«Այդ հայտարարությունն անհեթեթ է, իսկ հեղինակը մեծ խնդիր ունի։ Խնդիրն այն է, որ երբ նա բարձրաստիճան զինվորական լինելով՝ փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչեւ այսօր ՀՀ ԶՈՒ տրամադրության տակ է»,-ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավոր Թագուհի Թովմասյանի խնդրանքով նա անդրադարձել էր մեղադրանքներին, թե պատերազմի օրերին դադարեցվել է զորքերի համալրումը։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը պատերազմից հետո հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանի հրամանով դադարեցվել է զորքերի համալրումը։ «Ընդ որում, պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ։ Եւ այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում անընդհատ հարցազրույց է տալիս եւ գեներալ-գնդապետի ուսադիրներով իր համար հիմնական «օպոնենտ» է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը, կարծում եմ՝ նա շատ խնդիրներ ու բարդույթներ ունի։ Նա դեռ հարցերի պետք է պատասխանի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ապա հեգնեց․ «Իմիջիայլոց, այդ մարդուն կարելի է անվանել 7-րդ պաշտպանական շրջանի արծիվ, թե ոնց էր հազարի տակ ուզում փախներ եւ բոլորին փախցներ այդտեղից․․․չնայած, արծիվները չեն վազում, ջայլամներն են լավ վազում»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ի պատասխան այս պնդումների՝ ArmLur.am-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանն ասել է. «Նա ստախոս հիվանդ է, այդքանը կարող եմ ասել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ