Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը, եթե Հայաստանը համաձայնի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:
Լուկաշենկոյի խոսքով՝ երբ ինքը լքի նախագահի պաշտոնը՝ «շատ լավ բան կարող է պատմել» այն մասին, թե ինչ է Ալիևն առաջարկել Երևանին հակամարտության լուծման համար: «Առաջարկներից մեկն այն է, երբ նա ինձ ասաց. «Լսի՛ր, հայերին փոխանցիր (դու նրանց հետ լավ հարաբերություններ ունես), որ ես պատրաստ եմ ոչ միայն վերականգնել Ղարաբաղը, այլև վեր բարձրացնել Հայաստանը… Նրանց փոխանցի՛ր, որ այս հարցը կարգավորեն խաղաղ»,- ասել է Լուկաշենկոն՝ մեջբերելով Ալիևի խոսքը:
Լուկաշենկոն, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այդ խոսակցությունը, բայց նշել է, որ զրույցը տեղի է ունեցել նախքան Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը: «Եղել է նման բան: Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, նախքան Փաշինյանը, հրաժարվել է դրանից»,- ասել է նա:
Լուկաշենկոն նաև նշել է, որ այդ իրադարձություների մասին հրապարակային խոսում է առաջին անգամ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ