Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» նախընտրական ծրագրի բանակին ու անվտանգությանը վերաբերող ծրագրային խոստումները լիովին տապալված են. «Փաստ»

Ապրիլ 15,2021 08:30

Հանրության վստահության քվեին արժանացած այս կամ այն քաղաքական ուժի աշխատանքի ռեալ արդյունքները պետք է որոշել նրանով, թե որքանով են նրանց նախընտրական ծրագրերն իրականություն դարձել։ Այս համատեքստում ուշագրավ է դիտարկել «Իմ քայլը» դաշինքի 2018 թ. նախընտրական ծրագիրը։

Չխորանալով «Իմ քայլի» նախընտրական ծրագրում արտացոլված առանձին կետերի մեջ, հարկ է ուղղակի նշել, որ բանակին ու անվտանգությանը վերաբերող ծրագրային խոստումները լիովին տապալված են։ Այդպես, օրինակ՝ ծրագրում խոսվում է արդի պահանջներին համապատասխան բանակ ունենալու մասին, բայց պատերազմի օրինակով տեսանք, թե ինչ արեցին իշխանությունները։ Այդ խնդիրը լուծելու փոխարեն իշխանությունները միայն իրենց փիառի հարցն էին լուծում։ Օրինակ՝ ո՞ւմ էր պետք, որ Փաշինյանը նկարվեր Սու-30 կործանիչների ֆոնին ու փիառվեր այն դեպքում, երբ դրանք հագեցված չէին հրթիռներով։

Իսկ զինված ուժերի կենսունակությունն ու օպերատիվությանը վերաբերող ծրագրային դրույթներն ուղղակի հեքիաթի ժանրից են, քանի որ այս երեք տարվա ընթացքում տարվել է պետության հիմնասյուներից մեկի՝ բանակի վարկաբեկման հետևողական քաղաքականություն, այն դեպքում, երբ տարիներ շարունակ բանակը հանրության համար ամենավստահելի կառույցներից մեկն է եղել։ Արդյունքում սպայակազմը և պատերազմում հերոսական ուղի անցած անձինք թիրախավորվել են, նրանցից կերտվել է «թալանչիների» իմիջ, իսկ բանակում պրոֆեսիոնալիզմի փոխարեն առաջնայնություն է տրվել իշխանությունների նկատմամբ լոյալությանը։ Հենց դրա արդյունքում է, որ հիմա մեր բանակը ծանրագույն օրեր է ապրում։ Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունների քաղաքականության արդյունքում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրը դարձել է առավել վտանգավոր և սպառնալիքներով լեցուն։

Իրենց նախընտրական ծրագրում իշխանությունները խոսում էին Արցախը բանակցությունների կողմ դարձնելու անհրաժեշտության մասին, սակայն դրա փոխարեն մենք ունենք մի իրավիճակ, որ Արցախը բզկտված ու վիրավորված վիճակում է գտնվում։

Սրա հետ մեկտեղ իշխանություններն ուղղակի ի զորու չեն նաև ՀՀ սահմանների անվտանգության հարցը լուծել, և ստիպված են ռուսական զորքերի օժանդակությանն ապավինել։ Իր նորանկախ պատմության ընթացքում Հայաստանը երբեք այսքան խոցելի չի եղել, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ժամանակի ընթացքում նորանոր սպառնալիքներ է ստեղծում մեր պետականության համար։ Ահա թե ինքնիշխանության մասին ճառեր արտասանող իշխանություններն ուր հասցրին մեր երկիրը։ Իսկ հունիսին սպասվող ընտրություններին ընդառաջ ինչ գեղեցիկ ու կախարդական խոստումներ էլ գրեն իշխող ՔՊ-ի նախընտրական ծրագրում, ո՞վ կհավատա դրանց, եթե նույն այդ մարդկանց նախորդ ծրագրում գրվածի փաստացի հակառակն է տեղի ունեցել։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930