«Ձեր ելույթում մեղավոր են բոլորը՝ նախկինները, Մինսկի խումբը, հանրությունը, գեներալները։ Ուզում եմ հասկանալ՝ ձեր մեղքի բաժինը չեք տեսնո՞ւմ։ Կամ, ի՞նչ է նշանակում, թե գեներալները որոշում էին, իսկ դուք մոդերացիա էինք անում։ Դուք չէիք այս ամբիոնից ասո՞ւմ, որ գերագույն գլխավոր հրամանատար եք։ Դուք մոդերատո՞ր եք, թե վարչապետ ու գերագույն գլխավոր հրամանատար»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր այդ թվում ասել էր, որ «Լելե թեփե» բարձունքի ուղղությամբ հայկական կողմի ռազմական գործողությունը պլանավորել են գեներալները, իսկ ինքը մոդերացրել է այդ մասին խոսակցությունը։
Փաշինյանը նախ պատասխանեց՝ քանիցս ասել է, որ ինքն է թիվ մեկ պատասխանատուն․ «Այո, ունեմ մեղավորության իմ բաժինը, բայց դա չի նշանակում, թե ոմանք պետք է առիթավորվեն․․․ինչ վերաբերում է մոդերացիային, ապա այո, ես ինձ իրավունք չեմ վերապահել մտնել ռազմական գործի նրբությունների մեջ։ Այդ օպերացիան չի եղել ամենեւին «Լելե թեփեն» գրավելու մասին, այլ եղել է ճեղքման սեկտորը փակելու մասին»։
Կարդացեք նաև
Գեւորգ Գորգիսյանը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանի պահվածքից, ելույթներից չի զգացվում, թե ինքն իրեն մեղավոր է զգում․ «Դուք անընդհատ փորձում եք արդարանալ՝ անընդհատ վնաս հասցնելով ՀՀ-ին, ասում եք իրար հակասող բաներ։ Դուք ասում էինք, որ Արցախի հարցը մի գիշերում չի լուծվելու, բայց այդպես արեցիք։ Նույն ինքնավստահ սնապարծությամբ եք շարունակում ձեզ պահել»։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Գորգիսյանի հետ վիճելն անիմաստ է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ