Կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ներկայացված 15 անդամներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԿԳՄՍ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը եւս այդ թվում են: Aravot.am-ի հարցմանն ի պատասխան եւ տիկին Անդրեասյանը եւ պարոն Մարտիրոսյանը իրենց բացակայությունը պատճառաբանել էին զբաղվածությամբ:
Ժաննա Անդրեասյանը նույն թեմայով հրավիրված ասուլիսում նշեց, որ սա ամենակարեւոր եւ հաճելի առիթը չէ քննարկման, որովհետեւ կուզենային բուհերի և, ընդհանուր առմամբ, գիտության զարգացմանն ուղղված իրենց քայլերի շրջանակում ունենալ բովանդակային խոսակցություն, բայց ստիպված են ասուլիս հրավիրել. «Քանի որ հարցը ստացել է հանրային հնչեղություն եւ հնչում են տարբեր բնույթի մեղադրանքներ, առ այն, որ մենք որպես հոգաբարձուների խորհրդի անդամներ գտնվել ենք անտարբեր բուհի խնդիրների հանդեպ, չունենք սրտացավություն, մտահոգված չենք բուհի զարգացման հեռանկարներով»:
Նա ներկայացրեց այն պատճառները, թե ինչի արդյունքում է նման որոշում կայացվել: Ասաց, որ այն ամենի մասին, ինչ խոսելու են՝ փաստեր են, որոնք հասանելի են բաց աղբյուրներում: Ի թիվս այլնի, փոխնախարարը հիշեցրեց այս տարվա հունվարի 29-ին տեղի ունեցած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի մասին: Ասաց, որ ինչպես որ կարգն է, իրենք ծանուցվել էին`որպես հոգաբարձուների խորհրդի անդամներ օրակարգի եւ նյութերի վերաբերյալ, իրենց ուղարկվել էին նաեւ խորհրդի որոշման նախագծերը:
«Հենց առաջին հարցը, որ տրվեց հունվարի 29-ի նիստի քննարկմանը, հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու հարցն էր: Կուզեի ընդգծել, որ մեզ ուղարկվել էր մի տարբերակ, որում առաջարկվել էր աշխատակարգում ավելացնել նոր կետ, որով ձեւակերպվում էր, որ խորհրդի նախագահի բացակայության պայմաններում խորհրդի քարտուղարը, եթե տվյալ բուհում սովորող չէ, ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները մինչեւ խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը, եւ նախագահի եւ քարտուղարի բացակայության պայմաններում խորհրդի նախագահի լիազորությունները խորհրդի առաջին նիստի իրավական համանմանության հիմքով իրականացնում է տարիքով ավագ անդամը, իսկ քարտուղարինը` կրտսեր անդամը:
Կարդացեք նաև
Երբ քննարկում ծավալվեց այս կետի շուրջ, հիմնական հիմնավորումը, որ բերվեց՝ այն էր, որ ըստ էության, առկա է իրավական բաց, եւ խորհրդի նախագահի պաշտոնի թափուր լինելու պայմաններում հստակ կանոնակարգում չկա, թե ով պետք է հրավիրի նիստը եւ նախագահի այն: Եվ աշխատակարգի այս փոփոխությունը ներկայացված էր, որպեսզի մենք չունենանք իրավական խնդիր եւ այն պայմաններում, եթե խորհրդի նախագահ չընտրվի, իսկ հունվարի 29-ի նիստում հարցերից մեկն էլ խորհրդի նախագահի ընտրությունն էր, ապա կունենանք իրավական հստակ կարգավորում հաջորդ նիստ հրավիրելու, խորհրդի նախագահի ընտրության թեմայով»,-պարզաբանեց Անդրեասյանը:
Նա հավելեց, որ հարցի քննարկումը բերել է երկու փոփոխությունների, որի մասին խորհրդի նիստի տեսագրությունը հասանելի է ԵՊՀ կայքում: Փոխնախարարն ասում է, որ երբ հարցի քննարկումն ավարտվել է եւ անցել են քվեարկությանը, որեւէ անդրադարձ չի եղել այն դիտարկմանը, որ քարտուղարը ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները մինչեւ խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը:
Նրա խոսքով, փաստորեն, որպես հոգաբարձուների խորհրդի որոշում ե հաստատված փաստաթուղթ, ներկայացվել է մի տեքստ, որի համար խորհուրդը չի քվեարկել, հետեւաբար որևէ կերպ չի լիազորել քարտուղարին՝ հրավիրել նիստ, որում ներառված չէ որպես առաջին հարց` նախագահի ընտրության խնդիրը։ Ժաննա Անդրեասյանի ձեւակերպմամբ, այս պարագայում նշյալ գործողությունները իրավական դաշտում չեն և իրավաչափ չեն: Նա կարծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը նոր խորհրդի ձևավորումն է: «Իմ քայլով ցանկացել եմ նշել, որ այս միջավայրը մեզ ոչ մի տեղ չի տանում»,-շեշտեց նա։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ