Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին:
Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող շինարարության ընթացքն ու նոր սկսվելիք ծրագրերը: Կառույցի փոխտնօրենը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում մի քանի բազմաբնակարան շենքերի կառուցման մրցույթներ են հայտարարված, նախագծման փուլում են Ասկերանի շրջանում մի քանի նոր բնակավայրեր: Լրացվել է այն համայնքների շարքը, որոնք առաջիկայում մայրուղիներին կապող ասֆալտապատ ճանապարհներ կունենան:
Նախագահ Հարությունյանը իր խոսքում կարևորել է հատկապես Կարմիր շուկա բնակավայրում իրականացվելիք շինարարական աշխատանքները: Հաշվի առնելով բնակավայրի ռազմավարական նշանակությունը՝ հիմնադրամն այնտեղ 100 տուն կառուցելու հովանավորություն է ստանձնել, որոնց հողային աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ