«Հանուն հանրապետության» կուսակցությունն այսօր Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջեւ «Ընդդեմ Հայաստանի պետականության եւ ժողովրդի իշխանության դիրքավորված դատավորների» կարգախոսով բողոքի ցույց էր կազմակերպել: Գլխավոր թեման մարտի 1-ի գործով ՍԴ-ի կողմից քրօր. 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելն էր եւ այդ հիմքով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշումը:
Կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ելույթի սկզբում հայտարարեց, որ այս բողոքի ցույցերը կարող են շարունակական լինել: «Դրանք հավասարապես կարող են եւ այստեղ լինել եւ դատախազության դիմաց եւ Սահմանադրական դատարանի դիմաց եւ Ազգային Ժողովի դիմաց եւ կառավարության դիմաց, որովհետեւ այդ բոլոր պետական մարմինները հավասարապես պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար»,-ասաց նա:
Իսկ ելույթի ավարտին հայտարարեց. «Որպես ԱԺ պատգամավոր, մեզ շատ չի մնացել: Շուտով մենք գործընթացների արդյունքում ինքնալուծարման կենթարկենք Ազգային Ժողովը: Նաեւ դրանից հետո քաղաքական իրադարձություններ կլինեն»:
Նա ընդգծեց, որ այսօր իր շոշափած թեմաներն իրեն ուղեկցելու են նախընտրական փուլ եւ իրենց կուսակցությունը բարձր է պահելու մեր երկրում դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու դրոշը, մշտապես խոսելու է մարտի 1-ի իրադարձությունների մասին, այն մասին, որ ոչ մի օր չեն մոռանալու զոհերին, որոնք իրենց կյանքով, ըստ էության, իրենց զոհաբերելով, նահատակությամբ նաեւ այս ազատությունը բերեցին: «Մեր քաղաքական ուժը՝ «Հանուն հանրապետության» կուսակցությունը, հենց այս դրոշով է մասնակցելու առաջիկա ընտրություններին»,- վստահեցրեց Արման Բաբաջանյանը:
Կարդացեք նաև
Բողոքի ցույցի ավարտից հետո լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե վստահելի տեղեկություն արդեն ունի՞, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություն անպայման լինելու է, եթե առայսօր ՀՀ նախագահը համապատասխան հրամանագիր չի ստորագրել: «Չգիտեմ՝ կլինեն թե ոչ, բայց վարչապետը քիչ առաջ ԱԺ-ում հաստատեց, որ լինելու է»,-արձագանքեց պատգամավորը: Ճշտող հարցին, թե դա օրենքի խախտում չէ՞, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նախագահի հետ կան որոշակի պայմանավորվածություններ, որ նշված ժամկետում տեղի ունենան ընտրությունները: Ես հանդիպել եմ նաեւ ՀՀ նախագահին: Ընդհանուր տրամադրությունները նախագահի մոտ եւս այնպիսին են, որ հունիսի 20-ին տեղի կունենան այդ ընտրությունները»: Հարցապնդմանը, թե քանի դեռ պաշտոնապես ՀՀ նախագահի հրամանագիր հրապարակված չէ, արտահերթ ընտրությունների հստակ օր հայտարարելը, ի վերջո, օրենքի պահանջի շրջանցո՞ւմ է, թե՞ ոչ, Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ: Դա հանձնառություն է, որը գործող իշխանությունը ստանձնում է արտահերթ ընտրություն հայտարարելով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ