Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նիստի ընթացքում ապրիլի 14-ին ներկայացվեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հիշեցրեց՝ հունվարին կայացած մրցույթների արդյունքում մնացել է մեկ ազատ սլոթ ու մանրամասնեց. «Հունվարին անցկացվեցին մրցույթներ՝ հանրային մուլտիպլեքսի հանրապետական, մայրաքաղաքային, մարզային սլոթերի համար: Մրցույթները կայացան, և արդյունքում մնաց մեկ ազատ՝ մայրաքաղաքային սփռման սլոթ: Այսօր մենք օրակարգով լսում ենք այն ընկերությունների հայտերը, ծրագրերը, որոնք մասնակցում են մայրաքաղաքային սլոթին տիրապետելու համար»:
Մայրաքաղաքային սլոթին տիրապետելու համար մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք ընկերություն «Փաստինֆո» ՍՊԸ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ընկերությունը և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:
«Փաստինֆո» գործակալության ծրագիրը ներկայացրեց Կարեն Քոչարյանը: Նա մասնավորապես ասաց. «Մեր սկզբունքն է մատուցել ստուգված տեղեկություններ, հնարավորինս ապահովել բազմակարծություն և լինել անաչառ: Թեև սլոթը Երևանի համար է, բայց ՀՀ մարզային կյանքին ևս անդրադառնալու ենք»:
Կարդացեք նաև
Նա ներկայացրեց մի քանի հեռուստանախագծեր: Օրինակ՝ «Ստարտ ափ շոու»-ն, որի ժամանակ երիտասարդները թիմերով կներկայացնեն բիզնես ծրագրեր, և մենթորները կամ ժյուրին հավանություն տալու դեպքում պետք է ներդրում կատարեն այդ ծրագրում:
Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը նշեց՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ընկերության ծրագիրը ներկայացվում է հոլովակի տեսքով: Ներկայացվեց հեռուստաընկերության անցած ճանապարհը, առաջնահերթությունները, ծրագրային քաղաքականությունը և այլն:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն իրենց ծրագիրը ներկայացնելուց առաջ նշեց. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկրորդ անգամ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դիմում է մրցույթի: Նախորդ անգամ ինչպես անկեղծ էինք ծրագիրը ներկայացնելիս, այնպես և անկեղծ էինք դրա իրականացման հարցում, և քանի որ կարող էին խնդիրներ առաջանալ, նամակով դիմեցինք հանձնաժողովին, որ վերադարձվի մեր հայտը: Այս անգամ դիմում ենք լրատվական 24-ժամյա ալիքի լիցենզիա ստանալու համար»:
Նա վստահեցրեց՝ Հանրայինը դառնալու է հեռուստաընտանիք, որպեսզի հանրության տարբեր շերտերի համար հեռուստաարտադրանք ստեղծեն: Նա նաև հայտնեց՝ նախատեսում են նոր կադրերի ներգրավում հեռուստաընկերության աշխատանքներում:
Տիգրան Հակոբյանը հայտնեց՝ նիստն ընդհատվեց մինչև հիսուն օր ժամկետով, որի ընթացքում հանձնաժողովը կծանոթանա փաստաթղթերին, որպեսզի որոշում կայացնի:
https://www.youtube.com/watch?v=lKFtMA8spxo&ab_channel=AravotDaily
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ