Խծաբերդի հատվածում գերեվարված Շիրակի մարզի 54 կամավորագրվածների հարազատները երեկվանից Շիրակի մարզպետարանում էին։ Նրանք մարզպետարանի աշխատակիցներին այսօր էլ արգելել էին աշխատանքի գալ, կառույցում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է, որն ակտիվորեն շփվում է բոլորի հետ։
Մարզպետարանում հսկողություն էին սահմանում նաև ոստիկանները՝ Գյումրու ոստիկանապետերից մեկի՝ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։
Անքնություն, հոգնածություն, արցունքներ․․․ Սա էր պատկերը, հարազատները ուժասպառ են եղել։
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում գերիներից մեկի հայրն ասաց․ «Մեր հավաքի նպատակը մեր իշխանությունների զգոնությունը բարձրացնելն է, այդ պատճառով մենք որոշել ենք կանգնեցնել մարզպետարանի աշխատանքը, երեկվանից չեն աշխատում։
Ինչ խոսք, սա շարունակություն կունենա անպայման, եթե խնդրին լուծում չտրվի։ Այսինքն՝ մեր՝ բոլոր ծնողների միաբերան պահանջն է, որպեսզի մեր երկրի ղեկավարը հանդիպում ունենա մեզ հետ այստեղ՝ Գյումրիում, ոչ թե Երևանում։
Անկեղծ ասած և՛ անհասկանալի է, և՛ նույնիսկ անընդունելի, երբ որ իշխանությունների կողմից չկա համապատասխան արձագանք։ Երեկվանից արդեն երկրորդ օրն է՝ ծնողներով նստած են, տեսնում եք՝ հարգարժան մայրերը նստած են, յուրաքանչյուր վայրկյան սպասում ենք լուրի, թե մեր երկրի հարգարժան ղեկավարը որ պահին պիտի այցելի այստեղ, մեզ տեղեկատվություն տա, առավել ևս երկու-երեք օր առաջ տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին։
Մենք նույնիսկ չգիտենք այս հարցը քննարկվել է, թե ոչ, մենք բոլորս սպասում էինք նրան, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքում մեր գերեվարված երեխեքի վերադարձի հարցը գուցե ստանա իր պատասխանը։
Մենք հոգեպես լարված վիճակում ենք, որովհետև շուրջ չորս ամիս է՝ մեր երեխեքը գերեվարված վիճակում են, մենք բավարար տեղեկատվություն նույնիսկ չունենք։ Օրեր առաջ Կարմիր Խաչը նամակներ բերեց, հատկացրեց մեզ մեր երեխաների կողմից գրված, բայց հարցեր ենք բարձրացնում, թե երեխաների ֆիզիկական վիճակն ինչպիսի՞ն է, առօրյան ինչպե՞ս է անցնում այնտեղ, որտեղ գտնվում են երեխաները, բացարձակ պատասխան չենք էլ ստանում։
Մեզ պատասխանում են, որ իրենք իրավասու չեն, իրենց իրավասությունների մեջ չի մտնում և անհասկանալի է ՝ ումի՞ց մենք կարողանանք վերջապես ճշտել, թե որտե՞ղ են, ի՞նչ է կատարվում մեր տղաների հետ և ի՞նչ հույսեր կան վերադարձի առումով»։
Նա անդրադարձավ նաև Բաքվից եկած դատարկ ինքնաթիռին։
«Մարդիկ բոլորը հասան Երևան, սակայն լրիվ ի չիք դարձան սպասելիքները, որը շատ ցավալի է, մարդկանց հոգեպես քայքայող պահ է» ։
Նա նշեց, որ չեն ուզում հույսը լրիվ մեռնի իրենց մեջ, գոնե կենդանի մնացած մարդկանց փրկեն, իսկ դա պետական մակարդակով պիտի լինի։
Գերիների հարազատները նաև նշեցին՝ եթե հստակություն չլինի, պատասխան չստանան, այլ կառույցների աշխատանքը ևս կաթվածահար կանեն:
«Յուրաքանչյուր վայրկյանը մեր երեխաների գոյության հարցն է», -ասաց մեր զրուցակիցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ. Գ. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գերիների հարազատները ուժայինների հետ հանդիպումից հետո բացել են մարզպետարանի դռները: