«Համանախագահները շեշտում են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում`Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ` իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական առաքելությունները: Այս առումով, համանախագահները կողմերին հիշեցնում են իրենց երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց ունեցած մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան», – ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Պոպովի, ֆրանսիացի Վիսկոնտիի և ամերիկացի Շեֆերի տարածած հայտարարության մեջ, որ հրապարակվեց ապրիլի 13-ի ուշ երեկոյան:
Հայտարարության վերջին պարբերությունը բավականին խոսուն է և աննախադեպ: Ոչ դիվանագիտական լեզվով եթե մեկնաբանենք պարբերությունը, ապա ստացվում է, որ համանախագահները կոչ են անում բացել իրենց ճանապարհները և չխոչընդոտել ռեգիոնալ տեղաշարժը:
Ո՞վ, ո՞ր կողմն է արգելք սահմանում Մինսկի խմբի համանախագահների մուտքի և շարժի համար:
Ինչո՞ւ նրանք կոնկրետ չեն մատնացույց անում այն կողմին, որը սպառնում է առաջացնել ռեգիոնալ շարժի խնդիրներ, արգելափակել մուտքերը և այլն: Մյուս կողմից, Բաքուն ինչո՞վ պետք է արգելափակի, օրինակ, համանախագահների մուտքը Արցախ, եթե այն տեղի է ունենալու Հայաստանից՝ Լաչինի միջանցքով, որը վերահսկում են համանախագահ երկրներից մեկի՝ ՌԴ խաղաղապահները: Թե՞ Ռուսաստանն է, ըստ էության, հղում անում Բաքվին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային հայտնելով, որ չի կարող ապահովել համանախագահների անցումը Արցախ, որովհետև հետո կարժանանա Բաքվի դժգոհությանը, և կլինի լարվածություն: Այդ դեպքում, սակայն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետք է իրենց հերթին վերցնեն պատասխանատվություն և գործեն ավելի կոնկրետ՝ Բաքվից եկող խոչընդոտները չեզոքացնելու համար: Այլապես, մի քանի տարի անհասցե հայտարարությունները բերեցին նրան, որ Ադրբեջանը, զգաստանալու փոխարեն, առավել լկտիացավ: Մինչդեռ, տեղի ունեցած պատերազմից դաս պետք է քաղեն նաև համանախագահները, եթե, իհարկե, նրանք չունեն ցանկություն շարունակել այն հերթապահ գործունեությունը, որի մասին օրերս հոդվածով խոսել էր ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ նշելով, որ համանախագահների աշխատանքը ընդամենը ճանապարհորդական հարմարավետություն էր, գործնականում ոչ մի այլ բան:
Կարդացեք նաև
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: