Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը ապրիլի 29-30-ին Կազանում սպասվող ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին RBK-ին ասել են Ռուսաստանի և Հայաստանը երեք դիվանագիտական աղբյուրներ, և հաստատել է կազմակերպության աշխատակազմի աղբյուրը:
Բաքուն կարող է իր ներկայացուցիչներին ուղարկել Կազան, եթե դրան համաձայնի Երևանը: Եվ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանը և Բաքուն պետք է հաղթահարեն որոշ տարաձայնություններ, մասնավորապես, լուծեն հայ ռազմագերիների վերադարձի հարցը, ասել է հայկական կողմից RBK-ի աղբյուրը:
«Իսկապես, եղել է այդպիսի գաղափար,- ասել է աղբյուրը:- Մենք ոչ թե սկզբունքորեն դեմ ենք, այլ ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում ռազմագերիների հարցը»: Երևանը կազմել է իր մարդկանց ցանկը՝ մոտ 200 անուն, և արդեն դրանք փոխանցել Կարմիր Խաչին, ասել է հայկական կողմից մեկ այլ աղբյուր:
Չլուծված խնդիրների շարքում պարբերականի զրուցակիցները նշել են նաև տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման տարբերակների քննարկումը:
Կարդացեք նաև
«Պատկերացնել, որ երկու շաբաթում կարող են լուծվել երկու երկրների առջև ծառացած խնդիրները, իհարկե, հնարավոր չէ. տարաձայնությունները չափազանց խորն են»,- ասել է հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ քիչ հավանական է առաջիկայում ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը ԵԱՏՄ հարթակներում:
Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-ից RBK-ի հարցմանը պատասխանել են, որ միությունում կարգավիճակ չունեցող երկրի մասնակցությունը խորհրդի նիստին դեռ քննարկվում է, ԵԱՏՄ անդամ երկրներն այդ հարցում միասնական մոտեցում չունեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ