Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաժարականի դիմում՝ ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ին ուղղված սուր քննադատությամբ

Ապրիլ 14,2021 15:14

Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը հրաժարվել է ամբիոնի վարիչի ժ/պ-ի պարտականություններից։

Նա իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանին ուղարկված դիմումը, որը սուր քննադատություն է հենց ռեկտորի ժ/պ-ի հասցեին։

Հովհաննես Խորիկյանը իր դիմումի մեջ գրել է․ «Չհանդուրժելով բուհի կառավարման ձեր կործանարար քաղաքականությունը՝ սույն թվականի ապրիլի 14-ից հրաժարվում եմ ամբիոնի վարիչի պաշտոնակատարի պաշտոնից ՝ պահպանելով պատմական գիտությունների դոկտոր, դոցենտի մեկ դրույքաչափ ծանրաբեռնվածությունս և գիտական խորհրդի ընտրված անդամի կարգավիճակս»։

Հովհաննես Խորիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ էլ հեգնել է․ «4 տարի պաշտոնակատար միայն աննորմալ հիմնարկում ու երկրում կարող են լինել…»։

Հովհաննես Խորիկյանը մեր զրույցում ասաց․ «Երվանդ Սերոբյանն անգործության մատնված մարդ է, մտածում է միայն անձնական բարգավաճման մասին։ Թող այս հեղափոխական իշխանությունները ստուգեն, թե այս երեք տարվա մեջ իրենց սիրելի ռեկտորի ժ/պ-ն ինչ նյութական ձեռքբերումներ ունի։

Ասեմ նաև՝ միայն այս բուհում է, որ դոկտոր ես դառնում ու աշխատավարձդ չի բարձրանում, նման խայտառակություն գոյություն չունի։ Ուրիշ բուհերում միանվագ հավելավճար են տալիս ու աշխատավարձը բարձրացնում եմ։ Այս բուհում Սահակ Մինասյանը չեղյալ է համարել»։

Հովհաննես Խորիկյանը 2016-2017 թվականններին զբաղեցրել է պատմության, իրավագիտության և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի վարիչի պաշտոնը, 2017 թվականի մայիսից էլ մինչև այսօր ամբիոնի վարիչի պաշտոնակատար է։

Ըստ Հովհաննես Խորիկյանի, Երվանդ Սերոբյանը ռեկտորի երեք տարվա պաշտոնակատար է, որը օրենքի խախտում է։ Նրա ձևակերպմամբ՝ ռեկտորի ժ/պ նշանակվել է ապօրինի ձևով՝ բուհի կանոնադրությունը խախտելով։

Հովհաննես Խորիկյանը նաև նշեց, որ Երվանդ Սերոբյանը շատ բուռն մասնակցություն է ունեցել նախկին ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի պաշտոնավարման ժամանակ իրեն աշխատանքից ապօրինի ազատելու հարցում։ Այդ ժամանակ վերջինս էթիկայի հանձնաժողովի անդամ է եղել, և ՀՀԿ-ական ռեկտորի կողմից նշանակված է եղել պրոռեկտոր։

Մեր զրուցակցի ասելով, Երվանդ Սերոբյանը ռեկտորի ժ/պ դառնալուց հետո անօրինական նկատողություն է տվել իրեն, որը, սակայն, բողոքարկվել է դատական կարգով, առաջին ատյանի դատարանն անօրինական է համարել։ Բուհի ղեկավարությունը դիմել է Վերաքննիչ դատարան, որն էլ, ըստ Հովհաննես Խորիկյանի, անհասկանալի պատճառներով, հետ է ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Այս թեմայի շուրջ կլսենք նաև ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930