Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանանց իմ շարքում կան պոռնիկներից մինչեւ հեզ ու հմայիչ հայուհիներ»

Ապրիլ 15,2021 12:30

Երիտասարդ գեղանկարիչ Նարեկ Տեր-Արսենյանը` իր նոր սկսվող կարիերայի մասին

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած կամերային երեկոն «ուղեկցվում» էր երկու սերնդի գեղանկարիչների աշխատանքների ցուցադրությամբ։ Ճանաչված գեղանկարիչ Անդրեյ Շուգարովին ներկայացնելու հարկ չկա, իսկ բանակում ծառայությունից հետո նոր-նոր կարիերա սկսած Նարեկ Տեր-Արսենյանին հրավիրեցինք զրույցի, մանավանդ որ՝ հանդիսատեսը նրա կտավների առջեւ երկար էր կանգնում։ Ցուցադրված աշխատանքների թվում գերիշխում էին երիտասարդի «մերկ կանայք»։

Ականջալուր լինելով մեկ-երկու հանդիսատեսի խոսքին, լսեցինք, որ նրանք «տեղափոխվել» էին 19-րդ դար, նշելով այդ ժամանակաշրջանի փարիզյան բոհեմական միջավայրի կանանց կերպարներ ստեղծած հայտնի արվեստագետների՝ Էդգար Դեգայի, Օգյուստ Ռենուարի, Անրի դը Թուլուզ-Լոտրեկի, Էդգար Շահինի անունները։ Նրանք նույնիսկ հիանալի ապագա կանխատեսեցին երիտասարդ նկարչին՝ հատկապես մերկ կանանց թեմայով։

Երկու արվեստ

Մեզ հետ զրույցում Նարեկ Տեր-Արսենյանն ասաց, որ առայժմ ինքը ռեալիզմ ոճում է ստեղծագործում, բայց չի բացառում ոճային փոփոխությունը։ Հավելեց նաեւ, թե վերջին շրջանում իրեն հետաքրքրում են իմպրեսիոնիստները, մասնավորապես՝ Մոնեն, Մանեն, Դեգան, նաեւ Ռոդենը, որին ժամանակին «քլնգել» են մերկ կին քանդակելու համար։ Հաստատելով մեր դիտարկումը, թե իր աշխատանքներում գերակշռում է կինը, նա ասաց. «Նկարչությունը տեսնում եմ կնոջ ու բնության պատկերով, որովհետեւ կինը ինքնին գեղեցիկ բնությունը խորհրդանշող կերպար է։ Ինձ համար կինը ներշնչանքի աղբյուր է։ Ցանկություն ունեմ առաջիկայում վրձնել բալետի պարուհիների շարք։

Գինովցած կինը

Իհարկե, շատ կուզեի աշխատել կուլիսներում, քանի որ այդտեղ արտիստը, բնականաբար, ավելի անկեղծ է, քան բեմում, որտեղ կերպար է մարմնավորում։ Ընդ որում, այդ շարքի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Էդգար Դեգան։ Կինն այն կերպարն է, որի միջոցով կամ օգնությամբ կարողանում եմ մտքերս հիանալի շարադրել կտավի վրա։ Ի դեպ, կանանց իմ շարքում կան պոռնիկներից մինչեւ հեզ ու հմայիչ հայուհիներ։ Գուցե բարձրագոչ հնչի, բայց համոզված եմ, որ դիտորդն իմ կանանց ընկալում է այնպիսին, ինչպիսին նրանք կան»։

Ընկերս

Տեղեկանալով, որ ճեմասրահում կայացածը երիտասարդ գեղանկարչի առաջին ցուցադրությունն է, հետաքրքրվեցինք՝ գուցե մասնակցել է խմբակային ցուցահանդեսների։ Զարմանալի էր, երբ գեղանկարիչն ասաց, որ Երգի պետական թատրոնի մուտքը «բացվում» է իր՝ 2 մետր բարձրությամբ Կոմիտասի դիմանկարով։ Անակնկալի եկանք, քանի որ Կոմիտասի այդ դիմանկարի հեղինակը մեզ անծանոթ Նարեկ Տերյանն է։ Մեր զրուցակիցը պարզաբանեց. «Նարեկ Տերյանը իմ կեղծանունն է։ Մեկ տարի առաջ բանակից զորացրվելուց հետո օրեր շարունակ թափառում էի Երեւանի փողոցներում, չէի կողմնորոշվում ինչից սկսել, ինչ նկարել… Մի օր էլ հանդիպեցի մի արվեստագետի, որի անունն, անկեղծ ասած՝ մինչ օրս չեմ մտաբերում։ Նա իր նոթատետրում գրել էր անունս, իսկ ազգանունս՝ Տեր-յան. հաստատ Տեր-ը հիշում էր, իսկ շարունակությունը՝ Արսենյան՝ ոչ։ Ինձ գրավեց այդ ազգանունը։ Մտածեցի՝ ունենք Վահան Տերյան, իսկ ինչո՞ւ գեղանկարչության ոլորտում չունենանք Տերյան ազգանունը…»։

Արվեստագետը հայտնեց, որ ապրիլի 20-ին շուրջ 25 աշխատանքով կներկայանա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, իսկ միառժամանակ անց կհաջորդեն Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված Երգի պետական թատրոնի մարզային համերգները՝ իր բաբաջանյանական շարքով։ Հատուկ նշեց, որ այդ համերգները անցկացվելու են ոչ թե մարզկենտրոններում, այլ գյուղերում։

Փաստեց նաեւ, որ բաբաջանյանական նման միջոցառում է եղել երեւանյան Մոսկվայի տանը։ Հայտնեց նաեւ, որ մեծանուն կոմպոզիտորին նվիրված շարքում տեղ գտած իր գեղանկարները վրձնել է նրա ստեղծագործություններից ազդված։

Բաբաջանյանով ներշնչված «Հումորեսկը»

Դիտարկմանը՝ երեւի դեռ վաղ է հետաքրքրվել գեղանկարների վաճառքով, մեր 21-ամյա զրուցակիցը կեսկատակ-կեսլուրջ արձագանքեց. «Բացարձակ վաղ չէ, վաճառում եմ գործերս, բայց ինձ համար միեւնույն չէ, թե ով է գնորդը…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930