«Վիրավորված քաղաքացիների աջակցության ծրագրերում խնդիր կա։ Անձը վիրավորվել է, երկու օր ստացիոնար բուժվել է։ Հայրենասիրությունից դրդված՝ չի շարունակել բուժումը եւ նորից մեկնել է ռազմաճակատ։ Սակայն ինչ-որ չափանիշ է սահմանված՝ երեք օր եւ ավելի ստացիոնար բուժում ստացածներն օգտվում են կառավարության աջակցության ծրագրից, իսկ այն քաղաքացիները, որոնք չեն սպասել բուժումն ավարտելուն եւ մեկնել են առաջնագիծ, դուրս են մնացել այդ ծրագրերից»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2020թ․-ի կատարման տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։ «Եթե այսպես պետք է շարունակվի, խնդրում եմ այլ տարբերակներ մտածել, որպեսզի այս քաղաքացիները եւս օգտվեն 500 հազար դրամի աջակցության ծրագրերից»,-ասաց նա։
Մհեր Գրիգորյանն ի պատասխան նշեց․ «Ցանկացած նման դեպք, որում, ձեր գնահատմամբ, արդարության սկզբունքը չի պահպանվել, փոխանցեք մեզ տեղեկատվությունը, որպեսզի անհատական լուծում տանք։ Շահառուների նույնականացման կանոնների հետ կապված բարդ հարցեր կան։ Որոշ դեպքերում բաղադրիչների գնահատականը պետք է տրվի առանձին։ Պատկերացրեք՝ եթե ձեր կարծիքը չլիներ այդ դեպքի մասին, եւ մենք ստացիոնար բուժման պահանջ չդնեինք։ Շահառուների անկառավարելի շրջանակ կլիներ այդ դեպքում, եւ մենք ի վիճակի չէինք լինի աջակցության ծրագիր իրականացնել։ Վնասվածք ունեցող ցանկացած անձ այդ դեպքում կհանդիսանար շահառու։ Խնդրում եմ ամեն նման դեպք մեր հետ դարձնել քննարկման առարկա, որպեսզի անհատապես լուծում տանք»։
Սրբուհի Գրիգորյանը կոչ արեց առաջնորդվել ոչ թե ստացիոնար բուժման օրերի թվով, այլ վնասվածքի աստիճանով, բժշկի եզրակացությամբ։
Կարդացեք նաև
Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ բոլոր առաջարկները քննարկելի են, սակայն զգույշ է պետք մոտենալ՝ արդարության սկզբունքը պահպանելու համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ