Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումների անհրաժեշտության և ելքի հնարավոր ուղու մասին

Ապրիլ 14,2021 22:33

 Իհարկե, դառն է, ստորացուցիչ երբ Ադրբեջանում ռազմավարի պուրակ են բացում, հեգնում, ծիծաղում են մեզ վրա: Սակայն դա չէ այնքան կարևոր, որքան այն, որ այս խայտառակ պարտության հետևանքով մենք այնքան ահավոր, ծանր կորուստներ կրեցինք, որ մեր կարողությունները արդեն չեն բավարարում նույնիսկ ոտքի կանգնելու համար: Եւ իրոք հայտնվել ենք անելանելի թվացող, շատ ու շատ բարդ իրավիճակում:

Մենք մինչ այդ էլ հետևից քարշ եկող երկրների շարքում էինք: Եւ ոչ միայն մեր պաշտպանական համակարգի, զենքի զինատեսակների խնդրի հետ կապված հարցով: Մնացած բազմաթիվ ոլորտներում էլ, ցավոք, մենք դեռ 80-ականների մակարդակում էինք մնացել: Եւ թեպետ այդ մասին բազմիցս ասվում էր, նույնիսկ իշխանության ներկայացուցիչների կողմից, սակայն իրավիճակի շտկմանը նպաստող լուրջ քայլեր ոչ հների, ոչ նորերի կողմից այդպես էլ, չձեռնարկվեց:

Այսպես օրինակ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանի հավաստմամբ մեր տնտեսության առկա վիճակը այսպես է բնութագրվում՝

«15 անգամ զիջում ենք աշխարհի 1-ին տեղերը զբաղեցնող երկրներին՝ մեկ շնչի հաշվով ստեղծված եկամուտի տեսանկյունից, ունենք՝ 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն Եվրոպայի միջին երկրների հետ համեմատած: Եւ գրեթե բոլոր ոլորտներում էլ տնտեսության վիճակը նույնն է»:

Զարմանալի է, որ Նիկոլն էլ իր ելույթներից մեկում նշում է, որ եթե մենք 1 ժամում տալիս ենք 6 դոլարի արտադրանք, ԵԱՏՄ-ում այն 11 դոլար է, զարգացած երկրներում`43…«կան երկրներ էլ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 100 դոլարի»:

Այս վիճակում էինք մենք արդեն մինչև պատերազմը: Դեռ անցյալ տարվա փետրվարին, համաճարակից էլ առաջ մենք արդեն դիմել էինք Կառավարությանը չգնալ տրորված ճանապարհով, տնտեսական հեղափոխության մասին անորոշ խոստումներ տալով չմոլորեցնել մարդկանց: Հաշվի առնել այն, որ մենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով առնվազն 7-8 անգամ հետ ենք մնացել զարգացած երկրներից: Եւ քանի որ նրանք էլ առաջիկայում ստիպված են լինելու տարեկան առնվազն 2-3 տոկոսի աճ ապահովել, ապա պարզ է, որ եթե մեր սուղ միջոցներով կարողանանք թեկուզ 8-10 տոկոսի աճ էլ ապահովել, մեկ է շարունակաբար ավելի ու ավելի հետ ենք մնալու, իր բոլոր բացասական հետևանքներով: Ցավոք, ինչպես միշտ, մեր այդ ահազանգ էլ այն ժամանակ մնաց անպատասխան:

Իսկ այժմ, այս խայտառակ պարտության պատճառով, երբ մենք ամենահամեստ հաշվարկներով առնվազն 10-15 միլիարդ դոլարի զենք, զինամթերքից ենք զրկվել, տնտեսվարման լուրջ նշանակություն ունեցող շատ տարածքներ ենք կորցրել, ավերվել են շատ ձեռնարկություններ, շենքեր, շինություններ, ակնհայտ է, որ այդ Կորուստների վերականգնման, նույնիսկ միայն մեր պաշտպանական համակարգը քիչ թե շատ արդիականացնելու, կարգի բերելու համար մեզ այնքան միջոցներ, ներդրումներ են պետք, որոնք ուղղակի հնարավոր չի լինի ապահովել միայն մեր երկրի, միայն հայաստանաբնակների միջոցներով:

Ակնհայտ է նաև, որ ներկայումս չենք էլ կարող ակնկալել նաև այլ երկրների, աջակցությունը: Խիստ սահմանափակումներով ուղեկցվող այս համաճարակից հետո, նրանք բոլորն էլ փորձելու են առաջին հերթին իրենց կորցրածը ետ բերել, իրենց տնտեսությունները ամրապնդել:

Իսկ առաջիկայում, աշխարհով մեկ շատ ավելի է խորանալու շերտավորումը: Գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ պարզունակ բոլոր այլ աշխատանքները կսկսեն կատարել անընդհատ կատարելագործվող ռոբոտները, ամբողջությամբ ավտոմատացված հոսքագծերը: Համաշխարհային դարձող աշխատանքի շուկայում, ժամանակակից այդ միջոցները չունեցող, արդի պահանջներին բավարարող գիտելիքներ տալու, մասնագիտական կարողությունների խորացմանը, վերապատրաստմանը նպաստելու հնարավորություն չունեցող երկրների աշխատավորները ուղղակի զրկվելու են նորմալ վարձատրվող աշխատանք գտնելու հնարավորությունից և բավարարվելու են այնպիսի աշխատավարձով, որը ավելի քիչ կլինի, քան ռոբոտների օգտագործման համար պահանջվող ծախսերը:

Դժվարին այս իրավիճակից ելք գտնելու համար մեզ ոչ սովորական, լրիվ նոր տիպի լուծումներ են պետք: Հակառակ դեպքում մենք երկար ժամանակ դատապարտված ենք մնալու կիսագաղութային, հետամնաց երկրների շարքում:

Ցավալի է, բայց սուտը, կեղծիքը, ինքնախաբեությամբ սփոփվելու մոլուցքը մեզանում այնքան լայն տարածում է գտել, որ ոչ միայն նիկոլականները այլ մեր քաղաքական գործիչներից շատերն էլ դեռ փորձում են չհասկանալու տալ դա: Իրենց էլ, մարդկանց էլ փորձում են համոզել, որ քիչ թե շատ կարգի բերելով այս կիսակործանված երկիրը, կարելի է ոչ միայն մեր պաշտպանական համակարգը ամրապնդել, այլ նաև պահանջվող առաջընթացն էլ ապահովել: Իսկ թե ոնց, ինչ միջոցներով պետք է դա անել նրանք վախենում են նույնիսկ մտածել այդ մասին:

Այսօր, երբ մեզանում ընդամենը 2,5 միլիոն մարդ է մնացել (արտագաղթն էլ դեռ շարունակվում է), արտադրողականության այդքան ցածր մակարդակ ունեցող մեր երկիրը, միայն իր ուժերով չի կարող դուրս գալ անընդհատ խորացող փոսից:

Իրականությունից փախչել, չհասկանալ, չհասկանալու տալ, որ մեր ժողովուրդը առանց աշխարհով մեկ մարդկային իր ողջ կապիտալի ամբողջացման, առանց Սփյուռքահայության ներուժի ներգրավման այլևս չի կարող ոտքի կանգնել, դավաճանության կարգի հանցագործություն է:

Առավել մեծ, անուղղելի հանցագործություն է թողնել մեր երկիրը այս ցավալի կարգավիճակում և հապշտապ, առանց լուծումներ գտնելու, առանց պահանջվող նախապատրաստական քայլերն անելու գնալ արտահերթ ընտրությունների: Դա կնշանակի ուղակի համաձայնվել եղածի հետ և ևս առնվազն 5 տարով փակել ելքի դեռ հնարավոր ուղիները,:

Այս հոդվածով ես առաջին հերթին ուզում եմ դիմել մեր հարգելի քաղաքական գործիչներին հետևյալ կոչով՝

Այսօր, երբ կշեռքի նժարին մեր ողջ ժողովրդի լինել, չլինելու հարցն է դրված, չի կարելի սխալվել: Մենք դեռ հնարավորություն ունենք դուրս գալու այս փոսից և մեզ արժանի տեղն ու դիրքը գրավել աշխարհում: Կա ելքի ուղու հստակ մշակված ծրագիր և այն կյանքի կոչելու համար բոլորիցս է շատ բան կախված:

Իրոք, հաշվի առնելով աշխարհաքաղաքական արդի զարգացումների մեզ համար խիստ բարենպաստ ուղղվածությունը, ինչպես նաև հեռահաղորդակցման, հեռակապի, աշխատանքների հեռավար կազմակերպման այն նոր, լայն հնարավորությունները, որ արդեն առկա են, ժամանակն է, մենք պարտավոր ենք և պետք է վերջապես սկսենք աշխարհով մեկ ձևավորել՝

 Նպատակային գործունեության ունակ, համազգային կառույցների մեր միաձույլ, հզոր, գործուն համակարգը, մեր 10 միլիոն հայության Հայ Ազգ կազմակերպությունը` իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստան պետությամբ:

 Իր Կազմավորման համար լուրջ ներդրումներ, նյութական լուրջ ծախսեր չպահանջող, փոխշահավետության սկզբունքով գործող, ծառայությունների մատուցման լայն հնարավորություններ ունեցող այն համակարգը, որը մեր կողմից առաջակվում է, իր աշխատանքների բարվոք կազմակերպման դեպքում, իրոք շատ արագ կկարողանա և պայմաններ ստեղծել, որ մեր երկիրը, վերջապես, ոտքի կանգնի, ամրապնդի իր պաշտպանական կարողությունները և կնպաստի նաև, որ մեր հայրենակիցներն էլ ամենուր կարողանան ապրել ավելի ապահով, ավելի բարեկեցիկ կյանքով:

Բայց դրա համար նախ և առաջ պետք է վերականգնել մեր հայրենակիցների հավատը մեր երկրի, մեր ապագայի նկատմամբ: Նրանց ներգրավվածությունը, մասնակցային ակտիվությանն ապահովելու համար, որպես առաջին քայլ, պետք է մեր իշխանական կառույցներում էլ նրանց անհրաժեշտ տեղեր հատկացվեն:

Պետք է ձևափոխվի, կարգի բերվի պետության կառուցվածքը: Մեր երկիրը իրոք պետք է դառնա բոլոր հայերի հայրենիքը: Կարողանա իր վրա վերցնել կարգավորող կենտրոնի բոլոր գործառույթները: Ազգային ժողովում պետք է լինի Սփյուռքի հարցերով զբաղվող առանձին, հիմնականում սփյուռքահայերից կազմված, հատուկ հանձնաժողով: Ինչպես նաև սահմանվի կարգ, պայմաններ ստեղծ- վեն, որ առանց խոչընդոտների մեր բոլոր ժամանակավոր արտագաղթածները, բոլոր երկքաղաքացիները ամենուր, առանց դժվարության կարողանան մասնակցել ընտրություններին, կարողանան ընտրել և ընտրվել:

Հարգելի գործիչներ այժմ Ձեզնից շատ բան է կախված: Եւ, եթե այլ ելք չմնա, ստիպված լինեք գնալ այդ ընտրություններին, ապա հաշվի առնելով ստեղծված իրավիճակը կմիավորեք նախընտրական հզոր մի դաշինքի մեջ: Եւ խնդիր դնելով ձևավորել մասնագետներից կազմված ժամանակավոր կառավարություն, որը կկայունացնի իրավիճակը և վերը նշված նախապատրաստական քայլերը անելուց հետո, հաջորդ տարվա աշնանը, ընտրողների արդեն ընդլայնված կազմով կնշանակի նոր արտահերթ ընտրություններ:

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ,

Հանրային խորհրդի անդամ՝ Արշակ Սադոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930