Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերը գործի գրեթե կեսն է»

Ապրիլ 15,2021 13:30

Ասում է սիրված դերասանուհի Տաթեւ Ղազարյանը

«Քեռիս դերասան է, մայրս էլ… այսինքն` անկախ ինձնից ես հայտնվեցի թատերական աշխարհում եւ չէի էլ պատկերացնում, որ ուրիշ մասնագիտություն կա աշխարհում, մտածում էի` միայն դերասանությունն է։ Հետո երբ որ արդեն ավելի լուրջ եւ պրոֆեսիոնալ սկսեցի զբաղվել այս գործով` սեր ասվածն ավելի շատ այդ ժամանակվանից սկսեց հասունանալ իմ մեջ, քանի որ փոքր ժամանակ չես հասկանում դա ինչ է, ներկայացում ես խաղում, ծափ են տալիս, ուռա՜, ինչ լավ է, ուրախ է ամեն ինչ, բայց իրական սերը մասնագիտության հանդեպ` ուսումնառության տարիներին իմ մեջ արթնացավ, որի համար չեմ հոգնում կրկնել՝ շնորհակալ եմ ու պարտական իմ ուսուցչին՝ Դավիթ Հակոբյանին»,- ասում է դերասանուհի Տաթեւ Ղազարյանը:

Նա «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Տարվա լավագույն դերասանուհի տիտղոսին։

Առաջին կուրսի ուսանողուհի էր, երբ Դավիթ Հակոբյանի միջնորդությամբ հայտնվեց Համազգային թատրոնում, մանկական ներկայացումներից մեկում պետք է խաղար։ Առաջին փորձն էր բեմ բարձրանալու` պրոֆեսիոնալ թատրոնում, պրոֆեսիոնալ դերասանների հետ, ասում է` շատ էր հուզվում այդ ժամանակ։

«Ես վախից դողում էի, երբ Դավիթ Հակոբյանը մոտեցավ ինձ ու հարցրեց` հուզվո՞ւմ ես, ես ուզեցի իմ դասախոսի մոտ շատ լավը երեւալ, պրոֆեսիոնալ ու ասացի, որ ոչ, բացարձակ, բայց դողում էի ներսից։ Ինքն էլ ի պատասխան ասաց` շատ վատ է, որ չես հուզվում, որովհետեւ դերասանը իրականում պարտավոր է ինչ-որ տեղ նաեւ հուզմունքով մտնել բեմ։ Այդ դեպքը երբեք չեմ մոռանա, այդ օրվանից հասկացա, որ հուզմունքն էլ բաղկացուցիչ մասերից մեկն է, որովհետեւ, երբ անհուզմունք ու անտարբեր ես բեմ մտնում` հենց այդպես էլ խաղդ սկսվում է»,-հիշում է դերասանուհին։

Տաթեւ Ղազարյանի խոսքով` ինքն այն հաջողակ դերասաններից է, որի կերտած դերերը սիրված են եղել իր կողմից։ Չի առանձնացնում ոչ մի կերպար, որովհետեւ դա կնշանակի` չի աճել, չի շարժվել առաջ, այդ իսկ պատճառով էլ որեւէ կոնկրետ կերպար նշել չի կարող, այլ միայն տվյալ ժամանակաշրջանի դեր։ Օրինակ` վերջին շրջանի խաղացած սիրելի դերերից մեկը` իհարկե, Փափլիկի կերպարն է, ինչպես նաեւ «Լոռեցի Սաքոյի» միջի կերպարները, որտեղ կոնկրետ կերպար չկա` մի քանի դերեր են։


«Դժվարություն յուրաքանչյուր մասնագիտության մեջ կա, բայց դա դժվարություն չէ, եթե սիրով ես անում աշխատանքդ։ Կարծում եմ` դա ընդամենը մի ճանապարհ է, որը ես կանվանեի ոչ թե դժվարություն, այլ հետաքրքիր ճանապարհ։ Ինձ համար այդ հետաքրքիր ճանապարհներից մեկը, որը երեւի միշտ կհիշեմ` «Փրկության Կղզի» ներկայացումն է Վիլյամ Սարոյանի, այն խաղացել եմ 2008 թվականին։ Ներկայացման մեջ կերտում էի 12 տարեկան տղայի կերպար։ Այն իսկապես ինձ համար բարդ եւ միեւնույն ժամանակ շատ հետաքրքիր էր, քանի որ ոչ միայն տարիքս էի փոքրացնելու, այլեւ սեռն էի փոխելու։ Այս ճանապարհը եւս անցա, հաղթահարեցի, շատ սիրվեց հանդիսատեսի կողմից ու երկար տարիներ խաղացինք: Հետաքրքիր էր նաեւ Լոռեցի Սաքոյի կերպարը ստեղծելը, որովհետեւ ինքն էլ կոնկրետ կերպար չունի, մեկ չարք ես խաղում, մեկ կին, մեկ մայր։ Դա ուրիշ տեսակի ներկայացում է, որը չառանձնացնել չեմ կարող»,- ասում է Տաթեւ Ղազարյանը:
Նա նաեւ դասավանդում է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում եւ ասում, որ հրաշալի սերունդ ունենք, որոնք վաղը կլրացնեն մեր թատրոնը եւ անպայման իրենց մեջ կլինեն հնչեղ անուններ։ Խորհուրդ է տալիս այն, ինչն արդեն ստուգված է իր կողմից։ Խորհուրդներից կարեւորագույնն է` սիրել մասնագիտությունը, որովհետեւ գործի գրեթե կեսը սերն է։ Միշտ ասում է` բանկի աշխատողը նստած թուղթ է լրացնում եւ էական չէ ինչ հոգեվիճակում է այդ թուղթը լրացնում, լրացնում տալիս է հաճախորդին, իր գործն ավարտում, բայց դերասանության դեպքում` շատ կարեւոր է, թե դու ինչ հոգեվիճակում, ինչ էներգիայով, ինչքան սիրով ես խաղում դերդ։ Իսկ պրոֆեսիոնալիզմի բանաձեւը հետեւյալն է` նվիրում, պարտաճանաչություն, սեր եւ ամենակարեւորը՝ ազնվություն քո մասնագիտության հանդեպ։

«Մինչ օրս ֆիլմերի եւ մուլտֆիլմերի կրկնօրինակմամբ զբաղվում եմ, հաղորդավարությամբ զբաղվել եմ դեռեւս ուսանող տարիներից, այսինքն` 20 տարուց ավելի։ Կրկնօրինակումը, հաղորդավարությունը, դասավանդելը, սրանք բոլորը թատրոնի բաղկացուցիչ մասերն են, եթե չլինի թատրոնը` չլինի իմ հիմքը, իմ լիցքավորման կետը, հետո չեմ կարող այդ ամենն անել։ Թատրոնն է հիմքերի հիմքը, մնացածը դրա ճյուղերն են, բաղկացուցիչ մասերը, առանց մեկը մյուսի չի լինի»,-համոզված է մեր զրուցակիցը։

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը: Տաթեւ Ղազարյանն ասաց, որ չնայած այս տարի թվով 3-րղ «Արտավազդը» ստացավ` հույզերն ու ապրումները նույնն էին, երբ հնչել է անունը եւ նոմինանտների շարքում լինելը հպարտությամբ ընդունել։ «Այս տարի մրցանակաբաշխությունն Օպերայի բեմում էր եւ ճանապարհը շատ երկար էր դահլիճից բեմ, այդ ամբողջ ընթացքում թե՛ դողում էի, թե՛ լարված էի, թե՛ ուրախ, հպարտ, բայց միեւնույն ժամանակ մտածում էի` հիմա ավելի բարդացավ իմ գործը, ինչքան շատ պիտի ապացուցեմ, որ արժանի էի այս մրցանակին եւ դրա հենց հաջորդ օրը մենք խաղում էինք «Փափլիկը» ներկայացումը, որի համար ստացել էի մրցանակը։ Առհասարակ, դժվար է կրել տարվա լավագույնի տիտղոսը, որքան էլ հաճելի է, բայց պատասխանատվությունն ու դժվարությունը շատանում են այս դեպքում, անընդհատ հետապնդում է արժանի լինելու գաղափարը, իսկ թե ինչո՞ւ ժյուրին ընտրեց` անկեղծորեն այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Ժյուրիի անդամները 7-ն էին եւ ամեն մեկը ունեցել է իր կարծիքը, վերաբերմունքը, ձայնի իրավունքը»,-նշեց դերասանուհին։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930