Արցախյան վերջին պատերազմում նահատակված Տավրոս Մխիթարի Աբրահամյանի հարազատը նրան հետմահու շնորհված մեդալը ստանալով՝ ասաց. «Ցեղասպանություն գործած ոճրագործներից մեկը՝ Թալեաթ Փաշան, իր նամակներից մեկում գրել է, թե այս ազգը պետք է արմատախիլ անել, քոքից կտրել: Ու հպարտորեն շեշտել, որ իրենց մեծ փափագն է՝ աշխարհում մեկ հայ թողնել, այն էլ՝ թանգարանում: Դար է անցել հայոց մեծ ողբերգությունից, բայց նույնն է թշնամին, նույնն է փափագը:
Այս տղաները, ովքեր նահատակվեցին, կռվում էին նույն թուրքի առջեւ: Այս մեծ ցավին ոչ մի սփոփանք չկա: Մեր հողը մնաց անհայտ, իսկ հայը մնաց անհող: Ու պատճառը ոչ միայն պատերազմն է, ականջներն ու աչքերը գոցած «քաղաքակիրթ աշխարհը», այլ նաեւ թալեաթանման հայերը, ովքեր փաթաթվեցին մեր դալար շիվերին եւ արմատախիլ արեցին:
Կարդացեք նաև
Սուգը հավերժ է, երբ պայքար չկա: Մենք պետք է արմատախիլ անենք մոլախոտը, որ մեր նահատակների աղմկոտ լռությունը խաղաղվի, որ մեր նահատակների ոսկորները, որոնք հուղարկավորվելու բախտին չարժանացան, գտնեն հանգիստ: Անեծք ու բյուր նախատինք այն հային, ով թուրքի մեջ բարեկամ կտեսնի, կուրանա մեր տղաների արյունը… Իմ ու ձեր ուսերին մնաց Հայրենիքի փրկությունը: Հիմա մեր մտքի ու բազկի շնորհով պետք է ուղղենք մեր հայրենիքի կոտրված ողնաշարը, որ արժանի լինենք Ազատություն կամ մահ գաղափարով նահատակված մեր հերոսական փաղանգին: Հավերժ փառք ՏՂԵՐՔԻՆ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ