Այսօր «Իմ քայլը» խմբակցության նորաթուխ պատգամավոր, ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը ԱԺ միջանցքում եկավ տեսախցիկների առաջ եւ հայտարարեց՝ «բա չե՞ք ուզում իմանաք, թե ես ինչի եմ ծափահարել»:
Հիշեցնենք, որ քննարկման առարկա էր դարձել այն, որ Արցախի տարածքների կորստի, զոհերի եւ այսքան գերիների պայմաններում իմքայլական պատգամավորները հոտնկայս ծափահարում էին Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Ինչպես հետո պարզ դարձավ, լրագրողների ուշադրությունն իր վրա կենտրոնացնելը առաքելություն էր, որն իրականացվեց բարեհաջող: Մինչ լրագրողները հավաքվեցին իր շուրջը ու փորձեցին լսել պատգամավորի հայտարարությունը, մյուս կողմից վարչապետը արագ մտավ նիստերի դահլիճ: Ըստ երեւույթին նա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում էր ու այդտեղից նիստերի դահլիճ ստիպված էր մտնել միջանցքով, որտեղ լրագրողներ էին հավաքված:
Հիշեցնենք, վարչապետ դառնալու առաջին շրջանում Նիկոլ Փաշինյանը, առանց կաշկանդվելու քայլում էր նախկին աշխատավայրի միջանցքներով ու մոտենում, բարեւում լրագրողներին, ճեպազրույցներ տալիս, պատասխանում հնչող հարցերին:
Կարդացեք նաև
Իսկ Վահագն Ալեքսանյանի հայտարարության բովանդակությունը հետեւյալն էր. «Ակնհայտ է, որ քաղաքական հրահանգ է իջեցվել տարբեր մեդիատիրույթներում տիրաժավորել ու շահարկման առարկա դարձնել, թե ինչու էինք մենք ծափահարում վարչապետի հայտարարությանը, որ ՀՀ-ն, Արցախը ունի ապագա: Հարկ եմ համարում նշել, որ ծափահարում էի անձամբ ես, որովհետեւ հավատում եմ, որ ՀՀ-ն ունի ապագա, Արցախն ունի ապագա՝ ի հեճուկս նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տեսնել մոխրացած ու այդ մոխիրների վրա կառուցեն իրենց հերթական դղյակները, քշել հերթական ամենանոր ջիպերը: Հավատում եմ, որ ՀՀ-ն ունի ապագա ու այդ ապագան ՀՀ-ն ունենալու է՝ անկախ նրանից, թե որ իշխանությունն ունի ՀՀ-ն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ