Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տների գները հունվար-փետրվարին. որքան են էժանացել անցյալ տարվա համեմատությամբ

Ապրիլ 15,2021 14:30

2018 թվականից սկսած մեր երկրի անշարժ գույքի շուկայում նկատելի փոփոխություններ գրանցվեցին: 2018 թվականի նոյեմբերի համեմատությամբ 2019 թվականին բազմաբնակարան շենքերի բնակարանների գներն էական բարձրացան, ինչը սակայն չենք ասի 2021-ին 2020 թվականի համեմատությամբ: COVID-19 համավարակն ու հատկապես՝ արցախյան վերջին պատերազմը անշարժ գույքի շուկայում գնանկում առաջացրեցին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցանկից:

Օրերս կոմիտեն ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները՝ Երեւանի անշարժ գույքի՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների: Պատկերն արտացոլում է այս տարվա հունվար-փետրվար ամիսները՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:

Այսպես՝ Երեւանի Կենտրոնում բնակարանի մեկ քառակուսի մետրն այս տարվա փետրվարին արժեցել է 605 հազար 200 դրամ: Անցյալ տարի 60 հազար դրամով բարձր՝ 665 հազար դրամ է եղել: Այս տարվա փետրվարին այս տարվա հունվարի համեմատությամբ կրկին գնանկում է արձանագրվել: Հունվարին կենտրոնում բնակարանի 1 քմ-ն 608 հազար 500 դրամ է եղել: Պատկերացնելու համար նշենք, որ օրինակ՝ 80 քառակուսի մետր բնակարանի գինը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է մոտ 4 միլիոն 800 հազար դրամով՝ մոտ 9 հազար 230 դոլարով:

Արաբկիր վարչական շրջանում բնակարանի 1 քմ-ի գինն անցյալ տարվա փետրվարին եղել է 462 հազար դրամ, այս տարվա փետրվարին գնանկում է նկատվել՝ մեկ քմ-ն կազմելով 435 հազար դրամ: Հունվարին՝ 1500 դրամով բարձր՝ 436 հազար 500 դրամ էր:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նույնպես տների գները նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են: Քանաքեռ-Զեյթունում այս տարվա փետրվարին բնակարանի 1 քմ-ի արժեքը 313 հազար 500 դրամ է եղել: 2020 թվականի փետրվարին՝ 338 հազար դրամ: 2021-ի հունվարին՝ 315 հազար դրամ:

Նոր-Նորք վարչական շրջանում 1 քմ-ի գինը 5 հազար դրամով նվազել է: Եթե անցյալ տարվա փետրվարին այս թաղամասում բնակարանի 1 քմ-ի միջին արժեքը 297 հազար դրամ էր, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 292 հազար դրամ: Հունվարին 293 հազար է եղել:
4,500-5000 դրամով էլ քառակուսու արժեքը նվազել է Ավանում: Անցյալ տարվա փետրվարին այս համայնքում բազմաբնակարան շենքում 1 քմ-ն կարելի էր ձեռք բերել 301 հազար դրամով: Այս տարի՝ 286 հազար 500 դրամով: Այս տարվա հունվարին Ավանում տները վաճառվել են քառակուսին 288 հազար դրամ միջին արժեքով: Էրեբունի թաղամասում նույնպես անցյալ տարվա փետրվարին տներն ավելի թանկ են եղել:
Այստեղ մեկ քմ-ն մոտ 14500-15 հազար դրամով է էժանացել: Էրեբունի վարչական շրջանում անցյալ տարի 295 հազար դրամ է եղել, այս տարի՝ 280 հազար 500 դրամ:

Շենգավիթ վարչական շրջանում 1 քմ-ն այս տարի 9 հազար դրամով էժան է վաճառվում: Անցյալ տարվա փետրվարին մեկ քմ-ն արժեցել է 305 հազար դրամ, այս տարվա փետրվարին՝ 296 հազար 100 դրամ: Այս տարվա հունվարին սակայն, Շենգավիթում հազար դրամով քառակուսու արժեքն ավելի է եղել՝ 297 հազար դրամ:

Դավթաշենում այս տարվա փետրվարին բնակարանների գների 1 քառակուսի մետրի միջին արժեքը 314 հազար դրամ էր՝ նախորդ տարվա 348 հազար դրամի համեմատությամբ: Հունվարին՝ 315 հազար 200 դրամ:

Աջափնյակ վարչական շրջանում տների գները նկատելի նվազել են: Անցյալ տարվա փետրվարին բազմաբնակարան շենքում մեկ քմ-ն 321 հազար դրամ է վաճառվել, այս տարի՝ 302 հազար դրամ: Հունվարին հազար դրամով բարձր՝ 303 հազար դրամ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 16 հազար դրամով է 1 քմ-ն իջել: Եթե 2020-ի փետրվարին եղել է 296 հազար դրամ, այս տարի՝ 280 հազար, եւ փոքր ինչ բարձր՝ 281 հազար դրամ՝ հունվարին:

Նուբարաշեն վարչական շրջանում անցյալ տարվա փետրվարին 190 հազար դրամ է եղել, այս տարվա փետրվարին՝ 174 հազար 500 դրամ, հունվարին՝ նույնպես 174 հազար 500 դրամ:

Եթե դիտարկենք վարչական շրջանների գոտիավորմամբ, ապա Կենտրոն համայնքում 1-ին գոտում մեկ քմ-ի գինը այս տարվա հունվարին 750 հազար դրամ էր, փետրվարին՝ 748 հազար: Երկրորդ գոտու մեկ քմ-ի գինը թե՛ հունվարին, թե՛ փետրվարին 600 հազար դրամ էր: Կենտրոնում 3-րդ գոտին հունվարին 500 հազար դրամ էր, փետրվարին 500 դրամով բարձրացել է՝ կազմելով 500 հազար 500 դրամ:

Ամենացածր գինը Նուբարաշեն վարչական շրջանում է, որը համարվում է 10, 11 գոտի: Հունվար-փետրվար ամիսներին այստեղ մեկ քառակուսու արժեքը եղել է 170 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930