Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի կոշտ հակադարձը Իրանին ՀԳՀԾ-ի բանակցություններից հետո՝ Նաթանզում

Ապրիլ 14,2021 20:45

Իրանի միջուկային գործողության և ՀԳՀԾ-ի վերականգնման ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված լրացուցիչ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ տարվող ջանքերի ֆոնին, ԻԻՀ  և 4+1 խմբի անդամ պետությունների փոխարտգործնախարարների մակարդակով ՀԳՀԾ-ի  համատեղ հանձնաժողովի նիստի երրորդ փուլը ապրիլի 9 տեղի ունեցավ Վիեննայում և որոշում ընդունվեց   հաջորդ նիստը տեղի ունենա  չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին Վիեննայում:

Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել մասնագիտական ​​բանակցությունները` պատժամիջոցները չեղարկելու քայլերի և Իրանի միջուկային գործունեության շուրջ:

Վիեննայում կայացած նիստերից հետո Իրանցի և ամերիկացի ինչու չէ նաև 4+1 խմբի անդամ պետությունների պատասխանատու անձինք և դիվանագետներ լավատեսական հայտարարություններով հանդես գալով հույս հայտնեցի,ն որ մոտ ապագայում հնարավոր է լուծել ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցը և որոշակի պայմանավորվածության հանգել Իրանի միջուկային գործունեության միջազգային հանգուցալուծման հարցի շուրջ:

Սակայն, այն ինչ-որ լիովին անտեսվել էր այս բանակցություններում և նրան հաջորդող պայմանավորվածությունների համատեքստում, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից բխող կոշտ հակադարձության և ուժի կիրառման անխուսափելի և ընդունված նորմի կիրառումն էր՝ Իրան-Իսրայել տարածաշրջանային մրցակցության և պրոքսի պատերազմի խաղադաշտում:

4+1 խմբի անդամ պետությունները և մասամբ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին անուղղակի մասնակցած ԱՄՆ-ը, բանակցությունների արդյունքում հաշվի չեին առել Իսրայելի գործոնը Իրանի միջուկային ծրագրի խափանման կամ կասեցման գործում: Իսկ, Իսրայելը նախքան բանակցությունները և բանակցություններին հաջորդող օրը, իր դժգոհությունն էր հայտնել Վիեննայի նիստի արդյունքների կապակցությամբ, որին այնքան էլ լուրջ չվերաբերվեցին Սպիտակ Տան պաշտոնյաներն ու եվրոպական եռյակը:

Արդյունքում, անսպասելիորեն Վիեննայի բանակցություններին անմիջապես հաջորդող օրերին, այսինքն ապրիլի 11-ի վաղ առավոտյան Իրանի  կենտրոնական  Նաթանզի Շահիդ Ահմադի Ռոշանի միջուկային օբյեկտի էլեկտրամատակարարման ցանցում տեղի ունեցավ պայթյուն վթար:

Այն ինչ որ 2021 թ.-ի ապրիլի 11-ի առավոտյան տեղի ունեցավ Իրանի Նաթանզի Շահիդ Ահմադի Ռոշան անվան ուրանի հարստացման օբյեկտի  էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում, կարելի է համարել Իսրայելի կողմից Իրանի միջուկային գործունեության դեմ ուղղված հերթական խափանարարական քայլ , որը միտված է խոչընդոտել Իրանի ուրանի հարստացման գործողությունը, որը վերջերս հաստատվեց նաև Իրանի իսլամական խորհրդարանի կողմից և մյուս կողմից խանգարել ՀԳՀԾ-ի վերականգնման ուղղությամբ 4+1 խմբի և ԱՄՆ-ի անուղղակի մասնակցությամբ Վիեննայում անցկացվող համատեղ բանակցությունները:

Իհարկե, Նաթանզի միջուկային համալիրը նախկինում ևս Իսրայելի անվտանգության  գործակալների կողմից կիբեր հարձակման էր ենթարկվել: Իսկ շուրջ 9 ամիս առաջ դարձյալ Իրանի Նաթանզի ուրանի հարստացման միջուկային օբյեկտի սենտրիֆուգների համալիրի մի բլոկում տեղի ունեցավ ուժգին պայթյուն, որի մեջ իրանցիները դարձյալ մեղադրեցին Իսրայելին:

Ապրիլի 11-ին, Իրանը Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի էլեկտրաբաշխման ցանցում տեղի ունեցած վթարից անմիջապես հետո արագ դիրքորոշմամբ Թեհրանը պաշտոնապես մեղադրել է Իսրայելին: Թեհրանը նաև հայտարարել է, որ  միջադեպին կպատասխանի համապատասխան միջոցներով:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին միջադեպը որակել է, որպես ահաբեկչական գործողության արդյունք և շեշտել, որ Թեհրանն իրեն պատասխանի իրավունք է վերապահում: Նման հայտարարությամբ հանդես են եկել Իրանի համարյա բոլոր բարձրաստիճան ռազմական և պետական պաշտոնատարները:

Առ ի հաստատում և հստակեցում, Իրանի կոպիտ պատասխան տալու իրավունքին՝  Իրանի արտգործնախարար Զարիֆը նշել է, որ Իսրայելն իր պատասխանն ստանալու է միջուկային ոլորտում Իրանի  ավելի մեծ առաջընթացով:

Իսկ ռազմական հրամանատարության սպառնալիքները իրականացվեցին ավելի ցավոտ և կտրուկ պատասխանով: Ապրիլի 12-ին, տեղական, տարածաշրջանային և միջազգային դիվանագիտական ու ԶԼՄ-ների շրջանակներում բարձրացված աղմուկի խլացուցիչ մթնոլորտում, չուշացավ Իրանի հավանական կոշտ պատասխանը Իսրայելին: Նույն օրը Al-Arabiya հեռուստաալիքը հաղորդեց, որ Իրանին վերագրվող մի նավակ, Պարսից ծոցի ջրերում ԱՄԷ-ի ափերի մոտ,  հրթիռ է արձակել պարսից  ծովում գտնվող իսրայելական բեռնատար նավի վրա: Հաղորդվում է, որ նավը պատկանում է Իսրայելին և զբաղվում է ավտոմեքենաների փոխադրմամբ: Դեպքի հետևանքով թեթև վնասվել է նավը, սակայն չկան տուժածներ: Հակառակ Իսրայելի կողմից Իրանի դեմ անցյալում իրականացրած կիբեր հարձակումներին և այլ դիվերսիոն գործողություններին, այս անգամ Իրանի կոշտ պատասխանը շատ չուշացավ, որը Իսրայելին, ԱՄՆ-ին և նրանց տարածաշրջանային դաշնակիցներին այն ուղերձն է պարունակում, որ Իրանը  այլևս չի հանդուրժում իր ազգային շահերին դեմ ուղղված ցանկացած հարձակում կամ դիվերսիոն գործողություն և հակադարձելու է նրանց, բոլոր կոշտ միջոցները կիրառելով հակառակորդի դեմ:

Սիրիայում Իրանի կողմից հովանավորվող դիմադրության ուժերի հենակետերի դեմ Իսրայելի հաճախակի օդային հարձակումները, Մոսադի համագործակցությունը տարածաշրջանում Իրանի և Սիրիայի դեմ կռվող  հայտնի ահաբեկչական խմբավորումների հետ, Իսրայելի Դիմոնայի ատոմակայանում ոչ ավանդական միջուկային գործունեությունը, Իսրայելի միջուկային զինանոցի անօրինական արդիականացումն ու միջուկային մարտագլխիկներով հրթիռային ծրագրի ընդլայնումը և Իրանի  միջուկային օբյեկտների դեմ դիվերսիոն գործողությունների   շարունակվելը, այն ցուցակն է, որի մեջ Իրանը մեղադրում է Իսրայելին և Թեհրանը այն համարում է՝  իր դեմ ուղղված  Իսրայելի հարձակողական վտանգավոր մոտեցումը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:

Միաժամանակ հաշվի առնելով, որ եթե իրոք Իսրայելն է իրականացրել  Նաթանզի միջուկային  օբյեկտի էլեկտրաբաշխման ցանցի վրա դիվերսիոն հարձակումը, այն պետք է համարել Թել Ավիվ-Թեհրան պրոքսի պատերազմի մեկ այլ փուլ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:

Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպից հետո Իսրայելի բանակի շտաբի պետ գեներալ Ավիվ Քուխավին առանց անդրադառնալու Իրանին ասել է.«Իսրայելի ռազմական գործողությունները ողջ Մերձավոր Արևելքում թաքնված չեն թշնամիներից: Նրանք իրենց քայլերը կատարում են զգուշորեն ՝ հաշվի առնելով մեր գործողությունները: Բարդ  գործողությունների շնորհիվ անցյալ տարի Իսրայելի քաղաքացիների համար ամենաապահով տարիներից մեկն էր»: Իսրայելի բանակի շտաբի պետի այս հայտարարությունը ինքնին վկայում է Նաթանզի ուրանի հարստացման միջուկային օբյեկտի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում տեղի ունեցած միջադեպում, Իսրայելի դերակատարության մասին:

Հատկանշական է, որ իսրայելացիները թիրախավորել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը  հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մեկնել էր Իսրայել ՝ Նեթանյահուի կառավարության պաշտոնյաների հետ բանակցելու համար»: Իսկ միաժամանակ  Թեհրանում այլ զարգացումներ էին տեղի ունենում կապված ՀԳՀԾ-ի բանակցությունների արդյունքների և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները մեղմելու քայլերի հետ: Ապրիլի 12-ին Հարավային Կորեայի վարչապետ Չունգ Սե-Կյունը ժամանել էր Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ: Հարավային Կորեայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, Իրանի պետական բարձրաստիճան պաշտոնյաները միանշանակորեն պահանջել են անհապաղ և գործնական լուծումներ ներկայացնել Իրանի միջազգային բանկերում արտարժույթի ռեսուրսների և Հարավային Կորեայի բանկերում Իրանի սառեցված ակտիվ ների ազատման խնդիրների լուծման համար:

Այս նոր զարգացումը, որն անկասկած կատարվել է ԱՄՆ-ի նոր վարչակազմի կանաչ լուսով մեծ դժգոհություն է առաջացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոտ, քանի որ Իրանի տնտեսական թուլացումը և միջազգային մեկուսացումը Իսրայելի ռազմավարական այլ ծրագրերն են կազմում Իրանին թուլացնելու համար:

Սակայն, Իրանն էլ հայտարարել է, որ Իսրայելի դիվերսիոն և ՀԳՀԾ-ի դեմ ուղղված գործողություններն անպատասխան չեն մնա:

Դեպքից անմիջապես հետո Իրանը հայտարարեց, որ ուրանի 60 տոկոս հարստացումն իրականացվելու է Նաթանզի միջուկային համալիրում՝ նոր IR-4 և IR6 ցենտրիֆուգների երկու շղթաներում:

Իրանի պաշտոնյաները և դիվանագիտական շրջանակները հայտարարել են, որ ՀԳՀԾ-ի 26  և 36-րդ հոդվածների համաձայն, Իրանն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել իր պարտավորությունները, եթե մյուս կողմը չի կատարում իր պարտավորությունները: Սա իրանի կտրուկ պատասխանն է ԱՄՆ-ին և Իսրայելին, որ Իրանը ավելի արագ քայլերով շարունակելու է ուրանի հարստացման գործողությունները այն 20 տոկոսի սահմանից ավելացնելով 60 տոկոսի:

Իրադարձությունների արագ զարգացման համատեքտում ապրիլի 13-ին  Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Թեհրանում կայացած  հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գոհունակություն է հայտնել Նաթանզի դիվերսիայի հարցում Ռուսաստանի խիստ դիրքորոշման կապակցությամբ, հավելելով.«ԱՄՆ-ը պետք է չեղարկի ի բոլոր պատժամիջոցները առանց հապաղելու իր պարտավորությունները կատարելու հարցում, իսկ Իրանը ՀԳՀԾ-ի պարտավորություններին վերադառնալու իր գործողություններն կձեռնարկի պատժամիջոցները չեղարկելու քայլերը ստուգումից հետո»:

Վիենայում կայացած  ՀԳՀԾ-ի բանակցություններից և դրան հաջորդող անակնկալ Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարային դիվերսիոն միջադեպից հետո, Իրանը փորձում է միջազգային ասպարեզում և ՀԳՀԾ-ի բանակցությունների հարթակում իր դիրքերն ամրացնելու նպատակով  վերահաստատել իր դաշնակցային կապերը Ռուսաստանի հետ: Հետևաբար նաթանզի դեպքին հաջորդող օրը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն շտապեց ժամանել Թեհրան: Թեհրանում նա հանդիպել ու բանակցել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:Լավրովի Թեհրան կատարած այցի շրջանակում կողմերը ստորագրել են էներգետիկայի, տրանսպորտի և առևտրական երկարատև համագործակցության պայմանագրեր: Անկասկած, սա Իրանի և Չինաստանի միջև ստորագրված 25 ամյա համագործակցության պայմանագրից հետո Իրանի դիրքերը ամրացնելու երկրորդ քայլն է, որով Իրանը փորձում է իր հակառակորդներին այն մեսիջը ուղարկել, որ ցանկացած խոչընդոտի հարուցում Իրանի միջուկային գործարքի և պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ խափանարարական քայլ՝ կհանգեցնի Իրանի իշխանությունների հարաբերությունների ամրագրմանը արևելյան  մյուս տերություններ՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ:

Կասկած չկա, որ Իրանի հետ ստորագրված 25-ամյա Իրան-Չինաստան համագործակցության պայմանագիրը Թեհրանի ղեկավարությանը ավելի է գոտեպնդել ամուր դիրքերից ներկա գտնվել ՀԳՀԾ-ի բանակցություններում: Այս անգամ դա ամրագրվեց Ռուսաստանի հետ Թեհրանում ստորագրված երկարատև համագործակցության պայմանագրով:

Թեհրանում ՌԴ ԱԳ նախարար լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ ջավադ Զարիֆն  ընդգծել  է.«Ամերիկացիները պետք է իմանան, որ ոչ պատժամիջոցները, ոչ էլ սաբոտաժը չեն դառնա բանակցային գործիք և միայն կբարդացնեն իրավիճակը նրանց համար»:

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930