Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհեթեթ է հնչեցնել ԳՇ պետի կողմից մի բան, որ կռիվը դադարեցրեք, ես գնացի տուն, նման բան չի կարող լինել». Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 14,2021 18:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ ասաց. «Գաղտնիք բացեմ եւ ասեմ, թե ինչ է ասել ինձ ՀՀ առաջին նախագահը՝ 2018թ․-ի հուլիսին մեր հանդիպման ժամանակ։ Մեջբերեմ՝ հողերն արդեն պետք է տաս»:

Առաջին նախագահի գրասենյակից ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը արձագանքել է. «Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի»:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Դե հիմա գրասենյակը ինչ-որ հայտարարություն է տարածել, բայց Փաշինյանը տարածեց տեղեկատվություն: Ուշադիր եղեք, տեղեկատվությունը շատ կարեւոր էր: Նա ներկայացրեց իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին, դրանք շատ կարեւոր են: Հետագայում, երբ բոլոր դետալները կհամադրեք, պարզ կլինի, թե ինչ ու որտեղ ենք հասել»:

Անդրադառնալով Գլխավոր շտաբի նախկին պետի հերքմանը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ ԳՇ-ի կողմից հայտարարության ձեւով եւ այն, ինչ սպասվում էր, որ տեղի կունենա մեր ներքաղաքական կյանքում, հարցեր չե՞ն առաջացնում: Դրանք բոլորը փոխկապակցված են»:

Նա հայտարարեց. «Անհեթեթ է հնչեցնել ԳՇ պետի կողմից մի բան, որ կռիվը դադարեցրեք, ես գնացի տուն: Նման բան չի կարող լինել: ԳՇ-ի խնդիրը կռիվը կառավարելն է, կռիվը դադարեցնելը»: Նա օրինակ բերեց առաջին պատերազմը, երբ շատ ավելի ծանր կորուստներ ենք ունեցել, բայց երբեք ԳՇ պետերը, ով էլ լիներ այդ պահին չէր ասի՝ դադարեցրեք, այլեւս չեմ կարողանում կռվել»:

Հարցին՝ եթե ԳՇ պետը գնահատում է ռեսուրսները, ո՞նց կարող է չդադարեցնել պատերազմը, ինքնասպանության գնալ՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ի՞նչ եք ասում, դուք կռիվ կինոներ հեչ չե՞ք տեսել: Ուրեմն դոկումենտալ ֆիլմեր նայեք ու կտեսնեք, որ վերջում հաղթում է կամային որոշումը»:

Նա ասաց, որ քննությունը կենսական անհրաժեշտություն է լինելու ու այսպես մեղադրանքների շուրջ պտտվելով՝ ոչ մի բանի չենք հասնի: Դրա ձեւաչափը Անդրանիկ Քոչարյանը տեսնում էր այսպես. արտահերթ ընտրություններից հետո նոր իշխանությունը մանդատ կստանա ու քննություն կիրականացնի, բայց պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի լիազորությունները մի քիչ պետք է ընդլայնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930