«Նաեւ լրագրողներն են այդ հարցով դիմում ինձ։ Պարոն վարչապետ, այնուամենայնիվ, թուրքերը մեր թշնամինե՞րն են, թե՞ ոչ»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ ես այս բանավեճը չեմ հասկանում։ Մե՞նք ենք, որ պետք է պատասխանենք այդ հարցին։ Դա քննարկման առարկա էլ չի։ Իրենք էլ մեզ են թշնամի համարում։ Հարցն ուրիշ տեղում է՝ այս թշնամության հետ ի՞նչ ենք անելու։ Ինչքա՞ն ենք էսկալացնելու թշնամությունը․․․խնդիր ենք դնում, որ մենք իրենց ոչնչացնենք, իրենք էլ՝ մե՞զ։ Ոչ, կարծում եմ՝ նման խնդիր չպետք է ձեւակերպենք։ Բայց իրենք էլ չպետք է ձեւակերպեն նման խնդիր։ Մենք չենք կարող միակողմանիորեն որոշել, որ իրենք թշնամի չեն։ Բայց իրենք էլ չեն կարող միակողմանիորեն որոշել, որ մենք թշնամի չենք։ Անգամ փոխադարձաբար մենք չենք կարող որոշել, որ թշնամի չենք, որովհետեւ պատմականորեն մենք թշնամի ենք։ Հարցն այն է, թե ինչ ենք անում հետո, ինչպե՞ս ենք կառավարում այդ թշնամությունը։ Որոշակի շրջանակի մեջ ենք դնո՞ւմ թշնամությունը, թե թողնում ենք, որ այն դառնա անկառավարելի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ