Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՊՀ խորհրդի անդամների վրա ճնշում գործադրելու փորձեր են արվել». Կառլեն Խաչատրյան

Ապրիլ 14,2021 15:32

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված 15 անդամների հրաժարականներին՝ նշեց. «Ակնհայտ է, որ սա կազմակերպված է կառավարության եւ լիազոր մարմնի կողմից, որովհետեւ հրաժարականի դիմում ներկայացրած 15 անձինք հենց կառավարության կամ նախարարության քվոտայով են նշանակված:

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ 11 հոգին հենց նույն օրը ապրիլի 8-ին են դիմում գրել, այնուհետեւ 3-ը` ապրիլի 9-ին, 1-ը` ապրիլի 12-ին: Ընդ որում, դիմումներում միայն ՀԲԸՄ նախագահ պարոն Յակուբյանն է պատճառաբանություն նշել, մնացածը 1-2 տողանոց դիմումներ են գրել, որ խնդրում ենք դադարեցնել մեր լիազորությունները ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում»:

Կառլեն Խաչատրյանի խոսքով, պատճառաբանություն, ըստ էության, չկա եւ ակնհայտ է, որ խորհուրդն այս դիմումների մասին երեք տարբեր նամակների միջոցով իմացել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի միջոցով. «Այդ նամակները ԵՊՀ խորհուրդ հասել են ԿԳՄՍ նախարարի խորհրդականի էլեկտրոնային փոստից, ինչը թերեւս եւս մեկ անգամ ապացուցում է այս պրոցեսի կազմակերպված լինելը: Մենք նաեւ տեղեկություններ ունենք, որ փորձեր են արվել նաեւ մյուս անդամների վրա ճնշում գործադրելու, որովհետեւ համալսարանի կանոնադրությունը հստակ ամրագրում է, որ եթե 16 անդամ, այսինքն՝ 50 տոկոսը հրաժարականի դիմում է ներկայացնում, ապա խորհրդի լիազորություններն ավտոմատ դադարեցվում են: Բայց փաստացի այս պահին բարեբախտաբար կարող ենք նշել, որ իշխանություններն իրենց ուզածին չեն հասել, ուղղակի մի փոքր կազուսային իրավիճակ է ստեղծվել»:

Կառլեն Խաչատրյանը պնդում է, որ անգամ այս կազմում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն իրավազոր է:

 Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930