Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եկել է ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկաս վերադարձի պահը»

Ապրիլ 14,2021 16:26

«Ազատություն». «Եթե Ամերիկայի՝ Հարավային Կովկաս վերադարձի համար կա ավելի հարմար պահ, ապա դա հիմա է՝ թե՛ խոսքով, և թե՛ գործերով», – ամերիկյան հեղինակավոր Newsweek հանդեսում այս մասին են գրում Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն ու ադրբեջանցի ակտիվիստ ու լրագրող, ընդդիմադիր Meydan TV կայքի հիմնադիր Էմին Միլլին։

«Երբ անցած տարվա աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում առկա լարվածությունը վերաճեց պատերազմի, ակնհայտ էր, որ Միացյալ Նահանգները ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերում ներգրավված չէ», – գրում են հայ և ադրբեջանցի վերլուծաբանները՝ իրենց համատեղ հոդվածում հիշեցնելով, որ պատերազմի ողջ ընթացքում թե՛ ամերիկացիների, թե՛ եվրոպացիների՝ խաղաղություն հաստատելու ջանքերը նշանակալի բնույթ չէին կրում։

«Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարով։ Թուրքիան այս հակամարտության ընթացքում ևս մեկ կարևոր արտաքին խաղացող էր, որը, Ադրբեջանի դաշնակից հանդիսանալով, այնուհանդերձ համագործակցեց Մոսկվայի հետ՝ դրդելով պատերազմող կողմերին վայր դնել զենքերը», – նշում են Newsweek-ի հոդվածագիրները։

Արման Գրիգորյանի և Էմին Միլիի համոզմամբ, սակայն, այսօր ռազմական գործողությունների ավարտից ամիսներ անց, եկել է մի պահ, երբ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դերակատարություն ստանձնել Հարավային Կովկասում։
«Մոսկվան, Թուրքիայի հետ մեկտեղ, Լեռնային Ղարաբաղում ծավալված խաղաղապահ առաքելության ընթացքում կարող է և կենտրոնական դերակատարություն ստանձնել, սակայն, Միացյալ Նահանգներն է, որ հայերի և ադրբեջանցիների համար վստահելի գործընկեր հանդիսանալով և այլոց համեմատ ավելի մեծ կարողություններով օժտված լինելով, ի վիճակի է ներգրավվել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ նպաստելով դրանց հաջողությանը», – գրում են Newsweek-ի հեղինակները՝ հատուկ ընդգծելով, որ այդ հաջողությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ներգրավված պետությունները իրենց հակասություններն այլ տարածաշրջաններից չտեղափոխեն Հարավային Կովկաս։

«Միացյալ Նահանգների ներգրավումը Հարավային Կովկասում չպետք է մրցակցային լինի։ Տարածաշրջանում ներգրավված մյուս կարևորագույն պետությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ մրցակցությունը միայն կխաթարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Միայն ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ ձեռնարկած ներդաշնակ գործողություններով է հնարավոր կանխել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ևս մեկ սրացումը՝ հրադադարը վերածելով երկու կողմերի համար փոխշահավետ տնտեսական ու ենթակառուցվածքային ծրագրերի՝ նախագծերի, որոնք կնպաստեն կողմերի միմյանցից կախվածությանը և կվերականգնեն խզված միջհամայնքային կապերը», – նշում են Գրիգորյանն ու Միլլին։

Բացի այդ, հոդվածի հեղինակները կոչ են անում Վաշինգտոնում գործող Երևանի և Բաքվի լոբբիստներին այսուհետ որոշակի զսպվածություն ցուցաբերել։

«ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ իրենց պետք է շատ պարզ մի հարց տան՝ արդյո՞ք իրենք օգնում են Հայաստանին և հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման գործին, երբ ամեն հարմար առիթով հանդես են գալիս Ադրբեջանի դեպ պատժիչ գործողություններ ձեռնարկելու կոչերով։ Ադրբեջանի՝ Վաշինգտոնում գործող ավելի քիչ տեսանելի, սակայն ոչ պակաս հետևողական կողմնակիցները ևս նմանատիպ մեկ այլ հարց պետք է հնչեցնեն՝ եթե Հայաստանի և Միացյալ Նահանգների շահերը անհամատեղելի ներկայացնելու գործում իրենք հաջողության հասնեն, արդյո՞ք դա կնպաստի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատմանը»։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930