Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք սուբյեկտ չենք

Ապրիլ 15,2021 10:00
chanaprh

Ադրբեջանի նախագահի վերջին ելույթներից Հայաստանում, բնականաբար, առանձնացվում են նախեւառաջ այն մասերը, որոնք առնչվում են մեզ՝ հայերիս: Բայց որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաեւ նրա դժգոհությունը Ռուսաստանից. Ալիեւը Կրեմլից բավականին խիստ տոնով բացատրություններ է պահանջում, թե որտեղից է հայերի մոտ հայտնվել ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրը: Այսինքն՝ որոշ աստիճանով, որոշ չափով, չանցնելով, բնականաբար, որոշակի կարմիր գծեր, Ալիեւը քաղաքական ռեսուրս ունի Ռուսաստանին հակադրվելու: Գումարած դրան, ենթադրում եմ, որ այս կեցվածքը դուր է գալիս Արեւմուտքին եւ Թուրքիային:

Հիմնական պատճառը պարզ է: Ինչպես Միջին Արեւելքում, այնպես էլ Հարավային Կովկասում երկու «տարածաշրջանային» տերությունները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, ոչ միայն համագործակցում են, այլեւ մրցում են իրար հետ: Այդ խաղում Ադրբեջանը մանեւրելու բավականին լայն հնարավորություն ունի, որովհետեւ այդ երկիրը երկուսի համար էլ թեեւ ոչ վճռորոշ, բայց կարեւոր գործոններից մեկն է: Ալիեւը, օրինակ, կարող է հեշտությամբ մերժել Պուտինի խնդրանքը՝ հայ գերիներին ազատելու մասին:

Հարց է առաջանում՝ իսկ այս բոլոր հարաբերություններում որտե՞ղ ենք մենք: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը՝ որպես սուբյեկտ, այս հարցերում ընդհանրապես գոյություն չունի: Եթե Ադրբեջանը կամ Թուրքիան Հայաստանի ինչ-որ քայլից դժգոհ են, ապա այդ երկրների ղեկավարները հարկ չեն համարում դիմել մեզ թեկուզ քննադատության, կշտամբանքի խոսքերով: Նրանք դիմում են Ռուսաստանին, որը «Հայաստան» կոչվող տարածքի հովանավորն է: Եթե մենք ենք Ադրբեջանից ինչ-որ բան ուզում, ապա դարձյալ դիմում ենք ռուսներին, որ նրանք մեզ օգնեն: Երկու դեպքում էլ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ռուսաստանը մեզ ինքնուրույն գործոն չեն համարում: Պատճառը մեր կառավարության անճարակությունն է, կրավորականությունը, հետագա քայլերի մասին որեւէ պատկերացման բացակայությունը: Ներսում՝ ձեռնասուն ԱԺ-ի ամբիոնից կարելի է սրա-նրա հասցեին հոխորտալ, միացնել «նախկինների» մասին մաշված ձայնապնակը եւ արժանանալ բուռն, հոտնկայս ծափահարությունների: (Թող փորձեն «հաղթանակած վարչապետի» խրոխտ ճառերին չծափահարեն՝ հաջորդ ընտրությունների ցուցակներում Փաշինյանը նրանց չի ընդգրկի):

Բայց այդ գավառական թատրոնը որեւէ ձեւով չի ազդում մեր արտաքին հարաբերությունների վրա: Հայաստանը, ինչպես մեկ դար առաջ, պետք է Ռուսաստանին՝ միայն Թուրքիայի հետ առեւտուր անելու համար, իսկ երկու թշնամի պետությունների մշտական նպատակն է, որ այս տարածքում չապրենք: Մնացածի համար մենք բացարձակապես հետաքրքիր չենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Իրատես says:

    Հայաստանը Ռուսաստանին պետք է նախ և առաջ որպես պանթյուրքիզմի ճանապարհին խոչնդոտ։ Ձեռքի հետ էլ Հայաստանը պետք է Խորհդային կայսրությունը վերականգնելու իրենց ձգտումների տեսանկյունից։ Իսկ այ Արցախը պետք է միայն Ադրբեջանը կայսրություն վերադաձնելու տեսանկյունից։ Ուրիշ հարց, որ շատերը Ռուսաստանը ընկալում են որպես Ռեմբո կամ Չաք Նորիս պետություն, որը անսահմանափակ լծակներ ունի բոլոր մեր հարևանների վրա ու ում ինչ ուզենա կարող է անել։ Բայց իրականում նույնիսկ չի կարողանում ստիպել, որ Հայաստանում պետական պաշտոններից հեռացվեն տարբեր տարիներին հրապարակայնորեն Պուտինին ու Ռուսաստանը հայհոյողներին։ Ամենածիծաղելին իհարկե ամենազոր «КГБ»-ի մասին հեքիաթն է։

  2. Armen says:

    Մեր պետության սուբյեկտայնության կորի անշեղորեն անկման մեկնարկը տրվել է 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին…………

  3. Լավատես says:

    Բարին ու չարը իրար դեմ պայքարելով օգնում են իրար ազատվել սեփական թույլ ներկայացուցիչներից, այսինքն’ իրար նկատմանբ անտառի սանիտարի դեր են կատարում, դրանով ապահովելով երկուսի բնական էվոլյուցյան եւ բարու ու չարի հավասարակշռությունը: Բայց դե գիտենք, որ բնության մեջ բարի ու չար չկա, կա տեսակների գոյապայքար եւ եթե բարին միայն իր արարչագործությամբ է քարից հաց ստեղծում, ապա չարը գալիս է եւ փորձում է այդ հացը բարուց խլի: Հիմա բարին պետք է սովորի չարին ենթարկեցնել իրեն, ուրիշ տարբերակ չկա, եթե չարը մի ակնթարթ զգաց, որ ինքն է տերնուտիրականը, սրա մոտ գազանային ռեֆլեքսներն են ի հայտ գալիս եւ երեկվա հյուրասեր հարեւանդ այսօր զգալով քո թուլությունը, վայրի գազանի է վերածվում:
    Հետեւություն’ Ա Մենք պետք է հստակ ձեւակերպենք բարու սկզբունքները, այդ սկզբունքների ժողովածուն պետք է դառնա պարտադիր բոլորիս համար եւ յուրաքանչյուրս պետք է դառնա այդ սկզբունքների թիկնապահը’ պատրաստ լինելով կյանքի թե մահու գնով պաշտպանել այդ սկզբունքները եւ խաղաղ կյանքում եւ պատերազմում, Բ Բարու սկզբունքները պետք է պարտադրենք չարին եւ այդ պարտադրանքը պետք է լինի անընդմեջ, Գ Որքան էլ տարօրինակ թվա, չարը որպես տեսակ պետք է գոյություն ունենա, բայց միշտ ենթակա բարուն, դա երկուսին էլ ձեռնտու կլինի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930