Հայաստանում մոտ ապագայում սպասվում է ծնունդների անկում։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։ Նա նկատեց՝ մեր երկրում ժողովրդագրական խնդիրները նոր չեն, դրանք ձեւավորվել են ՀՀ անկախացումից հետո՝ 1991 թվականից, երբ տեղի ունեցավ մեծ արտագաղթ, իսկ հիմա դրա պտուղներն ենք քաղում։
«Այսօր հիմնական խնդիրը ծնելիության բավարար աճն ապահովելն է, քանի որ մոտակա ժամանակահատվածվում սպասվում է ծնունդների անկում, եւ անհրաժեշտություն կա ծնելիության հաճախության բարձրացմանն ուղղված ծրագրեր իրականացնել, որպեսզի անկումը շատ չլինի եւ չմտնենք դեպոպուլյացիոն փուլ։ Այսինքն՝ ՀՀ-ում չարձանագրվի բացասական բնական աճ, քանի որ մինչ օրս մեզ փրկել է այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք բնական աճի դրական գոտում»,-ասաց պարոն Մարկոսյանը։
Նա հիշեցրեց՝ 1991 թվականից հետո մոտ 1 միլիոն 120 հազար արտագաղթ է եղել, եւ եթե այս հանգամանքը հաշվի առնենք, ապա մեր բնակչության թիվը ավելի քիչ պետք է լիներ, քան հիմա կա, իսկ մեզ փրկել է այն, որ այդ ժամանակահատվածում ունեցել ենք 500 հազարից ավելի բնական աճ, որը որոշ իմաստով փոխհատուցել է արտագաղթին։
Ծնելիության անկում է սպասվում, քանի որ 2000-ականների երկրորդ կեսի սերունդը, որը մտնում է ամուսնության տարիք, քիչ է, 42%- ով քիչ է, նաեւ մայրական կազմն է քիչ լինելու։
Կարդացեք նաև
«Առաջին երեխաների ծնունդների թիվը կրճատումը սկսվել է 2010 թվականից։ Ծնունդները անկում եղավ 2001-2002-ին, հետո, քանի որ 80-ականների սերնդի ամուսնության տարիքն էր մուտք գործում, արձանագրվեց ամուսնությունների աճ, դա ազդեց ծնունդների աճի վրա։ 2002-2010 թվականներին ծնունդների աճը 32 հազարից հասավ 44 հազարի, սակայն հետո սկսեց նվազել։ Նախորդ տարի Հայաստանում 36 հազար 408 ծնունդ է արձանագրվել, բայց ի տարբերություն 2019-ի, նախորդ տարի բացարձակ թվով 407-ով աճել են ծնունդները։ Սա առաջին անգամ էր 2014 թվականից ի վեր»,-ասաց պարոն Մարկոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ ծնունդների թվի նվազման վրա մեծապես ազդում է արտագաղթը, տղամարդիկ հեռացել էին, կանայք՝ մնացել, եւ ի վերջո չկարողացան ամուսնանալ:
Փորձագետը վստահ է՝ երեխայի ծննդի վրա ազդեցություն է ունենում ֆինանսական աջակցությունը, նպաստներն ու բնակարանային խնդիրների լուծումը, սակայն երկարաժամկետ արդյունք ապահովելու համար գլխավորը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է։
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտանիքներում կանայք, որոնք ցանկանում են երրորդ եւ հաջորդ երեխան ունենալ 42% -ն են, բայց այսօր երրորդ եւ հաջորդ երեխաններն երեխաների ընդհանուր կարգաթվում մոտ 25% են։ Այսինքն՝ իրականությունն ու ցանկալին իրարից հեռու են, եւ այստեղ պետք է պետական քաղաքականությամբ պայմաններ ստեղծվեն։ Պետական ծրագրերը նպաստում են, իհարկե, բայց անհրաժեշտ է, որ մեզ մոտ ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացում լինի»,-ասաց Արտակ Մարկոսյանը։
Ուշագրավ է, որ գյուղական բնակավայրերում մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվն ավելի ցածր է, քան քաղաքային բնակավայրերում, եւ ինչպես փորձագետը նշեց, սա մի քանի գործոնով է պայմանավորված՝ կիկին՝ արտագաղթը, գյուղական բնակավայրերի կյանքի որակը, կրթության, առողջապահության որակը եւ այլն;
Վերջերս շրջանառության մեջ է դրվել «Բազմազավակ ընտանիքի մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է բազմազավակ ընտանիքի կարգավիճակը՝ 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներն են։ Առաջարկվում է, ինչպես փորձագետն ասաց, դրամական աջակցություն ստանան ըստ երեխաների քանակի եւ աճողական կարգով․ «Եթե առաջարկություններն ընդունվեն, ապա բազմազավակ ընտանիքները, որոնք հիմնականում սոցիալապես անապահով են, դուրս կգան անապահովության համակարգից, եւ սա լուրջ բարեփոխում կլինի»։
Նաեւ առաջարկվում է այս ընտանիքների երեխաներին կրթության վարձավճարի փոխհատուցում տրամադրել, բնակարանային խնդրի լուծում եւ այլն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ