Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ՝ նախարարություն կունենանք՝ ներքին գործերի. այն կազմավորելու համար կպահանջվի 25 միլիոն դրամ

Ապրիլ 15,2021 13:16

ՀՀ կառավարությունը կունենա եւս մեկ նախարարություն՝ ներքին գործերի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված 62-րդ հարցից, որը սակայն չզեկուցվող է: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախարարության կազմավորումը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատված Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրից։

Հիմնավորման մեջ նշված է, որ փաստացիորեն մասնագիտական ծառայությունը ծանրաբեռնված է ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթներով՝ անձնագրերի եւ վիզաների տրամադրում, ավտոտրանսպորտային միջոցների հաշվառում, վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունել եւ վարորդական վկայական տալ եւ այլն. «Մյուս կողմից, նախարարության կառուցվածքը պահպանած մասնագիտական ծառայությունը տեխնիկապես եւ ինստիտուցիոնալ առումով օբյեկտիվորեն չէր կարող ապահովել իր առջեւ դրված խնդիրների լուծման փիլիսոփայության փոփոխումը, ուստի եւ չէր կարող բավարարել հանրության կողմից նախարարության եւ ծառայության սիմբիոզից ակնկալվող խառը սպասումները։ Այլ կերպ ասած՝ ոստիկանության ծառայության համար առկա է ներքին եւ արտաքին սպասումների եւ ընկալումների անհամապատասխանություն»։

Ռուստամ Բադասյան

Նախագծի հեղինակը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է: Հիմնավորման մեջ նախարարը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող եւ չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական եւ անվերահսկելի մի բեւեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ:

Ինչպես տեղեկանում ենք նախագծից, ներքին գործերի նախարարության կազմավորման միջոցառումը բյուջեին կարժենա 25 միլիոն դրամ: Սակայն, ըստ նախագծի հեղինակների, պետական բյուջեից կպահանջվեն նաեւ լրացուցիչ միջոցներ, մասնավորապես՝ աշխատավարձերի ու վարձատրությունների վճարման համար:

Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝ Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Ոստիկանության զորքերը։ Նախարարության ենթակայությանն են հանձնվելու նաև ուսումնական կենտրոնը եւ այլ հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930