Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման. «Փաստինֆո»

Ապրիլ 15,2021 11:40

ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն են ստացել՝ քրեական գործի հարուցման մասին։

Նշենք, որ թեև դատավորի դեմ քրեական գործ հարուցելու համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է հաղթահարել նրա գործառութային անձեռնմխելիությունը՝ ստանալով ԲԴԽ թույլտվությունը, հակառակ դեպքում՝ դատավորի դեմ իրականացվող քրեական հետապնդումը համարվում է ապօրինի, այս պարագայում Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։

Գրիգոր Բեքմեզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատախազությունը գտել է, որ գործառութային անձեռնմխելիության խնդիր չկա, ուստի՝ ԲԴԽ-ի համաձայնությունը պետք չէ։ Բեքմեզյանը նշեց, որ գործի նյութերին դեռևս ծանոթ չէ, ուստի՝ այլ մեկնաբանություն տալ չի կարող։

Հարցին՝ արդյո՞ք խնդրահարույց չի համարում, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման, Բեքմեզյանը պատասխանեց, որ ոչինչ չի կարող ասել։ Նյութերին ծանոթանալուց հետո միայն կարող է բարձրաձայնել՝ խնդրահարույց է, թե ոչ։

«Քանի որ այս պահին ես չգիտեմ, թե ինչի հիման վրա է հարուցվել քրեական գործը, մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող որևէ բան ասել»,- նշեց Բեքմեզյանը։

Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո գործընթացներին և նրա լիազորությունների ժամանակավորապես կասեցմանը, Բեքմեզյանը նշեց, որ, եթե քրեական գործ է հարուցվում, լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են և ԲԴԽ տարիքով ավագ անդամը ժամանակավորապես կկատարի ԲԴԽ նախագահի պարտականությունները՝ մինչև քրեական գործի հարցը վերջնական լուծվի։ Այսինքն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Գագիկ Ջհանգիրյանը։

Դիտարկմանը, որ արդյո՞ք այս քրեական գործի հարուցումը և ստեղծված իրավիճակը կարող է պայմանավորված լինել նաև ի սկզբանե Գագիկ Ջհանգիրյանին՝ ԲԴԽ գործուղելու, վեթինգ իրականացնելու, դատարանների և ԲԴԽ-ի նկատմամբ ճնշումներ գործադրելու, հակակշիռներ ստեղծելու մասին շրջանառվող լուրերին, հատկապես վերջին շրջանում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի և դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքի պարագայում, Բեքմեզյանն կրկին արձագանքեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի դեռ չի ծանոթացել գործի նյութերին,հետևաբար նաև՝ հարուցման հիմքերին։

Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք չի կարծում, որ սա կարող է ճնշում լինել անձամբ պարոն Վարդազարյանի և հետագայում նաև ԲԴԽ-ի նկատմամբ, Բեքմեզյանը հույս հայտնեց, որ նման բան չի կարող լինել։

Հարուցված քրեական գործի վերաբերյալ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, սակայն նա չցանկացավ խոսել այդ թեմայով։

Հիշեցնենք, որ իշխանական շրջանակները ԲԴԽ նախագահի նկատմամբ ճնշումների նոր ալիք են սկսել՝ դժգոհելով դատարանների՝ երբեմն ոչ իշխանահաճո դատական ակտեր կայացնելու դեմ։

Դեռևս մարտ ամսին ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, որի ընթացքում թեկնածուներին ներկայացնում էր ԲԴԽ նախագահը եւ պատգամավորները պետք է իրենց հարցերը պետք է ուղղեին՝ կապված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ, սակայն հարցերը հիմնականում քաղաքական բնույթի էին և վերաբերում էին ԲԴԽ նախագահի ավելի վաղ արված հայտարարությանը։

ԲԴԽ նախագահից հաշվետվություն պահանջելու իմքայլական պատգամավորների վարքագիծը մասնագիտական հանրության շրջանում դիտարկվեց որպես ուղիղ ճնշման փորձ՝ Վարդազարյանի նկատմամբ, իսկ մարտի 4-ին հայտնի դարձավ, որ Վարդազարյանի կինը հրավիրվել է ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով հարցաքննության։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Փաստինֆո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930