Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի հանգամանքներում փաստաթղթում դրվում է մի տեքստ, որի համար խորհուրդը չի քննարկել

Ապրիլ 14,2021 19:33

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստի ավարտին ԵՊՀ  հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին:

Նա անդրադարձավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի  նիստի օրակարգային հարցերին և խոսեց նիստի անընդմեջ հետաձգման պատճառների մասին:

Մ. Մալխասյանի ներկայացմամբ, ԵՊՀ  հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգը ձևավորվում է նիստի ընթացքում խորհրդի անդամների կողմից:

«Ես քանիցս արդեն բացատրել եմ, որ օրակարգը վերջնականապես ձևավորվում և վերջնական տեսք է ստանում  խորհրդի անդամների առաջարկների հիման վրա: Քվեարկության որևէ հարց կամ առաջարկություն իմ կողմից չի արվել. դրանք նախապես արդեն ներառված են եղել օրակարգում»,- նշեց Մ. Մալխասյանը:

Վերջինիս տեղեկացմամբ, օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ռեկտորի հաշվետվությանը, որն օրակարգում ընդգրկվել էր հունվարի 20-ին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:

«Մյուս առաջարկը եղել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գևորգյանի կողմից՝ գրության տեսքով, մյուս չորսը նախատեսված է եղել քննարկել դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանի առաջարկով»,- ասաց Միքայել Մալխասյանը:

Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկն անդրադարձավ ԿԳՄՍՆ ներկայացուցիչների այսօրվա ասուլիսին՝ մեջբերելով ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքը, որտեղ նշվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից նրա դուրս գալու պատճառների մասին:

«Անհասկանալի հանգամանքներում փաստաթղթում դրվում է մի տեքստ, որի համար խորհուրդը չի քննարկել։ Երբ հայտնաբերում ենք, որ տեղի է ունեցել քննարկումների և կայացած որոշումների խեղաթյուրում, ապա առնվազն չունենք վստահություն այդ խորհրդում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։ Սա առանցքային նշանակություն ունի»,- ասվում է ԿԳՄՍ փոխնախարարի խոսքում:

Լրագրողը հետաքրքրվեց Մ. Մալխասյանից, թե նիստում չի՞ ընդգրկվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը, և ԵՊՀ կայքում չքվեարկված որոշում հրապարակվե՞լ է, ինչպես նշել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ես երբևէ որևէ հարց չեմ ներառել օրակարգում: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու հարցն առաջադրվել է նախորդ նիստից առաջ՝ խորհրդի 2 անդամի կողմից: Ես համակարծիք եմ եղել այդ գաղափարին և նշել եմ, որ դա իմ որոշելիքը չէ, ուստի պետք է այդ մասին տեղում քննարկել,- ասաց Մ. Մալխասյանն ու մանրամասնեց,- այստեղ հարցն այլ է. նախապես առաքված որոշման տեքստում նշված է եղել, որ խորհուրդը որոշել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրել, տեքստում նախագահի անունը բաց թողնված է եղել, հետևաբար տրամաբանական է, որ որևէ մեկը պետք է ընտրվեր, սակայն նիստի ժամանակ ընտրություն չի կայացվել: Այն տեքստը, որը նախապես ներկայացված էր, և ըստ որի՝ որևէ մեկը պետք է ընտրվեր Հոգաբարձուների խորհրդի նախագահ, և այն տեքստը, որը վերջնական տեսք է ստացել, պարզ է, որ պետք է տարբերություն ունենար»:

Մ. Մալխասյանի կարծիքով, այդ հարցին լուծում տալու համար պետք է խորհրդի անդամները մասնակցեին նիստին, քվեարկեին և ընտրեին:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարն ասաց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից հրաժարական ներկայացրած անդամների նմանօրինակ հիմնավորումը նա առաջին անգամ է լսում:

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից հրաժարական ներկայացրած 15 հոգուց 13-ը չեն հիմնավորել իրենց հրաժարականի պատճառները, անդամներից մեկը հրաժարականը պայմանավորել է տիրող անորոշ իրավիճակով, իսկ մյուսը՝ աշխատանքային զբաղվածությամբ,- ասաց Միքայել Մալխասյանը և պարզաբանեց,- ես չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել նրանց անձնական մտորումները: Եթե նրանք այդ մասին հայտարարեին հունվարի 29-ին կամ հունվարի 29-ից  3 օր անց, երբ նիստի արձանագրությունը և որոշումները տեղադրվել էին ԵՊՀ կայքում, ես դա լիարժեքորեն կհամարեի հիմնավորում. ինչքան ժամանակ է անցել, նայեք օրացույցին»:

Ասուլիսի ավարտին Մ. Մալխասյանը, այդուհանդերձ, հույս հայտնեց, որ վաղը կկայանա Հոգաբարձուների խորհրդի նիստը, և նիստի անդամների կազմը կհամալրվել:

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատանքը պետք է շարունակվի: Ինձ համար էական չէ՝ ես կշարունակեմ մնալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, թե ոչ, ինձ համար կարևորը խորհրդի շարունակական աշխատանքն է: Ցանկացած մտահոգ անդամ պետք է աշխատի այդ ուղղությամբ»,- ամփոփեց Մ. Մալխասյանը:

Երևանի պետական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930