Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը մտավ Կրեմլին սադրելու ռեժիմ. 5 տարի Ադրբեջանը չի համբերի

Ապրիլ 15,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ՌԴ նախագահը զանգահարեց Ալիեւին, ապա Էրդողանին

Փաշինյանի մոսկովյան այցից մեկ օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Կրեմլի տարածած հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, դրա հետագա կարգավորումը՝ համաձայն 2020թ. հունվարի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հայտարարությունների:

«Մասնավորապես, մանրամասն քննարկվել է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ աստիճանական սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման հարցը, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ընթացքը: Ընդ որում, հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում բարձր մակարդակով անցկացված հայ-ռուսական բանակցությունների արդյունքները: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները տարբեր ձեւաչափերով», ասվում էր հաղորդագրությունում:

Այսպես, Պուտին-Ալիեւ հանդիպմանը հաշվի են առել հայ-ռուսական բանակցությունների արդյունքները: Ակնհայտ է, որ կոմունիկացիոն հարցերով ընթանում են բանակցություններ, պատահական չէ, որ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը բավական հստակ անդրադարձ կատարեց այդ թեմային: Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցն, ըստ ամենայնի՝ այնքան էլ հարթ չի անցել: Այդ հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկատվության տարածումից մի քանի ժամ անց պաշտոնական Բաքուն հանդես եկավ ռազմագերիների վերաբերյալ պարզաբանությամբ:

«Ռազմագերիների հարցը լուծված է, այդ թեման փակված է»,- նշեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Բաքուն կրկնեց իր դիրքորոշումը՝ նոյեմբերի 10-ից հետո ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել ավելի քան 70 ռազմագերի, եւ՝ «այս պահին Հայաստանի բարձրացրած հարցն առաջ է եկել նոյեմբերի 10-ից մոտ մեկ ամիս հետո»: Բայրամովն ընդգծել է, թե Ադրբեջանի իրականացրած գործողության հետեւանքով «հայ զինվորականների այդ խումբը չեզոքացվել է, իսկ 62 մարդ ձերբակալվել է»: «Քննությունը պարզել է, որ այդ մարդիկ տեղակայվել են Ադրբեջանի տարածքում նոյեմբերի 26-ին: Նրանք գրեթե բոլորը Հայաստանի Շիրակի մարզից են: Նրանք հանցագործություն են կատարել»,- ասել է նա: Բայրամովը նաեւ նշել է, որ ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության՝ հայ զինծառայողները պետք է «լքեին Ադրբեջանի տարածքը», «բայց մենք նախկինի պես տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է զորքեր տեղակայել ադրբեջանական տարածքներում: Ադրբեջանական կողմը այդ կապակցությամբ տեղեկացրել է համապատասխան միջազգային կազմակերպություններին»,- ասել է Բայրամովը:

Վերջին օրերին Հայաստանի ուղղությամբ պաշտոնական Բաքվի մեղադրանքները սաստկացել են, նրանք հարկ են համարում ներկայացնել պատճառներ, թե ինչու ռազմագերիներին չեն վերադարձնում: Բաքուն շարունակում է նաեւ ականապատված տարածքների քարտեզների թեմայով եւս քննադատել ՀՀ իշխանություններին: Այս մթնոլորտը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ենթարկվում է որոշակի ճնշումների թե՛ Մոսկվայի, թե՛ Արեւմուտքի կողմից հայ ռազմագերիների վերադարձի հարցով:

Ապրիլի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հարցը: Մասնավորապես, նշվում էր, որ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման, 2020թ. նոյեմբերի 10-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների աստիճանական իրականացման գործում: «Պուտինն Էրդողանին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին շփումների մասին: Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության շուրջ», նշվում էր Կրեմլի հաղորդագրության մեջ:

Բաքվում սկսվեցին ընդդեմ Ռուսաստանի ցույցեր կազմակերպել

Թվում էր, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը գոնե առաջին հինգ տարիներին անհարթ է ընթանալու, սակայն, ինչպես երեւում է, ընդդեմ Ռուսաստանի ավելի ցցուն հանդես գալու հարցում թուրք-ադրբեջանական տանդեմը որոշել է չսպասել:
Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում «Մուսավաթ» երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց է կազմակերպել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան առաջ՝ բացատրություններ պահանջելով պատերազմի ժամանակ «Իսկանդերի» հրթիռների կիրառման վերաբերյալ: Ցույցի մասնակիցները նաեւ պահանջել են ռուս խաղաղապահներից չխոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում: Ցուցարարների ձեռքերին եղել են պաստառներ հետեւյալ գրություններով. «Ռուսաստա՛ն, ձեռքերդ հեռո՛ւ Ղարաբաղից», «Ղարաբաղն Ադրբեջան է», «Լաչինն Ադրբեջան է», «Իվա՛ն, տո՛ւն գնա»:

Նկատենք, որ ոստիկանությունը, բնականաբար, ցույցին չի միջամտել: Բաքվում դժվար է պատկերացնել բողոքի ցույցի անցկացում, որը իշխանության հավանությանը արժանացած չլինի: Ահա, նշյալ ցույցի մասնակիցներն ընթերցել են հայտարարություն, որում ասվում է, թե Շուշիի վրա «Իսկանդեր-Մ» հրթիռներով հարվածը ոչ միայն աջակցություն էր Հայաստանին, այլեւ ագրեսիա Ադրբեջանի դեմ:
Այսպես, «Շուշիի վրա «Իսկանդեր-Մ» հրթիռներով հարվածը» վերջին օրերին դարձել է ադրբեջանցի փորձագետների թիվ մեկ քննարկման թեման: Ակնհայտ է, որ քարոզչությունն իրականացվում է իշխանության պատվերով: Բանն այն է, որ Ադրբեջանում պնդում են, թե՝ «քանի որ «Իսկանդերի» «Մ» տարբերանշանով հրթիռներ Հայաստանը չէր կարող ունենալ, ուրեմն կամ ռուսական կողմը գաղտնի է այն Հայաստանին տրամադրել, կամ՝ Ռուսաստանի տարածքից են Շուշիին հարված հասցրել»:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանական քարոզչամեքենան այս թեման թեժ է պահելու, ընդհուպ մինչեւ բանը կարող է հասնել անգամ միջազգային կազմակերպություններում գործընկեր պետությունների օգնությամբ Ռուսաստանի ուղղությամբ քննադատություններին:
Ադրբեջանում Ռուսաստանի հանդեպ աճող դժգոհությունների ֆոնին մի ուշագրավ ենթատեքստով հայտարարություն հնչեց Ադրբեջանի նախագահի շուրթերից: Ապրիլի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել էր Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալին: Ահա, այս հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունում ասվում է, որ Ալիեւը հայտարարել է հետեւյալը. «Այն աջակցությունը, որը մենք պատերազմի առաջին ժամերին ստացանք իմ թանկագին եղբոր՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, ոգեշնչեց մեզ եւ ապահովեց, որպեսզի որոշ արտաքին ուժեր հեռու մնան այս պատերազմից»: Ապա նա հավելել է. «Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի աջակցությունը ընդմիշտ կմնա մեր հիշողության մեջ եւ մեր սրտերում»:

Ո՞ւմ նկատի ունի Ալիեւը՝ «որոշ արտաքին ուժեր» ասելով, որոնք «հեռու են մնացել պատերազմից»՝ Թուրքիայի աջակցության արդյունքում… Բնականաբար՝ հարցը հռետորական է, պարզ է, որ Ռուսաստանին: Այս հայտարարությունը եւս մի վկայություն է այն բանի, թե ինչ աստիճան է Ադրբեջանում դժգոհությունը մեծացել Ռուսաստանի նկատմամբ:

Ալիեւը անձամբ սլաքն ուղղեց դեպի Ռուսաստան

Եթե մինչեւ ապրիլի 12-ը ընդդեմ Ռուսաստանի, մասնավորապես՝ «Իսկանդեր Մ» հրթիռների կիրառման դեմ Ռուսաստանի նկատմամբ քննադատությունը պաշտոնական մակարդակով չէր իրականացվում, ապա ապրիլի 12-ին՝ մի քանի օրերի «դժգոհություններին» միացավ անձամբ Ալիեւը, որը ոչ ավել, ոչ պակաս պարզաբանում պահանջեց հայկական կողմի մոտ հայտնված «Իսկանդեր Մ» հրթիռների վերաբերյալ:

Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Բաքուն ցանկանում է պարզել, թե որտեղից է Հայաստանը ստացել «Իսկանդեր Մ» տեսակի հրթիռներ: Նրա պնդմամբ՝ հրթիռներից մեկը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում արձակվել է Շուշիի ուղղությամբ: «Որտեղի՞ց այդ հրթիռները, դրանք հայերի մոտ չպետք է լինեին, դա արդեն ինքնին հստակ ապացույց է, Հայաստանի ռազմական հանցագործության ապացույց, եւ մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես է այդ մահաբեր զենքը Հայաստանի ձեռքում հայտնվել: Մենք դեռեւս չենք ստացել այդ հարցի պատասխանը, սակայն կստանանք»,- նշեց Ալիեւը` ելույթ ունենալով Բաքվում «Ռազմական ավարի ցուցահանդեսի» բացմանը: Նա պնդել է նաեւ, թե «Իսկանդեր» տեսակի հրթիռը կիրառվել է «Շուշիի ազատագրումից հետո». «Մենք ունենք անհրաժեշտ չափով տեղեկատվություն, մենք պաշտոնական բացատրություն ենք սպասում»:

Հիշեցնենք, որ ռուսական կողմի տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն, «Իսկանդեր» տեսակի հրթիռներ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում չեն կիրառվել: «Կրեմլը չունի տեղեկություններ առ այն, թե որտեղից են գտնվել այդ հրթիռի բեկորները, որոնք, իբրեւ թե, ադրբեջանական կողմն է հայտնաբերել»,- ապրիլի 2-ին ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հնչող մեկնաբանություններին, թե Շուշիի ուղղությամբ կիրառվել են «Իսկանդեր Մ» տեսակի հրթիռներ, որոնք, ըստ նրանց՝ հայկական կողմը չուներ, ապա ռուսական շրջանակներից հնչել են ոչ պաշտոնական կարծիքներ, որ դրանք, ըստ ամենայնի, թուրքական գործուն աջակցությամբ Սիրիայից տեղափոխվել են Ադրբեջան, ապա՝ Շուշի:

Անկախ այն բանից, թե որ վարկածն է ճշմարիտ, մի բան հստակ է, Ադրբեջանի նախագահը Ռուսաստանին սադրելու հստակ քաղաքական գիծ է բռնել, բնականաբար, իր «թանկագին եղբոր»՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անմիջական հրահանգներով: Նոյեմբերի 10-ին՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության ստորագրումից 5 ամիս անց ղարաբաղյան «ճակատում» նշմարվեց Ռուսաստան-Թուրքիա առաջին լարումը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 14.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930