Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քոչարյանը կողքը մարդ չունի, բա մարդ 10 տարի երկիր ղեկավարի ու կողքը մարդ չունենա՞, հույսը դնի ՀՅԴ-ի վրա»

Ապրիլ 15,2021 15:00

Ալեն Սիմոնյանը՝ Քոչարյանի վարկանիշի մասին

«Ռոբերտ Քոչարյանը հույսը դրել է վարկանիշ չունեցող մի քանի կուսակցության վրա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նա վստահ է՝ Հայաստանում Քոչարյանը շոշափելի արդյունքի չի կարող հասնել. «Վերջիվերջո ՀՀ քաղաքացիների հիշողությունը հո այդքան կա՞րճ չի, որ ով ինչ ուզենա անի եւ դրանից հետո գա ասի՝ բա ես բան չեմ արել, մնացածն էին: Չեմ հավատում, որ ՀՀ քաղաքացիները այդ խաբկանքին կտրվեն»:

Դիտարկմանը, որ մինչեւ ձեր իշխանության գալը գուցե մարդիկ չէին ուզում լսել Քոչարյանի անունը, բայց հիմա արդեն այլ իրավիճակ է, դուք ապահովեցիք իր՝ գործոն լինելը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, իրականում մենք ապահովեցինք խոսքի ազատությունը: Այն մարդիկ, ովքեր մեր դեմ խոսում են, միշտ էլ մեր դեմ խոսել են: Դուք չեք կարող ասել հայտնի դեպք, որ մեկը մեզ է սատարել, հետո գնացել ու սատարել է Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ այն մարդը, ով սատարել է հեղափոխությանը, չի կարող գենետիկորեն սատարել Ռոբերտ Քոչարյանին: Դա անընդունելի բան է»:

Երբ ասացինք՝ ինչի չէի՞ն կարող պատերազմի արդյունքից հետո հասկանալ, որ սխալվել են ձեզ ընտրելով ու ձեր հետ լինելով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարող է մտածեն, որ սխալվել են, կարող է եւ հիասթափվեն, բայց դա չի նշանակում, որ գնալու են ամենավատ տարբերակը ընտրեն: Չի կարող մարդ, որը հեղափոխության արժեքները կիսել է, հիմա հիասթափվի եւ գնա ու Քոչարյան կամ Սերժ Սարգսյան կամ մեկ այլ նախկին իշխանության թեւի տակ: Իսկ Քոչարյանի հետ կապված գերագնահատում եք, որովհետեւ նա մարդ է, որը 10 տարի ղեկավարել է Հայաստանի Հանրապետությունը, երրորդ տարին է՝ իր հետ կապված դատական նիստը գնում է, իբր անընդհատ քաղաքականություն է վերադառնում, բայց կողքը մարդ չունի: Եկեք ծուռ նստենք՝ դուզը խոսանք, կողքը մարդ չունի, բա մարդ 10 տարի երկիր ղեկավարի ու կողքը մարդ չունենա՞, հույսը դնի ՀՅԴ-ի վրա, որը ԱԺ չի անցել: Է՞լ ով կա այնտեղ, իր մերձավորների ընտանիքի անդամների վրա է հույսը դրել: Այ դրանից ինքը պետք է հետեւություններ անի, 10 տարի ինքը ո՞նց է ղեկավարել, որ այսօր կողքը մարդ չունի»:
Բա ձեր կողքի՞ն ով է՝ հարցին ի պատասխան նա ասաց. «Ընտրություններին կգնանք, կտեսնենք»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ դուք մարզերի վրա՞ եք մենակ հույս դնում, որովհետեւ Երեւանում, ասում են, դուք ձայն չունեք՝ նա պատասխանեց. «Այսինքն, մարզերի քաղաքացիները քաղաքացի՞ չեն: Եթե ռեյտինգային համակարգը մնար, ես կրկին կառաջադրվեի Կենտրոնում, Էրեբունիում, Նուբարաշենում, Մարաշում ու կտեսնեինք, թե ով որտեղ ձայն ունի: Վերջիվերջո մեր ընդդիմադիր գործիչներից շատ քչերն են, որոնք ընտրությունների ժամանակ կարողացել են եւ որեւէ ձեւով հաղորդակցվել են ժողովրդի հետ: Իրենց համար՝ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի համար պետական ապարատը աշխատել է, նույնիսկ քարոզարշավին ակտիվ չեն մասնակցել, հետո գիտեք ինչ-որ ձեւի ընտրությունները իբր հաղթել են»:

Թե ինչու չկարողացան ապացուցել դա՝ նա պատասխանեց, որ ամեն ինչ արել են թե՛ Մարտի 1-ի հետ կապված, թե՛ այլ գործերի, որ չբացահայտվեն: Այն, որ բոլոր լծակներն իրենք ունեին բացահայտելու՝ Ալեն Սիմոնյանը չի ընդունում. «Հեղափոխությունը որոշ դատարաններ չի հասել… Նույնիսկ եթե դատարանի վճիռ լինի, մարդիկ, միեւնույն է, իրենց վերաբերմունքը, իրենց կարծիքն ունենալու են: Ես վստահ եմ, այն մարդիկ, ովքեր մեղավոր են Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի համար, կեղծված ընտրությունների համար՝ պատասխան են տալու: Ես երդվում եմ, որ ամեն ինչ անելու եմ իմ աշխատանքի միջոցով, որ որեւէ մեկը չխուսափի պատասխանատվությունից, անկախ նրանից, թե ով դա կլինի»:

Հիշեցրինք՝ 3 տարի անցավ, ձեզ քանի՞ տարվա մանդատ է պետք, որ ձեր ասածներն անեք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մանդատը տալու խնդիր չկա: Մենք արդեն ՀՀ-ում այնքան բան ենք փոխել, որ այլեւս հետ տալ չի լինի, դա ընտրությունների կեղծման հետ է կապված, դա մարդկանց գիտակցությունն է, պահանջատեր լինելը, խոսքի ազատությունը, որը հիմա շփոթում են լկտիության հետ: Մենք շատ հետաքրքիր քաղաքական փուլ ենք անցնում ու այս պատմական փուլը ՀՀ-ում ու ՀՀ քաղաքացիների կյանքում անդառնալի ձեւով շատ բաներ է փոխել ու փոխել է դեպի լավը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930