«Լավ առաջարկ է, կդիտարկենք ԱԽ նիստի արձանագրության այդ հատվածը հրապարակելը։ Ինչ ես այսօր ասացի, բառացի մեջբերում կարող եք համարել Օնիկ Գասպարյանի ելույթներից։ Դրանք գաղտնի փաստաթղթերով առավել մանրամասն արձանագրված են։ Ինչ ասացի, դա ապացուցելի է»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նրանից հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս կապացուցի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ այսօրվա ասածները, որովհետեւ Գասպարյանը պատասխանել է ու պնդել, որ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է իրականությունը, գուցե հրապարակվի՞ ձայնագրությունը։
Մարուքյանը նաեւ հետաքրքրվեց՝ մարտի մեկի հավաքի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին մեղադրեց իր հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունը Սերժ Սարգսյանի հրահանգով գրելու մեջ, բայց դա էլ չապացուցվեց։
Կարդացեք նաև
Փաշինյանը պնդեց, որ իր այդ ասածը եւս ապացուցելի է․ «Օնիկ Գասպարյանն ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր խոսակցությունների եւ զրույցների մասին։ Բառացի գիտեմ, թե ինչ է խոսել, ինչ է ասել Սերժ Սարգսյանը։ Գիտեմ, որ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից եւ Օնիկ Գասպարյանի՝ պետական հեղաշրջման փորձի շրջանում նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Դա եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո։ Կհանձնարարեմ, որ վաղը ձեզ հրավիրեն կառավարություն կամ ԱԱԾ եւ ծանոթացնեն բոլոր փաստաթղթերի հետ»։
Էդմոն Մարուքյանը նաեւ հարցրեց՝ եթե Փաշինյանի ասելով Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին զեկուցել է, որ հակառակորդն առաջխաղացում չունի, իսկ պաշտոնական հայտարարության մեջ ասել, թե դիմադրելու մի քանի օրվա ռեսուրս ունեն, ապա ինչո՞ւ է Փաշինյանը հիմա բարձրաձայնում այդ մասին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ չի ուզել տպավորություն ստեղծել, թե ինքը փորձում է որեւէ պատասխանատվությունից խուսափել․ «Չեմ ուզել ի ցույց դնել մեր որոշ գեներալների վախկոտությունը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ