ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 15 անդամների հրաժարականների պատճառով ստեղծված իրավիճակին, նշեց. «Ստանդարտ իրավիճակ չէ եւ համալսարանի համար բոլորովին ցանկալի չէ… Պետք է լուծում գտնել այս վիճակից դուրս գալու»:
Գեղամ Գեւորգյանի ձեւակերպմամբ. «Սա որեւէ լավ տեղ չի տանելու»:
Նա հրաժարվեց պատասխանել այն հարցին, արդյոք կատարվածն ունի՞ քաղաքական ենթատեքստ: Ընդամենն ասաց. «Չմեկնաբանեմ մի բան, որի պատճառներին ծանոթ չեմ»:
Պատասխանելով լրագրողի հարցին` նա չհամաձայնեց հնչած այն կարծիքին, որ համալսարանում խորը ճգնաժամ կա. «Ճգնաժամ ասածը, հակադրությունն ու հակասությունը տարբեր բաներ են, օրինակ` ես վստահ եմ, որ ուսանողության ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի զգում, թե ինչ է կատարվում ԵՊՀ-ում, այլեւ իրեն հետաքրքիր էլ չէ: Դասախոսներից շատերին էլ հետաքրքիր չէ` հոգաբարձուների խորհուրդ եղավ, թե չեղավ, նա իր գործը պարտաճանաչ անում, գնում է տուն…Կա ճգնաժամ հոգաբարձուների խորհրդում, բայց ոչ ամբողջ համալսարանում, եւ այնպես չէ, որ համալսարանը տապալվում է»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ