Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկասոցիալական փորձաքննության որոշ կարգավորումներ «Նոյի» թվից են. մարդը պետք է 3 ամիս հիվանդանոցներում քարշ գա». Արմեն Ալավերդյան

Ապրիլ 14,2021 19:11

Փորձաքննության այն չափորոշիչները, որոնք գործում են այս պահին, բացարձակ չեն համապատասխանում այն գաղափարախոսությանն ու քաղաքականությանը, որոնք պետությունը որդեգրել է, որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմ եւ բացարձակ չեն բխում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի պահանջներից: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը՝  «Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ այս խնդիրները մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ներկայացրել է, բայց դրանք ոչ միայն չեն լուծվել, այլեւ 2020 թվականին համավարակով, պատերազմական իրավիճակով եւ հետպատերազմյան խնդիրներով պայմանավորված՝ շատ ավելի սրվել են եւ առանձնահատուկ դրսեւորումներ են ձեռք բերել:

«Տարիներ շարունակ ասում ենք, որ հաշմանդամությունը սոցիալական երեւույթ է, որ այն պետք է գնահատվի ոչ միայն հաշվի առնելով անձի բուն առողջական վիճակը այլ նաեւ՝ այն միջավայրային, այն հարաբերությունների փոխազդեցությունը, որոնք անձի համար շատ ավելի կարեւոր են եւ անձի կենսագործունեության համար իրավիճակ ձեւավորող գործոններ են ապահովում, բայց գործող չափորոշիչները հիմնված են հաշմանդամությունը բժշկական տեսանկյունից գնահատելու վրա»,-ասաց Մոնիկա Սարգսյանը:

«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքով,  համակարգը վստահություն չի ներշնչում տարիներ ի վեր եւ հիմա էլ վստահություն չի վայելում՝ հատկապես հաշմանդամության խմբերը սահմանելու հարցում: Ըստ պարոն Ալավերդյանի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում որոշ կարգավորումներ «Նոյի» թվից են. «Օրինակ մարդը, որը խնդիր չուներ, բայց հիվանդացավ, նա պետք է 3 ամիս հիվանդանոցներով քարշ գա՝ մինչեւ նրա հաշմանդամությունը հաստատվի: Ինչո՞ւ երեք ամիս այլ ոչ՝ երեք օր, եթե ակնհայտ է նրա վիճակը, որ դա հաշմանդամություն է, ինչո՞ւ պետք է նա սպասի»:

Արմեն Ալավերդյանը գտնում է, որ ընդհանրապես այս համակարգում բյուրոկրատիան  պետք է բացառել. «Ահազանգեր եմ ստացել, որ մեր վիրավորված զինծառայողները, որոնք ունեն հաշմանդամություն, գրվում է՝ բեկորային վնասվածք, իսկ ի՞նչն է խանգարում միանգամից արձանագրելու: Մի թե հնարավոր չէ՞ այդ կարգավորումները, ակտերը փոփոխել այնպես, որ ավելորդ բյուրոկրատիայից խուսափել, հիմա ժամերի ընթացքում Սահմանադրություն են փոխում»:

Քննարկմանը մասնակից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռիմա Եգանյանն ի պատասխան մեղադրանքներին, ասաց, որ բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները եւ իրականացման կարգը կառավարության որոշմամբ սահմանված դրույթներով է: Նրա խոսքով, այն միայն բժշկական մոդել չէ, սոցիալական բաղադրիչը եւս հաշվի առնված է. «Այլ հարց է, որ գուցե այն չափով չէ, որ անհրաժեշտ է, այսօրվա գործող չափորոշիչով, գուցե քիչ տեղ է գրավում սոցիալական բաղադրիչը, բայց այսօրվա կարգով էլ բացի օրգանիզմի գործառույթների կայուն խանգարումից, հաշվի է առնվում նաեւ մարդու կենսագործունեությունը: Այսինքն՝ մարդն ի՞նչ չի կարողանում անել, չի կարողանում տեղաշարժվել, ինքնասպասարկվել, հաղորդակցվել, կողմնորոշվել եւ այլն»:

Տիկին Եգանյանը բնական համարեց քաղաքացիների դժգոհությունները. «Որովհետեւ մենք մի յուրօրինակ դատավոր ենք դարձել քաղաքացու համար. Որոշում կտանք՝ մարդու կյանքը կփրկեն, որոշում չենք տա՝ մարդը կարող է կյանքից զրկվել: Բայց մեխանիզմներ պետք է մտածել, ոչ միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում, այլ պետք է բժշկական ապահովագրություն ներդնել, որպեսզի մարդը ճիշտ, ժամանակին ու որակով բուժում ստանա, որպեսզի չդառնա հաշմանդամություն ունեցող անձ եւ պետության վրա չդառնա մեծ բեռ: Եթե մենք գումարն օգտագործում ենք մարդու առողջությունը վերականգնելու վրա, մարդը չի դառնում հաշմանդամություն ունեցող եւ այն գումարը, որը պետությունը տարիներ շարունակ ծախսում է հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական երաշխիքների վրա, կծախսի առողջապահական ոլորտի վրա»:

Ռիմա Եգանյանն ի պատասխան նաեւ ասաց, որ նշված խնդիրների մեծ մասի լուծումը կա, բայց հասարակական կազմակերպությունները իրազեկ չեն: Ըստ նրա, կան իրավական ակտեր, որոնք վաղուց շրջանառվում են, բայց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այդ մասին չեն խոսում եւ միայն հնացած որոշումների մասի են խոսում, ութ տարի դիտարկում:

Անդրադառնալով Արմեն Ալավերդյանի ներկայացրած այն հարցին, որ զինվորականին միանգամից չեն տալիս հաշմանդամության կարգը, տիկին Եգանյանն ասաց, որ զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինվորականը կամ՝ կամավորականը, եթե ունի պարագաների կարիք, այն տրամադրվում է՝ առանց հաշմանդամության խումբ սահմանելու: Իսկ գործընթացը դանդաղել է, քանի որ ծավալներն աննախադեպ են. «Չկան հրամանատարները, զորամասերը, որպեսզի տվյալ անձի մասին այդ տեղեկատվությունը գա պաշտպանության նախարարություն  եւ նախարարությունը տա պատճառական կապ, եւ այդ պատճառով գործընթացը դանդաղել է: Մարտ ամսից սկսած՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն հաշմանդամություն եւ այդ պատճառական կապը՝ առանց փորձաքննության ստացել են այդ պարագաները»:
Նախարարության ներկայացուցիչն ասաց, որ բոլորին հայտնաբերել են հիվանդանոցներում, տներում, վերականգնողական կենտրոններում, տնայցեր են կատարել, գնահատել են կարիքը, որպեսզի պրոթեզը ճիշտ ու ժամանակին հասնի զինծառայողներին:

Ինչ վերաբերում է այն խնդրին, որ մարդը պետք է 3 ամիս սպասի՝ մինչեւ որ հաշմանդամության կարգը ստանա, Ռիմա Եգանյանն ասաց, կան հիվանդությունների ցանկ, որի պարագայում անձը չի սպասում երեք ամիս եւ անմիջապես կարող է դիմել ու հաշմանդամության կարգ ձեռք բերել. «Բայց կան հիվանդություններ՝ օրինակ ուղեղի արյան շրջանառության խանգարումներից հետո նա առաջին խմբի հաշմանդամ է, կոմայի մեջ է, բայց երկու-երեք շաբաթ հետո անձի մոտ կենսագործունեությունը վերականգնվում է: Այդ ժամկետը այն օպտիմալ ժամանակահատվածն է, որ մարդը կարող է ախտորոշվել, բուժական միջոցառումներն իրականացնել եւ արդյունքը լինում է երեք ամիս հետո»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930