Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուղեկցել զինվորական ծառայությունից վերադարձող երիտասարդներին դեպի հաջողություն․ Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր նախաձեռնությունը

Ապրիլ 14,2021 13:59

Անձնային և մասնագիտական զարգացումը տարիներ ի վեր Հայաստանում ֆրանսիական համալսարանի առաջնահերթություններից են եղել։ Նպատակը մեկն է՝ աջակցել յուրաքանչյուրի աճին և հաջողությանը։ Մինչդեռ վերջերս արված ներքին ուսումնասիրությունը ցույց է տվել մի կարևոր առանձնահատկություն․ ՀՖՀՀ-ում ծառայությունից վերադարձող երիտասարդների 55%-ից ավելին դժվարությամբ է վերաինտեգրվում ուսումնական գործընթացին։ Այս եզրակացությունը ՀՖՀՀ-ին դրդեց մեկնարկելու նոր նախագիծ՝ UFAR PREMS’ (plan de réintégration des étudiants ex-militaires vers le succès)՝ աջակցություն զորացրված ուսանողներին ակադեմիական հաջողության հասնելու համար։

Ապրիլի 12-ին, կայացավ նախագծի մեկնարկային ժողովը։ «ՀՖՀՀ-ի նպատակն է ծառայությունից վերադարձող ուսանողներին տալ բոլոր հնարավորությունները հաջողելու համար, մեծացնել նրանց աշխատունակությունը՝ կազմելով անձնական և մասնագիտական ծրագիր, բացել նրանց առջև աշխարհի դռները՝ աշխատելով լեզվական հմտությունների վրա», -նշեց ՀՖՀՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարը։

Այսպիսով, ՀՖՀՀ-ի՝ զինվորական ծառայությունից վերադարձող բոլոր ուսանողներն անվճար կօգտվեն այս ծրագրից, որը բաղկացած է մի քանի փուլից՝ անձնային թեստեր, մասնագիտական ուղղվածության թեստեր, մասնագիտական նախագծի մշակում, արդյունավետ ուսումնառության մեթոդիկա, օտար լեզուների դասընթացներ, մասնագիտական դասընթացների մենթորինգ, ոգեշնչող դասախոսություններ, և այս ամենը՝ տարբերակիչ մանկավարժության մեթոդների կիրառմամբ, այսինքն՝ յուրաքանչյուր դեպքին անհատական մոտեցմամբ։ ՀՖՀՀ-ի ռեկտորն ընդգծեց․ «Մեր երիտասարդները ծառայում են Հայաստանին 2 տարի և հպարտ են, որ իրենց պարտքն են մատուցել ազգին։ Հիմա համալսարանի հերթն է՝ օգնելու նրանց վերադառնալ ուսումնական կյանքին»։

UFAR PREM’S նախագծի առաջին շահառուները թվով 21-ն են, իսկ սեպտեմբերին նրանց թիվը կավելանա 20-ով։ ՀՖՀՀ ուսումնական գծով տնօրեն Զարուհի Սողոմոնյանն էլ իր հերթին հավելեց․ «Այս նախագծի իրականացումը հնարավոր է շնորհիվ անձնակազմի, կամավորների և անկախ մասնագետների ներգրավվածության»։

Նախագծի մասին մանրամասներ իմանալու կամ նախագծին աջակցելու ցանկության դեպքում կարող եք կապ հաստատել՝ [email protected] էլ․ հասցեով։ 

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից  մեկն է, որը շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական: Համալսարանի ակադեմիական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը (որի բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերը  Eduniversal 2018-2019թթ. ցանկի լավագույն հնգյակում են) և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը (աշխարհի լավագույն համալսարանների ցանկի 45-րդ հորիզոնական)։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի ավելի քան 1300 ուսանող, 12 դոկտորանտ և ավելի քան 2500 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2005-2019 ուստարիների շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս 92%-ն ապահովված է աշխատանքով:

Հայաստանում ֆրանսիական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930