կոմանդոս- մարդ տեսակի մեծության մեջ այնքա՜ն համեստություն կար, որ բառերն անկարող են նկարագրել: Ցավալի է, բայց ավելի քան քառորդ դար էր պետք, նրա մեծությունը նկատելու, նրան Ազգային հերոսի կոչում շնորհելու առաջարկ անելու համար:
Համազգային սեր ու հարգանք վայելող զորականը, սևով սպիտակի վրա ամրագրված և շա՜տ ուշացած, այդ կոչման կարիքը բնավ չուներ, որը սկսել են վերջերս անհարկի շռայլել:

Ոչ ոք չէր կասկածում, որ նրա վերջին հանգրվանը Եռաբլուրն էր լինելու: Բայց եղավ այն, ինչ եղավ: Նրա կամքն անքննելի էր:
Վստահ եմ, շատերը զարմացան, ոմանք ընդդիմացան՝ «ինչո՞ւ չհուղարկավորել Եռաբլուրում»:

Սա իրավ հայրական «ապտակ էր», պետք էր միայն հասկանալ և ուրիշ ոչինչ: Եռաբլուրում ընկերները, որդիներն ու թոռները հարցախեղդ էին անելու լեգենդար Կոմանդոսին՝ «Հրամանատա՛ր, ո՞ւր էիր, ինչո՞ւ թողեցիր՝ Շուշին հանձնեն»:

Գիտակցել է պետք, թե ի՜նչ ցավով պիտի նայեր Մոնթեին, Դուշման Վարդանին, Ալբերտ Հովհաննիսյանին, Եռաբլուրի հերոսներին ու ասեր՝ «Շուշին Կարսի պես ընկավ. ներսից բացվեցին դարպասները…»:

Եռաբլուրում անպարտ քաջերի բանակը խտանում է օր-օրի… Հայոց եռագույնը չի խոնարհվում՝ ծածանվում է անսասան, սթափվել է պետք՝ վաղ թե ուշ հնչելու է մարտակոչը հաղթության:

Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930