Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«44-ը կապի մեջ է»

Ապրիլ 15,2021 14:00

Սամվել Բաբայանը՝ Շուշիի մասին 2008 թվականին

«Այ, երբ բոլորդ անկեղծ կլինեք եւ կխոստովանեք, թե 92թ.-ին ոնց եք ազատագրել Շուշին, հենց մի անգամ ճիշտն ասեք… նույն կերպ էլ հակառակորդը հետ է վերցրել: Իրենք ճիշտը չեն ասում։ Ասում են, թե ա՛յ՝ դատում են Շուշիի հերոսներին… բայց այդ մարդիկ Շուշիի հետ կապ չունեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում երեկ ասել էր Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե 2020թ. նոյեմբերին ի վերջո ինչպե՞ս Շուշին անցավ հակառակորդի վերահսկողությանը։ Նրա խոսքով՝ Շուշիի համար եւ 44-օրյա պատերազմում առհասարակ չեն արել որեւէ ռազմական օպերացիա, որը կհակադրվեր հակառակորդին, հնարավորություն կտար կամք թելադրելու:

Շուշիի ազատագրման մասին մինչ օրս առասպելաբանություն կա: Եվ պատճառն այն է, որ բուն ազատագրմանը մասնակցածներին նախկինում չենք լսել, իսկ երբ նրանք տարիներ հետո մոռանալով իրենց իսկ ասածը, որոշ նոր բաներ են հայտնում, պատմության փոշու տակ գտնվող գրքերը ինչ-որ տեղ մղկտում են:

«Ես խոնարհվում եմ այն 6000 զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակի առաջ, ովքեր իրենց արյունով վերագծեցին 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով մեր սահմանները: Մենք բոլորս չհատուցած պարտք ունենք նրանց տալու»,-այսպես է սկսվում ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին նվիրված «Հաղթանակներն` ինչպես եղել են» գիրքը, որի շնորհանդեսը կայացել է 2008թ. սեպտեմբերի 17-ին:

«Առավոտից» ինքս մասնակցել եմ շնորհանդեսին, լուսաբանելով այն («Հաղթողը ինչպես կար»):

Գրքում ականատեսների վկայություններն էին, բազմաթիվ լուսանկարներ, քարտեզներ, արցախյան պատերազմի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներ:

Ս. Բաբայանը 1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը ու ղեկավարել Լիսագորի՝ հարավ-արեւմտյան ուղղությունը, որի նպատակն էր վերահսկել Լաչին-Շուշի ճանապարհը ու շրջակա բարձունքները՝ Լաչինից հնարավոր ժամանելիք ուժերին չեզոքացնելու նպատակով:

Գրքում Բաբայանը գրում է, որ Շուշիի ազատագրման օպերատիվ պլանի մասին տեղյակ էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամները, 1992թ. գարնանը մշակվել է Ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈՒ) հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) գլխավորությամբ, հրամանատարի տեղակալ Սամվել Բաբայանի, Ինքնապաշտպանական կոմիտեի (ԻՊԿ) նախագահ Սերժ Սարգսյանի, Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանի (գեներալ-մայոր), Լիոնիդ Մարտիրոսովի (գեներալ-մայոր), հարձակման մյուս երեք ուղղությունների հրամանատարների, ԼՂՀ պետական, քաղաքական մի խումբ գործիչների մասնակցությամբ։

1992-ի ապրիլի վերջին, երբ արդեն վերջնականապես ճշգրտվում էր հարձակման հյուսիսային, Շոշի (արեւելյան), Լաչինի (հարավային), Ջանհասան-Քյոսալարի ուղղությունների խնդիրը, Արկադի Տեր-Թադեւոսյանն ու Վալերի Բալայանն առարկեցին Լաչինի ուղղությամբ հարձակման գործողության անհրաժեշտությանը՝ պատճառաբանելով, որ չնայած այս ուղղությունը մյուսների համեմատ դյուրին է, բայց այն պահանջում է ավելի տեւական մարտեր, եւ քաղաքական ու այլ նկատառումներով, պարզապես բացառվում է։

Սամվել Բաբայանը հիմնավորեց, որ ԻՊՈՒ-ի ունեցած մարդկային ուժի եւ սպառազինության ոչ բավարար քանակի, բարձրադիր տեղանքի, բնական ու պաշտպանական ամրությունների պատճառով միայն Ստեփանակերտի (հյուսիսային) եւ Շոշի ուղղություններից բերդաքաղաքի ազատագրումն անհնարին է։

Այլ կերպ ասած՝ Բաբայանը համոզված էր, որ նախ հնարավոր չէ գրոհով վերցնել Շուշին, եւ, բացի այդ, եթե հնարավոր էլ է, ապա այն կլինի մարդկային մեծ զոհերի գնով, ինչը չի կարելի թույլ տալ։

Բաբայանը համոզված էր, որ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու խնդիրը հնարավոր է լուծել միայն Լաչինի ուղղությունից: Նրա հիմնավորումները պաշտպանել է նաեւ ՀՀ եւ ԼՂՀ ԳԽ պատգամավոր, Պաշտպանության խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը եւ հարձակման Լաչինի ուղղությունը թողնվեց ուժի մեջ։

Տեղեկացնենք, որ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը մի քանի անգամ հետաձգվել է։

Սամվել Բաբայանը գրում է. «Այն նախատեսված էր սկսել դեռ ապրիլի վերջին կամ մայիսի 4-ին, բայց կային մի շարք խնդիրներ, օրինակ՝ մեր ունեցած զենքի ու զինամթերքի պակասը։ Բացի այդ՝ միայն Շուշիով հարց չէր լուծվում. պետք էր ամրացնել Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական գծերն ու բնագծերը։ Այդ իսկ պատճառով որոշեցինք օպերացիան սկսել այն բանից հետո, երբ կապահովվեինք զենքով ու զինամթերքով, եւ կճշգրտվեին հետախուզության տվյալները»։

Շուշիի հետ կապված օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, եւ փոփոխությունների մասին տեղեկացվում էին ԼՂՀ ԻՊԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։

Մայիսի 7-ի՝ լույս 8-ի գիշերվա ժամը 2։30-ին Սամվել Բաբայանը, ըստ օպերատիվ պլանի, հասնելով եւ ամրանալով Լիսագորի տեղորոշիչի բարձունքին, զեկուցում է օպերատիվ շտաբին. «44-ը կապի մեջ է. վերահսկողության տակ ենք առել բարձունքն ու մայրուղին, կարելի է սկսել հարձակումը» (44-ը, ճիշտ նույնքան, որքան պատերազմը տեւեց-Ռ.Մ.):

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը, հայաստանյան կամավորական ջոկատների ազատամարտիկներից կազմված հարձակողական-գրոհային խմբերը, ռեակտիվ հրետանավորները (ընդհանուր հրամանատար՝ Ռազմիկ Մելքումյան), հրետանավորները (հրամանատար՝ Ժորա Գասպարյան), Դ–30 հաուբիցների եւ ականանետների դիվիզիոնը (հրամանատար՝ Արկադի Դամպեր), կապի (Արթուր Փափազյան), բժշկական (պետ՝ Վալերի Մարության) ու այլ ծառայությունների մասնակցությամբ հյուսիսային, Շոշի (արեւելյան), Լաչինի (հարավային՝ գլխավոր ուղղություն), Ջանհասան-Քյոսալար ուղղություններով ձեռնամուխ եղան մարդկային ուժով եւ սպառազինության միջոցներով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի ջախջախմանը։ Շուշիի ազատագրման համար գործի է դրվել չորս ուղղություն, որոնցից ամեն մեկն ուներ իր ընդհանուր հրամանատարը՝ Սամվել Բաբայան, Արկադի Կարապետյան, Վալերի Չիթչյան եւ Սեյրան Օհանյան։

ՀՅԴ-ի 1-ին վաշտի չորս դասակները (ընդհանուր հրամանատար՝ Ժիրայր Սեֆիլյան), Վալերի Բալայանի խումբը, Բերդաձորի ջոկատը նույնպես մասնակցել են ռազմագործողությանը Լաչինի հարավային ուղղությամբ:

Ըստ վավերագրքի, Լաչինի գլխավոր ուղղությամբ ռազմական հաջողությունները հնարավորություն են տվել փակել Շուշի-Լաչին մայրուղին։ Դրա շնորհիվ հաջողվել է կանխարգելել հակառակորդի ուժերի վերախմբավորումը, բացառել Շուշիում տեղակայված նրա ստորաբաժանումներին օգնելու հնարավորությունը եւ հակահարձակման գործողությունները։ Ավելին, երբ ահագնացավ եւ ամբողջացավ շրջափակման վտանգը, ադրբեջանական զորախմբի ու բնակչության մեջ սկսվեց խուճապ, եւ հակառակորդն անկազմակերպ լքել է Շուշին։
1992թ. մայիսի 9-ին՝ առավոտյան ժամը 6-ին, հայկական ստորաբաժանումները, որոնք մինչ այդ չէին կարողացել գրոհով վերցնել Շուշին, մտան ադրբեջանական զորախմբից մաքրված քաղաքը։

Սամվել Բաբայանը գրել էր. «Մեր որեւէ ստորաբաժանում Շուշի չի մտել դիմացից կամ թեւերից։ Մյուս երեք ուղղություններում մարտնչող ստորաբաժանումներն իրենց վրա վերցրել են միայն կրակը՝ հակառակորդի համար շեղող ֆունկցիա կատարելով եւ կազմակերպել ընթացիկ դիմադրություն։ Մայիսի 8-ի կեսօրից հետո ադրբեջանցիները սկսեցին լքել քաղաքը, իսկ մայիսի 9-ի առավոտյան Շուշիում որեւէ դիմադրող ադրբեջանցի չկար։ Քաղաքում չեն եղել մարտեր, ինչպես որ ներկայացնում են ոմանք։ Մեր ուժերը Շուշիում ադրբեջանցի զինվորների չեն տեսել։ Գերի են ընկել միայն այն ադրբեջանցիները, ովքեր թաքնվել էին նկուղներում, եւ տեղյակ չէին, թե իրենց շուրջն ինչ է կատարվում։
Մեր ազատամարտիկները մայիսի 8-ին մարտական գործողությունների ողջ ընթացքում մեկ մետր առաջ չեն կարողացել գնալ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածում մեր խփված տանկից: Միայն հաջորդ օրն առավոտյան, առանց դիմադրության հանդիպելու, ազատամարտիկները մտել են քաղաք»:

Ըստ Ս. Բաբայանի, Շուշիի ազատագրումով վնասազերծվեցին Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական կրակակետերն ու ռազմական հենակետերը: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, հակառակորդը՝ 250-300 զոհ, 600-700 վիրավոր եւ 13 գերի:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930