Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական ապրանքների ներմուծման արգելքն ամենայն հավանականությամբ կերկարաձգվի»․ փոխվարչապետ

Ապրիլ 15,2021 12:20

ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ թուրքական ապրանքների՝ ՀՀ ներմուծման արգելքն առաջիկայում էլ կպահպանվի, ինչը հայկական արտադրողներին հնարավորություն է տալիս նոր ներքին եւ արտաքին շուկաներ մտնել։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հետեւյալ խնդիրը բարձրաձայնեց․ «Ասացիք, որ արգելքը կշարունակվի։ Տնտեսվարողներից մի քանիսն ասում են, որ արգելքի շնորհիվ այլ երկրներ՝ Չինաստանը, Ռուսաստանը, որոնցից իրենք ապրանք են ներմուծում, թանկացրել են ծախսերը, եւ իրենք խնդիրներ ունեն, որոնք ազդում են ապրանքի գնի վրա։ Դիտարկե՞լ եք, որ արգելքն ազդում է ներմուծող տնտեսվարողների վրա»։

Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ հումքի վրա արգելքը փորձել են չտարածել, որպեսզի արտադրողները խնդիր չունենան․ «Ձեր մատնանշած խնդիրը հնարավոր է առաջանա առեւտրով զբաղվող տնտեսվարողների մոտ։ Այսինքն՝ վերջնական սպառման ապրանք վաճառողների մոտ։ Ընդ որում, խնդիրն առաջանում է ոչ թե ապրանքի համաշխարհային գներից, այլ խնդիրը լոգիստիկ ծախսերն են։ Բայց դրանք էլ այնքան խնդիր չեն, որքան տեւողությունը։ Երբ նույն ապրանքը բերվում է Չինաստանից, բերման տեւողությունը դանդաղ է, վարկի տոկոսն է ավելանում։ Դա է խնդիրը։ Կարծում եմ՝ շուկան արագ կհարմարվի դրան։ Եթե ոչ, ապա վստահ եմ, որ հարցը լուծելի է։ Այլ է հարցը՝ ուզո՞ւմ ենք սպառումը խթանել։ Իսկ գուցե լա՞վ է, որ գները թանկանում են այն ապրանքների, որոնց վրա արգելքը տարածվում է։ Ի վերջ, սննդի կամ առաջին անհրաժեշտության ապրանքների մասին չէ խոսքը։ Մի քիչ էլ հետեւենք իրավիճակին։ Եթե զանգվածային թանկացումներ լինեն, լուծում էլ կլինի, որը պարտադիր չէ լինի արգելքը վերացնելու տեսքով»։

Ալեն Սիմոնյանը նաեւ հետաքրքրվեց՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը հաստատ երկարաձգվելո՞ւ է։ Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Այս պահին տրամադրվածությունը երկարաձգելն է։ Ամենայն հավանականությամբ այդպես կլինի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930