Այսօր ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Գոռ Գեւորգյանին ասաց. «Ես հարկ չեմ համարում ձեր հարցերին պատասխանել։ Դուք առհասարակ այդտեղ նստելու եւ հարց տալու իրավունք չունեիք․․․մի հատ հիշեք՝ որտեղի՞ց ու ոնց եք եկել»։
Գեւորգյանը ընդամենը ասել էր. «Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր՝ ես ամաչում եմ հնչեցված ծափերի համար, որովհետեւ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած գերիներ, չխնկարկված գերեզմաններ։ Դուք, որպես վարչապետ, պետք է ձեր թիմակիցներին փորձեիք սաստել»:
Այս առնչությամբ լրագրողները Գեւորգյանին հարցրեցին՝ հիշո՞ւմ եք, թե ոնց եք եկել խորհրդարան ու որտեղի՞ց: Նա պատասխանեց. «Հեգնական թող չթվա, Երեւանի բնակիչ եմ, իմ կենսագրության մանրամասներին չեմ ուզում անդրադառնամ, կայքում տեղադրված է: Անցել եմ ժամկետային զինծառայություն, պատմական գիտությունների թեկնածու եմ, դոցենտ եմ, ունեմ երկու կրթություն՝ միջազգային հարաբերություններ, ֆինանսներ եւ վարկ: Խորհրդարան գալուց առաջ եղել եմ ՀՀ ֆինանսների նախարարի օգնականը: Խորհրդարանում հայտնվել եմ «Իմ քայլի» ընտրացուցակով:
Կարդացեք նաև
Այս հարցն ուզում եմ վերջնականապես փակել, որ որեւէ հարց, շահարկում չլինի: Ես խորհրդարան եկել եմ «Իմ քայլը» ընտրացուցակով եւ ուզում եմ մի բան ակնարկել՝ 1-ին ընտրական տարածքում ներկայացված են եղել մի խումբ թեկնածուներ, որոնցից մեկը՝ ես: Ի տարբերություն ինձ, ով կուսակցական երբեւէ չի եղել, ես նույն ընտրատարածքում իմ ձայների քանակով հաղթել եմ այն մարդկանց, ովքեր եղել են հնաբնակներ այդ տարածքում, ունեցել են արդեն իսկ ճանաչելիություն: Ես չեմ ասում՝ ինչքան ձայն եմ հավաքել, կամ ում շնորհիվ եմ հավաքել, այդտեղ որ մասնաբաժինն է պատկանում «Իմ քայլին», որը՝ իմ եւ իմ շրջապատին, որոնք ինձ հետ միասին աշխատել են ողջ ընթացքում եւ այդ ձայների համար կրում են պատասխանատվություն այնքանով, ինչքանով ես, դա թող արդեն պատմությունը պատասխանը տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ