Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերը մոլորակը շարժող ամենահզոր ուժն է»

Ապրիլ 15,2021 13:00

Ինչ է բերում եւ տանում ժամանակը. վստահ եմ, որ ձեզանից շատերը գոնե մեկ անգամ ինքներդ ձեզ հարցրել եք եւ փորձել պատասխանել այդ հարցին։ Այսօրվա զրուցակիցս նույնպես պատասխանում է. «Սպասումներ, դրական մտքեր, նպատակներ, հույսեր: Շատ բան է բերում: Մեր խնդիրը ժամանակը ճիշտ գնահատելն ու արդյունավետ ծախսելն է: Իսկ տանում է մարդկանց: Անվերադարձ»:

Արձակագիր, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս Ամալյա Սողոմոնյանի կարծիքով` ուժը հենց էներգիան է, որը կուտակվում է տարիների ընթացքում: Հիմա շատ դժվար է կենտրոնանալ դրական էմոցիաների վրա, բայց ուրիշ տարբերակ չունենք: Եթե դրական էներգիա չկուտակենք, կկորցնենք մեր ուժը, ապրելու մոտիվացիան: Իսկ ապրել պետք է, ինչքան էլ դժվար լինի: Հարցիս, թե սիրո՞ւմ է մարդուն, պատասխանեց. «Ոչ միշտ ու ոչ բոլորին: Ես իմ մարդկանց եմ սիրում: Մենք բոլորս էլ սիրում ենք, երբ մեզ են սիրում: Ամեն ինչ կյանքում փոխադարձ է: Բումերանգի օրենքը միշտ գործում է: Մարդը վատ կենդանի չէ, բայց հաճախ շեղվում է ճիշտ ուղուց: Ես սիրում եմ լավ մարդուն: Երբ բարի է, ընկերասեր, ազնիվ, հավատում է իր երազանքներին, մարդուն»:

Փորձում է դրական բաների մասին գրել: Մահվան, ինքնասպանության մասին դեռ չի գրել: Մարդկային ողբերգություններն ավելի հետաքրքիր են ընթերցողների համար: Մենք սիրում ենք կարդալ ուրիշների դժբախտությունների մասին: Դա յուրահատուկ ինքնասփոփանք է, մեր խնդիրների մասին մոռանալու միջոց: Գրողի համար փակ ու անհասանելի թեմա չպիտի լինի, բայց կան թեմաներ, որոնք ցավեցնում են: Ամալյայի «Աստղաթափ» գիրքն ամբողջությամբ սիրով է լցված։ Ասում է` սիրո մասին կարելի է անվերջ գրել: «Սերը մոլորակը շարժող ամենահզոր ուժն է: Մենք բոլորս սիրո կարիք ունենք: Ու ինչքան շատ լինի սերը, այնքան աշխարհն ավելի լավը կդառնա: «Աստղաթափ»-ը էտյուդների ժողովածու է, որտեղ ամեն տողում սեր կա: Որտեղ մարդիկ կարող են իրենց գտնել, հիշողությունների գիրկն ընկնել, հիշել ինչպես են սիրել, գնահատեն ունեցածն ու այլ հայացքով նայեն կյանքին: Մենք մեր երազանքները շատ հաճախ աստղերի հետ ենք կապում: Աստղերն անհասանելին են, շատ հեռու մեզնից, բայց մենք հավատում ենք, որ մի օր մի աստղ ներքեւ կընկնի ու մեր ամենանվիրական երազանքը կկատարվի»:

Պատերազմի ժամանակ, երբ Ամալյայի ամուսինը` մանկագիր Արմեն Գրիգորյանը մարտադաշտում էր, իսկ նա ու իր դուստրը` Մարին, սպասում էին հայրիկի վերադարձին, Ամալյան գրեց «Պատերազմը պատ է, քանդիր ու արի» էսսեն, որը կարդալու ժամանակ անկեղծություն ենք զգում։

Ահա մեկ հատված. «Ես հոգնել եմ պատերազմներից, այնքան եմ հոգնել: Ամեն օր պատերազմ է ներսում, դրսում, սահմանին: Էլ սահմաններ չկան, հատվել են սահմաններն ու գծերը ջնջվել: Ես գիտեմ` կա մեկը, ով լսում ու հասկանում է: Չգիտեմ ինչու է լռում, բայց կա, հաստատ կա ու շուտով ամեն բան լավ կլինի: Սպիտակ վարդերն էլ չփրկեցին, գուցե սպիտակ դրոշ ուղարկես: Ծաղիկներն էլ չեն դիմանում, բայց ստիպում եմ նրանց սենյակում մնան, մինչեւ գաս: Կգաս չէ՞: Սենյակում այնքան տխուր է, վախենում եմ մտնել: Ես հիմա ուժեղ պիտի լինեմ, շատ ուժեղ: Մարին նայում է աչքերիս ու գիտի, որ տխուր եմ: Ժպտում եմ, իսկ ինքը չի ժպտում: Ամեն ինչ հասկանում է: Բան չի ասում, միայն նայում է իր սիրուն, կանաչ աչուկներով ու լռում: Մի քանի ամսական աղջիկը հասկացել է, որ պատերազմն աշխարհի ամենավատ բառն է, իսկ ոմանք չեն ուզում հասկանալ»։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930